Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Խաղաղության արմատներն այստեղ են, այլ ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում և Փարիզում»․ Հաջիև

«Խաղաղության արմատներն այստեղ են, այլ ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում և Փարիզում»․ Հաջիև
Քաղաքականություն
11:33, 21 ноябрь 2023
Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության արմատներն այստեղ են, այլ ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում և Փարիզում, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Ըստ APA-ի Հաջիևը նշել է, որ խաղաղությանը նպաստելու և լուրջ հաջողությունների հասնելու համար Հայաստանը պետք է հայացքն ուղղի տարածաշրջան և շարունակի բանակցությունները Ադրբեջանի հետ։

«Ադրբեջանը բարի մտադրություններ ունի. մեր երկրի ինքնիշխանությունն ապահովված է, տարածաշրջանում ի հայտ է եկել նոր ստատուս քվո, և այս ստատուս քվոն լեգիտիմ է՝ հիմնված արդարության, միջազգային իրավունքի վրա։ Նախկին ստատուս-քվոն, որը Հայաստանն էր ստեղծել ադրբեջանական հողերի բռնազավթմամբ, պաշտպանում էին նաև Հայաստանին աջակցող Մինսկի խմբի անդամները, դա անարդար էր և անընդունելի», - ասել է Հաջիևը։

Բաքուն հրաժարվում է բանակցությունների վաշինգտոնյան հարթակից՝ ընդգծելով, թե «Միացյալ Նահանգների միակողմանի մոտեցման հետևանքով այդ երկիրը կարող է կորցնել միջնորդի իր դերը», նաև փաստացի բոյկոտում է բանակցային բոլոր այն հանդիպումները, որոնց մասնակցելու է Ֆրանսիայի նախագահը՝ Փարիզին մեղադրելով «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման համար»։ Բաքուն, միևնույն ժամանակ հայտարարում է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները բրյուսելյան ձևաչափով։ Բրյուսելից էլ արձագանքում են՝ պատրաստ են օր առաջ հանդիպում կազմակերպել, սակայն առաջընթաց դեռ չկա։

Բաքուն նաև առաջարկում է հանդիպել Թբիլիսիում, Մոսկվայում, կամ՝ ուղիղ բանակցել, առանց միջնորդների: Ռուսաստանում Հայաստանի դեսպանն օրերս հայտարարեց, թե Երևանը քննարկում է Ռուսաստանում արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկը, սակայն դեռ պարզ չէ կոնկրետ պայմանավորվածություն կա, թե ոչ։

Հայաստանը կոչ է արել Ադրբեջանին կառուցողական քննարկումների դաշտ վերադառնալ։

Աղբյուր՝ azatutyun.am