Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նայում ենք տրամադրած տեսանյութը և չենք տեսնում ձեր նկարագրած իրադարձությունը»․ Ռուստամ Բադասյանը՝ Արամ Վարդևանյանին

«Նայում ենք տրամադրած տեսանյութը և չենք տեսնում ձեր նկարագրած իրադարձությունը»․ Ռուստամ Բադասյանը՝ Արամ Վարդևանյանին
Իրավունք
18:05, 10 июль 2021
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 10-ին, հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննության ժամանակ հարց ուղղեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանին՝ խոսելով ՍԴ ներկայացված դիմումին կից տրամադրված տեսանյութերի մասին, տարբեր ընտրատեղամասերից, ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ։

«Նկարագրում եք առերևույթ ընտրախախտումներ, սակայն երբ մենք տեսանյութերը նայում ենք, որոնք տարբեր ծավալների են՝ 14 րոպե, 6 րոպե, ավելի շատ րոպեներ, մենք չենք հասկանում՝ որտեղ է ձեր նկարագրված ընտրախախտումը։ Միգուցե ձեր աշխատանքային որևէ ֆայլ կա, որտեղ կարող եք վկայակոչել րոպեն, վայրկյանը, երբ է տեղի ունենում այդ իրադարձությունը։ Օրինակ, 9-րդ կետով գրել եք, որ Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում 34/10 ընտրատեղամասում ևս ուղղորդում են զինվորներին, սպան ցուցում է տալիս ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Մենք հիմա նայում ենք այս տեսանյութը և չենք տեսնում ձեր նկարագրած իրադարձությունը և այսպես՝ բոլոր կետերի մասով»,-ասաց Ռուստամ Բադասյանը։

Արամ Վարդևանյանը խնդրեց ևս մեկ օրինակ բերել։ Ինչին ի պատասխան Բադասյանը նշեց, որ բոլորի վերաբերյալ էլ նույնը կարող է ասել։

«Բարձր դատարան, ես կարող եմ հետևյալն ասել․ եթե նման մտահոգություն ունի 3-րդ անձի ներկայացուցիչը, ապա մենք կարող ենք, եթե նման հնարավորություն ունենանք, այդ բոլոր տեսանյութերն ուսումնասիրենք, նիստի ընթացքում պարզենք»,-ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը։

Նախարարի պաշտոնակատարը հստակեցրեց՝ հարցնելով, թե կօգնե՞ն իրենց՝ վկայակոչելով կոնկրետ պահերը։ Արամ Վարդևանյանն էլ նշեց, որ աշխատանքային կարգով կփորձեն տեղեկատվություն տրամադրել։

Դատավոր Երվանդ Խունդկարյանը միջամտեց՝ նշելով, որ իհարկե դաշինքն է որոշելու՝ ներկայացնել այդ րոպեներն ու վայրկյանները, թե՝ ոչ, բայց որպեսզի այնպիսի իրավիճակ չստեղծվի, որ տեսանյութը նայողն ինքն էլ որոշակի սուբյեկտիվ գնահատման արդյունքում չկարողանա գտնել այդ դրվագը՝ այդ գործողությամբ ավելի ի նպաստ դաշիքնի դիրքորոշման քայլ կարվի․ «Որովհետև որոշակի տեսանյութեր ես ինքս եմ փորձել նայել, բայց չեմ կարողացել բացահայտել այն՝ ինչ դուք փորձել եք ներկայացնել»։

Արամ Վարդևանյանն էլ շնորհակալություն հայտնեց դատարանին՝ նկատառման համար՝ նշելով, որ կանեն։

Հավելենք, որ «Հայաստան» դաշինքն առանձնացնում է մասնավորապես մեծածավալ վարչական ռեսուրսի, նախընտրական քարոզչության ընթացքում ընտրական գործընթացի հավասարության և ազատության սկզբունքները խաթարող ատելության խոսքի հանգամանքները, ընտրությունների ընթացքում դաշինքի անդամների նկատմամբ քրեական հետապնդման և հարկադրանքի միջոցների անհամաչափ ծավալի միջոցառումների իրականացումը, 23 հազար 790 քաղաքացու ոչ կենսաչափական անձնագրով քվեարկելու հանգամանքը, զորամասում հաշվառված 10933 ընտրողների քվեարկության մասնակցելու հանգամանքը, որոնց ցուցակների ներկայացման, ընտրական տեղամասի կոնկրետ վայրի քվեարկության տվյալները պահվել են գաղտնի: Դաշինքը ներկայացրել է նաև այլ փաստարկներ:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: