Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախատեսված է, որ վարչապետին փոխարինում է փոխվարչապետերից մեկը, նաև Կառավարության նիստում դա պետք է սահմանվեր․ Արամ Վարդևանյան

Նախատեսված է, որ վարչապետին փոխարինում է փոխվարչապետերից մեկը, նաև Կառավարության նիստում դա պետք է սահմանվեր․ Արամ Վարդևանյան
Իրավունք
16:58, 10 июль 2021
Այսօր Սահմանադրական դատարանը շարունակում է քննել հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները վիճարկող «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների և «Զարթոնք», «Հայոց Հայրենիք» կուսակցությունների դիմումները։ 

Նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանին ուղղված հարցում նշեց, թե արդյո՞ք վերջինս կորակեր որպես Սահմանադրական ճգնաժամ այն իրավիճակը, երբ երկրում չի լինում գործադիր իշխանության ղեկավար։ Արամ Վարդևանյանը նշեց, որ երբ իրենք նշում են, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է շարունակեր հրաժարականից հետո պաշտոնավարել, նկատի ունեն, որ Սահմանադրությունը նման իրավիճակների հաղթահարումը նախատեսում է։ «Փոխվարչապետերի ինստիտուտը կարծես թե հենց այդ նպատակով էլ նախատեսվել էր։ Եթե մի իրավիճակ կանխելու համար մեխանիզմները նախատեսված են, ապա արդեն իսկ դա հանդիսանում է հարցի պատասխան։ Ձեր նկարագրած իրավիճակը սահմանադրությամբ հաղթահարում ենթադրում է։ Բայց, եթե մի անձ հրաժարվում է իր պաշտոնից և շարունակում է պաշտոնավարել, ապա դա ինձ համար սահմանադրական ճգնաժամ է», - ասաց Արամ Վարդևանյանը։

Արձագանքելով Սուրեն Գրիգորյանը հարցրեց, թե եթե ըստ Վարդևանյանի պնդման՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարականից հետո չպետք է շարունակեր պաշտոնավարել, ապա ո՞ր իրավական նորմով է սահմանված, որ Նիկոլ Փաշինյանի՝ գործադիրի ղեկավարի պարտականությունները չկատարելու դեպքում այդ պարտականությունները պետք է կատարեր փոխվարչապետերից մեկը։

Վարդևանյանը նշեց, որ Սահմանադրությամբ է նախատեսվում, որ վարչապետին փոխարինում է փոխվարչապետերից մեկը և երկրորդը՝ Կառավարության և Կառավարության կառուցվածքի գործունեության մասին օրենքն է։

Գրիգորյանը նկատեց, որ Վարդևանյանի կողմից հստակ հոդվածներ չնշվեցին և հետաքրքրվեց՝ կոնկրետ այս իրավիճակում, կոնկրետ փոխվարչապետ Մհեր Գրիգորյա՞նը, թե՞ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պետք է իրականացնեին վարչապետի գործառույթները։

Վարդևանյանը պատասխանեց․ «Կարծում եմ տվյալ հարցի պատասխանը ավելի լավ Դուք պետք է իմանաք, որովհետև ես նման մանրամասնությամբ չեմ պատկերացնում, որովհետև առաջին փոխվարչապետի ինստիտուտը կարծես թե վերացվեց և հետո, այս հարցը պետք է Կառավարության ներսում սահմանվեր ու եթե չեմ սխալվում դա արվել է, ու ոնց որ թե պարոն Ավինյանն է, բայց Դուք ավելի լավ կիմանաք»։