Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ընդհանուր ի՞նչ չափի կաշառքի մասին է խոսքը»․ Արտակ Գալստյանը՝ դատախազության ներկայացուցչին

«Ընդհանուր ի՞նչ չափի կաշառքի մասին է խոսքը»․ Արտակ Գալստյանը՝ դատախազության ներկայացուցչին
Քաղաքականություն
22:36, 12 июль 2021
2021թ․-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի բաժանման դեպքերով հարուցվել է 26 քրեական գործ։ Այս մասին այսօր ՍԴ նիստում հայտարարեց երրորդ կողմ հանդիսացող ՀՀ դատախազության ներկայացուցիչ Սեւակ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր միասնական վարույթում շարունակում է քննել ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի քսանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:

«Հայոց հայրենիքի» ներկայացուցիչ Արտակ Գալստյանը Սեւակ Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչ ծավալի կաշառքի մասին է խոսքը։ Դատախազը պատասխանեց․ «Դատախազության կողմից նման վիճակագրություն չի վարվել։ Կաշառքի գումարի չափը տվյալ գործի համար է, ընդհանուր վիճակագրություն չկա, թե գումարը որքան է կազմում»։

Սեւակ Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ կեղծ քվեաթերթիկի առնչությամբ էլ մեկ քրեական գործ է հարուցվել։ «ԿԸՀ-ն ասել է, թե դա իրենից ոչինչ չի ներկայացնում, բայց քրեական գործ է հարուցվել։ Սա ո՞նց հասկանանք»,-հարցրեց Արտակ Գալստյանը։ Սեւակ Հովհաննիսյանը պարզաբանեց․ «ՔՕ-ն սահմանել է կեղծ քվեաթեթրիկներ պատրաստելու հանցակազմը։ Մենք հաստատել ենք դա։ Դատողությունները՝ նախաքննության ավարտից հետո»։