Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուժային կենտրոնները ՀՀ-ին ու Ադրբեջանին դեմ դիմաց չեն թողնի, որպեսզի ինչ-որ հարցեր քննարկեն. Հակոբ Բադալյան

Ուժային կենտրոնները ՀՀ-ին ու Ադրբեջանին դեմ դիմաց չեն թողնի, որպեսզի ինչ-որ հարցեր քննարկեն. Հակոբ Բադալյան
Քաղաքականություն
19:34, 28 ноябрь 2023
Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների, բանակցությունների ընթացքի մասին Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։

- Պարոն Բադալյան, Ադրբեջանի նախագահը վերջերս հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրին շատ մոտ են, և Ադրբեջանն էլ ձգտում է խաղաղության։ Այդ դեպքում ինչո՞ւ է բանակցություններից հրաժարվում։

- Հայտարարությունները ոչինչ չեն նշանակում։ Դրանք դիվանագիտական տակտիկայի մաս են, ու ոչ մեկը չի հայտարարի, որ ինքը շահագրգռված չէ խաղաղության պայմանագրով, և առավել ևս Ադրբեջանը։ Ադրբեջանը տեսնում է, որ այդ խաղաղության պայմանագրի աշխարհաքաղաքական միջավայր գոյություն չունի, և հաշվի առնելով այն, որ ինքը ունի ուժային առավելություն, Ադրբեջանը փորձում է, օգտվելով այդ միջավայրից, առավելագույնս ձգել այն վիճակը, երբ ինքը կարող է ուժի կիրառման սպառնալիքով քաղաքական պայմաններ թելադրել ՀՀ-ին կամ ուժի կիրառմամբ խնդիրներ լուծել։  Ադրբեջանը որևէ շահագրգռվածություն չի ունենալու կնքել այդ խաղաղության պայմանագիրը և դրանով իրեն կաշկանդել։ Սակայն նույնիսկ այդ պայմանագրով չի ապահովվելու խաղաղությունը, եթե չկա այդ խաղաղության աշխարհաքաղաքական վիճակը ու ուժերի բալանսը Կովկասում, որը կապահովի այդ խաղաղությունը։  

- Ադրբեջանի հետ արդյոք պե՞տք է հարկ եղած դեպքում մտնել երկկողմանի բանակցությունների մեջ առանց միջնորդի, թե՞ ոչ։ Ադրբեջանը առաջարկել էր հանդիպում պետական սահմանին։

- Եթե տեսականում դիտարկենք հայ-ադրբեջանական երկկողմ բանակցություն, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանը, ուժային առավելության գործոնը օգտագործելով, փորձելու է ՀՀ-ին պարտադրել քաղաքական պայմաններ, բայց գործնական առումով անիրատեսական է մտածել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հնարավոր է ուղիղ բանակցություն։ Այստեղ խնդիրը հայ-ադրբեջանական հակամարտությունը չէ, այդ հակամարտությունը ընդամենը միջոցներից մեկն է Կովկասում աշխարհաքաղաքական ազդեցության հարցերը լուծելու համար, իսկ այդ հարցերով զբաղվում են ուժային կենտրոնները, ռեգիոնալ տերությունները, գերտերությունները։ Այդ իմաստով որևէ մեկը նրանցից ՀՀ-ին ու Ադրբեջանին դեմ դիմաց չեն թողնի, որպեսզի նրանք ինչ-որ հարցեր քննարկեն։ Եվ բնականաբար, եթե դե յուրե լինի որևէ երկկողմ ձևաչափ, ապա դե ֆակտո երրորդ կողմերի ազդեցությունը անխուսափելի է։

- Հաագայի միջազգային դատարանը պահանջել էր Ադրբեջանից,  որ բոլոր տեղահանված անձինք կարողանան ապահով և անվտանգ վերադառնալ իրենց նախկին բնակության վայրերը, եթե ցանկանում են դա անել և ապրել անվտանգ։  Ինչպե՞ս պետք է այդ երաշխիքը տա Ադրբեջանը։  Ինչպիսի՞ երաշխիքի կարելի է վստահել։

- Ադրբեջանը կարող է տալ այն երաշխիքները, որոնք որ տվել էր, երբ այդ նույն դատարանը քայլեր էր ձեռնարկել Լաչինի միջանցքի արգելափակման ուղղությամբ քայլեր կատարելու ուղղությամբ։ Ադրբեջանը ինչ արել է այդ վճռի ժամանակ, նույնը կանի նաև այս պարագայում։

- Այսինքն՝ որևէ արդյունքի չսպասե՞նք։

- Ես կարծում եմ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ բլոկադայի 10 ամիսների ընթացքում և ընդհանրապես ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմից սկսած, ես նկատի ունեմ միջազգային կառույցների, իրավունքի և անվտանգության արդյունավետության կամ տնտեսության իմաստով, մեզ մոտ պետք է այս հարցերը չառաջանան։ Առավել ևս այսօր, երբ մենք տեսնում ենք, որ բավական թեժ փուլ է մտել ըստ էության համաշխարհային պատերազմը, և մենք պարբերաբար բոլորս խոսում ենք և արձանագրում, որ տեղի է ունենում աշխարհակարգի փլուզում, իսկ այդ ժամանակ միջազգային որևէ կառույց, այդ թվում՝ միջազգային դատարանը, չի կարող ունենալ աշխատանքի արդյունավետություն։ Այդ կառույցները դառնում են ուժային կենտրոնների ձեռքին գործիք։ Եթե Արևմուտքը որոշի այդ գործիքը կիրառել Ադրբեջանի դեմ, ապա գուցե այդ վճիռների շուրջ ինչ-որ աժիոտաժ առաջանա, ընդ որում՝ դա երաշխավորված արդյունք չի ապահովի։ Այլապես մտածել, թե այդ կառույցները ինչ-որ հարց են լուծելու, երբ պատերազմի մեջ են այդ ուժային կենտրոնները, սա, կարծում եմ, միամտություն է։

- Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ ՀՀ-ի համար Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հարց գոյություն չունի. ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը։

- Եթե ասելու այլ բան չունեն, ապա նախընտրելի է, որ ոչինչ չխոսեն այդ թեմայով, քան ասեն բաներ, որոնք ՀՀ-ի և Արցախի ժողովրդի համար, բացի խնդիրներ և արգելակներ ստեղծելուց, չունեն ոչ մի այլ արդյունավետություն և օգտակարություն։


Դավիթ Լևոնյան