Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Առաջին անգամ է, որ ես ունեմ ներքին անարդարության և համընդհանուր պարտության զգացում». Դավիթ Հարությունյան

«Առաջին անգամ է, որ ես ունեմ ներքին անարդարության և համընդհանուր պարտության զգացում». Դավիթ Հարությունյան
Քաղաքականություն
14:11, 14 июль 2021
Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 14-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը:  

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը իր եզրափակիչ ելույթում հայտարարեց. «Բարձր դատարան, 1995 թվականի ընտրություններին ես ընդդիմադիր ուժի պատգամավորի թեկնածու էի: Այդ ժամանակ ընդդիմադիր մեկ այլ թեկնածու բողոք ներկայացրեց ԿԸՀ-ին: Պաշտոնյան, որը ընդունում էր այդ բողոքը, հենց այդ թեկնածուի աչքի առաջ ուղղակի պատռեց բողոքը և գցեց աղբամանը՝ առանց բացելու: Անցել է ավելի քան 25 տարի, բայց բողոքաբերը մինչև հիմա հիշում է այդ դեպքը որպես իր կյանքի ամենավիրավորական պահը: Նա այնքան ծանր չտարավ պարտությունը ընտրություններում, որքան այդ բողոքը պատռելը»:

ՍԴ-ի կողմից ոստիկանությունից ապացույցներ պահանջելու իր միջնորդության մասին խոսելով՝ Դավիթ Հարությունյանն ասաց. «Մերժեցիք ստանալ ապացույցներ, որոնք ակնհայտ և անվիճելի ցույց կտային մեր բողոքի արդարացի լինելը: Ես հասկանում եմ ձեզ. պետք է ունենալ խիզախություն, որպեսզի արձանագրվի, որ ընտրությունները խախտել են հիմնարար ընտրական իրավունքը: Ես ձեզ հասկանում եմ, բայց չեմ ընդունում, որովհետև այդ ապացույցը չպահանջելով՝ հարված հասցվեց արդարադատությանը: Եվ տարիներ անց իմ հիշողության մեջ կմնա ոչ թե ընտրությունների վերաբերյալ ձեր կայացրած որոշումը, այլ ձեր այդ մերժումը: Ձեր կողմնորոշումը այս գործով, ցավոք, ակներև է»:

Նա խորհուրդ տվեց դիտել «Ինչպես դառնալ բռնապետ» սերիալը. «Ցավոք, դուք կտեսնեք այսօրվա Հայաստանը»:

Ամփոփելով իր ելույթը՝ Դավիթ Հարությունյանն ասաց. «ՍԴ-ն այս գործով պատմական հնարավորություն ունի ոչ միայն լուծելու ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում առաջացած իրավական վեճը, այլև իր որոշմամբ շատ ավելի հեռուն գնացող հայտ ներկայացնելու՝ դառնալու Սահմանադրության և սահմանադրական կարգի իրական պաշտպան, արդարադատության և անկախ դատական համակարգի առաջնորդ: Սակայն առաջնորդությունն ունի իր գինը, և դուք պետք է պատրաստ լինեք այն վճարելու՝ ստանձնելով ձեր բաժին պատասխանատվությունը: Ի վերջո ոչ ոք չի կարող խուսափել վաղվա պատասխանատվությունից՝ խուսափելով այսօր»:

«Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչը նշեց, որ ինքը կանխատեսում է ՍԴ-ի որոշումը. «Առաջին անգամ է, որ ես ունեմ ներքին անարդարության և համընդհանուր պարտության զգացում»:

Նա ընդգծեց. «Ձեր վճռից է կախված, թե ինչ ճանապարհով կընթանա մեր պետությունը: Եթե դուք որոշում կայացնեք, որ այս ընտրությունները լեգիտիմ են, ապա դուք կզրկեք Հայաստանին ԱԺ քաղաքական հարթակում պետական շահերը բազմակողմանիորեն քննարկելու և պաշտպանելու հնարավորությունից: Մյուս կողմից դուք եք վերցնելու ողջ պատմական պատասխանատվությունը Հայաստանի ապագա 100 տարին կանխորոշող ծանրագույն փաստաթղթերի ընդունման համար. պատմական բեռը լինելու է ձեր ուսերին: Ձեր ամենաբարդ որոշումը այսօրվա քննարկվող հարցը չի լինելու: Ձեր ամենաբարդ որոշումները դուք կայացնելու եք այսօրվա որոշումից հետո հաշված ամիսների ընթացքում: Որոշումը ձերն է, Բարձր դատարան»: