Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր ոռոգման կուլտուրան 19-րդ դարի է. Կաթիլային ոռոգման անցնող տնտեսություններին 100 տոկոսով կփոխհատուցենք. Փաշինյան․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագիրը: 

«Գյուղատնտեսության բնագավառում բարեփոխումները քաղաքական կամք են պահանջում: Դրանցից մեկը Հողային ռեֆորմն է, որի կարևոր նպատակներից մեկը պիտի համարվի արտադրողականության բարձրացումը»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պետք է գնալ հողերի խոշորացման ճանապարհով. «Մենք ինտենսիվ այգիները պիտի ավելացնենք 1000 հեկտարով, լիզինգային ծրագրով պիտի ձեռք բերենք գյուղտեխնիկա»:

Խոսելով ոռոգման մասին՝ նա նշեց, որ այդ ոլորտում խնդիրները նկատելի և տեսանելի եղան. «Ոռոգման այն կուլտուրան, այն համակարգը, որը գոյություն ունի այսօր, դա 19-րդ դարի կուլտուրա է, դա չի կարող ապահովել զարգացում, ապահովել արտադրողականություն: Այն տնտեսությունները, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման, առաջիկա 5 տարում մենք նրանց ջրի վարձավճարը կփոխհատուցենք 100 տոկոսով»:

Փաշինյանն ընդգծեց, որ մինչև մեր երկրում ջրերի խնայողական և արդյունավետ կառավարման խնդիրը չլուծվի, սուբսիդավորման ծրագրերը օգուտ չեն տա:

Նրա խոսքով՝ գյուղացին, որպես քաղաքացի, այսօր ազատագրված է. «Գյուղացուն այլևս հնարավոր չէ դիզվառելիքով, 5000 կամ 20.000 դրամով կաշկանդել: Մեր հաջորդ խնդիրն է նրան աջակցել, որ նա այլևս կառավարության որևէ պաշտոնյայի ձեռքին նայելու կարիք չունենա: Այդ նպատակով մենք պետք է կայացնենք ինտենսիվ գյուղատնտեսությունը»: