Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ուզում են Ձեզ հիշեցնել, որ Ձեր ղեկավարած պետական մարմինը դրսևորել է ապօրինի անգործություն, եթե Դուք անգործություն չդրսևորեիք մենք այս վիճակը չէինք ունենա» Արա Զոհրաբյանը՝ Տիգրան Մուկուչյանին

«Ուզում են Ձեզ հիշեցնել, որ Ձեր ղեկավարած պետական մարմինը դրսևորել է ապօրինի անգործություն, եթե Դուք անգործություն չդրսևորեիք մենք այս վիճակը չէինք ունենա» Արա Զոհրաբյանը՝ Տիգրան Մուկուչյանին
Իրավունք
19:40, 10 июль 2021
Այսօր Սահմանադրական դատարանը շարունակում է քննել հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները վիճարկող «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների և «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունների դիմումները։ 

Նիստի ընթացքում պատասխանող կողմ հանդիսացող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հարց ուղղեց «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանին, որը վերաբերում էր Զոհրաբյանի կողմից ներկայացված դիմումին կից առկա տեսանյութերին, որտեղ մասնավորապես նշվում էր, որ եղել են տեղամասեր, որտեղ տեսախցիկը տեղադրված է եղել այնպես, որ քվեախուցերը երևացել են ոչ ամբողջությամբ կամ քվեատուփերը տեսանելի են ոչ բավարար կերպով և այլն։ Մուկուչյանը հետաքրքրվեց, թե ըստ Զոհրաբյանի դրանք ի՞նչ իրավախախտումներ են իրենցից ենթադրում, կամ ինչպե՞ս են ազդել ընտրությւոնների արդյունքների վրա։

Իր պատասխանում Զոհրաբյանը նշեց, որ տեսախցիկները տեղադրվել են, որպեսզի վերահսկելի լինի պրոցեսը։ «Մենք արձանագրել ենք, որ քվեախցիկը տեսախցիկի տեսադաշտից դուրս է և բնականաբար վերահսկելի չի եղել, այսինքն մենք չգիտենք այդտեղ ինչ խախտում է եղել, կամ՝ չի եղել», - ասաց Արա Զոհրաբյանը։

Տիգրան Մուկուչյանի հաջորդ հարցը վերաբերում էր «Զարթոնքի» ներկայացրած դիմումի հաջորդ կետին, որում նշվում է, որ դեպք է եղել, որ ընտրողներից մեկին համար 9 և 19 քվեաթերթիկներից տրված է եղել 2-ական, իսկ հանձնաժողովի նախագահը բացատրել է, որ քվեաթերթիկները կպած են եղել։ Մուկուչյանը ցանկացավ պարզել, թե ընտրությունների արդյունքների վրա դա ինչպե՞ս կարող էր ազդել։

Զոհրաբյանը հստակեցրեց, որ խախտումների հետ կապված բոլոր նյութերը ներկայացրել են Սահմանադրական դատարան։ «Ընդհանուր բոլոր խախտումները համադրելով կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա։

Անդրադառնալով հոսանքազրկումներին Մուկուչյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք հոսանքազրկումը ինքնին համարվում է ընտրախախտում։

Արա Զոհրաբյանը նշեց, թե ինչու են հոսանքազրկումները տեղի ունեցել հենց հաշվարկի ժամանակ։ «Սա կարող է օրինակ քվեատուփերի փոխելու լավ առիթ հանդիսանալ և այդպիսի հիմնավոր կասկած առաջացնել», - ասաց Զոհրաբյանը, և Մուկուչյանի հարցին, թե քանի որ չկան քվեատուփերի փոխարինման գրանցված փաստեր, կարելի՞ է եզրակացնել, որ դա ընդամենը ենթադրություն է, Զոհրաբյանը դրական պատասխանեց։

Հաջորդիվ Տիգրան Մուկուչյանը անդրադարձավ քվեարկությունից երկու օր առաջ ներկայացված դիմումին, որով պահանջվել էր նախազգուշացում կիրառել ՔՊ ներկայացուցչի նկատմամբ։ «Քվերակության նախորդ օրը տեղի է ունեցել բոլոր դիմումների քննարկում, որից հետո ամսի 25-ին դատարանը կայացրեց ակտ, որով ճանաչել էր ԿԸՀ անգործությունը։ Կար կայացված ակտ, որը չէր սպառել դա վիճարկելու հնարավորությունը, իսկ վարչական դատավարության համաձայն ճանաչման ակտ, ըստ էության,  ընդունելի է, երբ հնարավոր չէ այլ հայցատեսակ ներկայացնել և պաշտպանություն իրականացնել։ Այդ պայմաններում ինչո՞վ է բացատրվում, որ ներկայացվել էր ոչ թե վիճարկման, այլ՝ ճանաչման հայց», - հարցրեց Մուկուչյանը։

Զոհրաբյանը նշեց, որ ճանաչման հայց ներկայացնելու հիմնավորումները դատարանի վճռում արտացոլվել են։ «Ես ուղղակի ուզում են Ձեզ հիշեցնել, որ Ձեր ղեկավարած պետական մարմինը դրսևորել է ապօրինի անգործություն, ավելին ասեմ՝ այս ամեն ինչի հետևանքների պատասխանատուն նաև Ձեր կառույցն է, որովհետև եթե Դուք պատշաճ միջամտեիք և անգործություն չդրսևորեիք մենք այս վիճակը չէինք ունենա և միգուցե այս դատարանում էլ չհայտնվեինք», - ասաց Արա Զոհրաբյանը։