Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը որոշ ժամանակ անց կարող է միջազգային գործընկերներին տեղյակ պահել իր քաղաքացիների հետ տարվող երկխոսության մասին. դա, սակայն, կարվի բացառապես որպես բարի կամքի դրսևորում. Հաջիևը` Ստեփանակերտի հետ բանակցությունների մասին

Ադրբեջանը որոշ ժամանակ անց կարող է միջազգային գործընկերներին տեղյակ պահել իր քաղաքացիների հետ տարվող երկխոսության մասին. դա, սակայն, կարվի բացառապես որպես բարի կամքի դրսևորում. Հաջիևը` Ստեփանակերտի հետ բանակցությունների մասին
Միջազգային
13:42, 14 октябрь 2022
Ղարաբաղի հայերի հետ շփման միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին խոսք լինել չի կարող, արձագանքելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցին՝ նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը:

Ադրբեջանցի պաշտոնյան կրկին պնդել է, թե Բաքուն փակված է համարում հարցը: «Թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում Ադրբեջանի ներկայացուցիչները հատուկ ընդգծել են, որ Բաքուն մեր երկրի ինքնիշխան իրավունքները այլոց հետ չի քննարկելու: Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կլուծվի Ադրբեջանի Սահմանադրության, ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան», - ասել է Հաջիևը:

Միաժամանակ, Ալիևի խորհրդականը պնդել է, թե լինելով միջազգային համայնքի «պատասխանատու անդամ»՝ Ադրբեջանը «որոշ ժամանակ անց կարող է միջազգային գործընկերներին տեղյակ պահել իր քաղաքացիների հետ տարվող երկխոսության մասին»: Դա, սակայն, կարվի բացառապես որպես «բարի կամքի դրսևորում և թափանցիկության օրինակ»:

«Ինքնիշխանությունը մեր պետության քաղաքականության կարմիր գիծն է, և միջազգային գործընկերները պետք է արդարացի այդ դիրքորոշմանը ըմբռնումով և հարգանքով մոտենան»,- շեշտել է Ադրբեջանի նախագահի խորհրդականը։

Խոսելով Երևանի եւ Բաքվի միջև շփումներից՝ Հաջիևը թվարկել է Վաշինգտոնի և Բրյուսելի միջնորդությամբ կազմակերպվող հանդիպումներում քննարկվող հարցերը՝ խաղաղության պայմանագիր, սահմանների դելիմիտացիա, հաղորդակցությունների վերականգնում, անհետ կորածների, ականների խնդրի հետ կապված հումանիտար հարցեր։

Աղբյուր՝ azatutyun.am