Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գորիս-Որոտան-Շուռնուխ՝ 21 կմ հատվածի շուրջ եռակողմ փաստաթուղթ չի ստորագրվել․ Փաշինյան․ Տեսանյութ

«Փորձ է արվում ներկայացնել, որ Հայաստանի կառավարությունը ժողովրդի թիկունքում որևէ բան է արել: Ես ուզում եմ այս հարցը մեկընդմիշտ փակել»,- իր եզրափակիչ ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց դեկտեմբերի 19-ի իր ուղերձը. «Մենք, այո, քաղաքական որոշում ենք կայացրել, և ես ամբողջությամբ այդ որոշման պատասխանատվությունը կրում եմ: Տեղի ունեցածի մասին մենք տվել ենք ամբողջական տեղեկատվություն, չենք տվել տեղեկատվություն միայն այն հատվածների վերաբերյալ, որոնք կարող էին հավելյալ ռիսկեր առաջացնել մեր ազգային անվտանգության հետ կապված, այդ թվում՝ այսօրվա նման իրավիճակից խուսափելու համար»:  

Փաշինյանը ընդգծեց. «Բա պատասխանեք՝ ինչի՞ Հյուսիս-հարավ ճանապարհը նախագծելիս էդ ճանապարհը Երասխով չի շարունակվել Տիգրանաշեն, հետո Զանգակատուն. որովհետև այդ հարցերը մենք չենք բերել օրակարգ: Ինչո՞ւ Հյուսիս-հարավը չէր անցնում Որոտան-Շուռնուխ հատվածով, այլ նախագծված է այնպես, որ պետք է թունելներ կառուցվեն: Մե՞նք ենք վիճարկելի դարձրել»:

Նրա խոսքով՝ խոսքը 21 կմ-անոց հատվածի մասին է, որը Խորհրդային Միության քարտեզներով Խորհրդային Հայաստանից դուրս է եղել. «Էդ տեղերում եկել են ադրբեջանցիները և փակել են՝ որպես պատճառ բերելով, թե հայկական կողմից մարդիկ են մտել և դանակահարել են ադրբեջանցի սահմանապահներին. «Մենք պաշտոնապես ասում ենք, որ դանակահարության վերաբերյալ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»:

Փաշինյանն ընդգծեց, որ տեղի ունեցածը հակասում է Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 26-ին, Ազգային ժողովում շարունակվում է  Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը: