Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոչ ոք չի կարող հավատալ, որ ԼՂ դեմ ռազմական գործողությունը կանխամտածված չի եղել. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ոչ ոք չի կարող հավատալ, որ ԼՂ դեմ ռազմական գործողությունը կանխամտածված չի եղել. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Քաղաքականություն
23:51, 21 сентябрь 2023
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց` Ֆրանսիան հրատապ նիստ է հրավիրել` հաշվի առնելով իրավիճակի լրջությունը։
«Մի քանի շաբաթ մեծածավալ զորք և ռազմական տեխնիկա կուտակելուց հետո Ադրբեջանը որոշեց մեծամասշտաբ գործողություններ նախաձեռնել, որոնք իրականացվում էին մեծ մասշտաբով և հետևանքներ առաջացնում քաղաքացիական բնակչության համար, գործողություն, որ ոչ ոք չի կարող հավատալ, որ կանխամտածված չի եղել: Ֆրանսիան անմիջապես և կտրուկ դատապարտեց այս անընդունելի հարձակումը, մենք միակ երկիրը չենք, մի շարք երկրներ ևս ժխտում են այս վարքը` կոչ անելով Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել: Այս գործողության հետևանքը հատկապես ծանր եղավ, այստեղ մարդիկ են զոհվել, քաղաքացիական անձինք, այդ թվում`երեխաներ»,- 1lurer-ի փոխանցամամբ՝ աս նա:

Կոլոննան նշեց` հրադադարը կենսական կարևորություն ուներ, կարևոր է այն պահպանել: Նա ընդգծեց` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չէ, որ հարցի տակ է դրվում, վտանգված է ԼՂ-ում ապրող հայ ժողովրդի` իրենց իրավունքներով ու պատմությամբ ու մշակույթի հարգմամբ ապրելու հնարավորությունը, բայց այդ հնարավորությունը չկա, եթե ուժեղ կողմը թույլի նկատմամբ դիտավորյալ ուժ է գործադրում:

«ԼՂ-ն որքան ժամանակ է շրջափակման մեջ է, ինչը թույլ չի տալիս ստանալ սնունդ, դեղորայք և էլեկտրաէներգիա: Ֆրանսիան ի գիտություն է ընդունում նախագահ Ալիևի երեկվա հայտարարությունը, որով նա ասում է, որ ցանկանում է խաղաղության մեջ ապրել ԼՂ հայերի հետ և պահպանել նրանց իրավունքները, այդ բառերը Ադրբեջանի հանձնառությունն են, նրանք պատասխանատվություն են կրում բնակչության ճակատագրի համար: Եթե նա ցանկանում է խաղաղ և բանակցված լուծման հասնել, ապա պարտավոր է հենց այստեղ շոշափելի երաշխիքներ տալ, բարեխղճորեն քննարկումներ ծավալել, որ չի գործադրի ուժ կամ ուժի սպառնալիք, պարտավոր է ապահովել համաներում այն զինվորականների, ուժերի նկատմամբ, որ ընդունել են հրադադարը, պարտավոր է արագ և առանց ձգձգման ապահովել Լաչինի միջանցքով երթևեկությունը, պարտավոր է ընդունել միջազգային մարդասիրական ներկայությունը ԼՂ-ում, որը կենսական է, քանի որ մոտենում է ձմեռը»,- ասաց նա:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշեց` առաջին անգամ չէ, որ Ֆրանսիան այս խորհրդին տեղեկացնում է, թե որքան ծանր է իրավիճակը ԼՂ-ում, առաջին անգամ չէ, որ կոչ են արել ուժերը համախմբել, որ խուսափեն դրամայից և հետագա ապակայունացումից:

«Եթե մենք դա անենք, հանցակից կլինենք բնակչության զանգվածային արտագաղթին: ԼՂ բնակչության մոտ 10 տոկոսը տեղահանվել է Ադրբեջանի հարձակողական գործողության հետևանքով: Պետք է զգոն մնալ, եթե որևէ փորձեր արվեն Հայաստանը ներքաշել այս ողբերգական իրադարձությունների մեջ և դա օգտագործեն որպես պատրվակ` հարցականի տակ դնելու համար ՀՀ տարածքային ամբողջականությունը: Վարչապետ Փաշինյանը ցուցաբերել է իր պատասխանատու մոտեցումը, ցանկությունը` գտնելու խաղաղ լուծում: Ֆրանսիան ուժերը կենտրոնացրել է, մենք կշարունակենք դա անել որպեսզի ապահովենք խաղաղություն Հարավային Կովկասում»,- ասաց Կոլոննան: