Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոտ ապագայում Ադրբեջանը դուրս կգա ՀՀ օկուպացված տարածքներից, բայց նախ պետք է փորձել խաղաղ ճանապարհով դրան հասնել. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ամեն ասածին պետք է լուրջ վերաբերվել. «Եթե նույնիսկ ասում է իր ներքին լսարանի համար, էլի պետք է լուրջ վերաբերվենք, մեր խնդիրը մեր երկրի ամրություններն ամրապնդելն ու ուժեղացնելը պետք է լինի»։

Ըստ պատգամավորի՝ Հայաստանի անվտանգային համակարգի ուժեղացումն Ադրբեջանին կստիպի հետ գնալ: «Ամեն օր պետք է արթնանալ ու կատարել այն խնդիրները, որոնք ուժեղացնում են մեր երկրի անվտանգությունը»,- ասաց նա։

Քոչարյանը վստահ է՝ մոտ ապագայում Ադրբեջանը դուրս կգա ՀՀ օկուպացված տարածքներից, բայց նախ պետք է փորձել խաղաղ ճանապարհով դրան հասնել։ 

Անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկանում է, որ Հայաստաննն ու Ադրբեջանն ուղիղ բանակցեն, իսկ խաղաղության պայմանագիրը կնքվի առանց երաշխավորների, Քոչարյանը պատասխանեց, որ շատ գայթակղիչ առաջարկ է։
«Ինքն ասում է՝ չլինեն միջազգային երաշխավորներ, բա միջազգային հարթակներն ինչի՞ համար են,  որ այդ երաշխավորություններն ամրագրվեն տեքստով և դրանից բխող գործողություններով։ Երաշխիքները պետք է ինչ-որ ուժեր պահպանեն»,- նկատեց պատգամավորը։

Պաշտպանության հանձնաժողովի նախագահի խոսքով՝ հակառակորդ պետության ղեկավարը կարող  է շատ պահանջներ ներկայացնել և ցանկություններ հայտնել, խնդիրը, սակայն, այն է, որ մենք այդ ցանկությունները կանխելու հնարավորություն ստեղծենք։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, որ խաղաղության պայմանագրում երաշխավորներ պետք չեն. «Սա կլինի երկու ինքնիշխան պետությունների կողմից ստորագրված պայմանագիր։ Եթե ինչ-որ մեկն ուզում է օգնել, մենք դեմ չենք, բայց այդ օգնությունը չպետք է պարտադրող լինի»։ Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, Ալիևը նշել է. «Եթե իմ կողմից հիշատակված երթուղին՝ Զանգեզուրի միջանցքը, չբացվի, ապա մենք մեր հերթին մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը որևէ այլ հատվածում: Այսինքն՝ այդ կերպ նրանք ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»: