Նոր Սահմանադրություն ընդունելու մասին վարչապետի հայտարարությունից, Հայոց պատմություն առարկան Հայաստանի պատմություն վերանվանելու նախագծից հետո կրկին ակտիվացան խոսակցությունները Անկախության հռչակագրի, Ցեղասպանության պահանջատիրության, Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորման կամ անկախանալու, հետ բերելու, Հայաստանի գոյության իմաստի, 29.800 քառ. կմ տարածքի մասին։
Մեծ հաշվով՝ ի՞նչ են ասում ընդդիմախոսները։ Ասում են, որ Հայաստանի գոյության իմաստը եղել է Արցախի հարցի սպասարկումը։ Ստացվում է՝ եթե այդ հարցը ինչ-որ կերպ փակվում է, ուրեմն Հայաստանի գոյությունն այլևս անիմաստ է։ Իրականում բոլորն իմացել են, որ այդ հարցն անլուծելի է։ Հետևաբար պետք է Հայաստանի առջև անիրագործելի նպատակ դրվեր, ռեսուրսներ վատնվեին մի ուղղությամբ, որտեղ արդյունք չի լինելու, նպատակ, որը հաստատապես ապահովելու էր մշտական կոնֆլիկտի առկայություն։ Իսկ եթե սրան էլ գումարենք Անկախության հռչակագրի տեքստը՝ «պատմական արդարության վերականգնման» և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին հիշատակումներով և 11-րդ դրույթով, ամբողջությամբ կարելի է ասել, որ Հայաստանի համար ապահովվել են մշտական կոնֆլիկտը, փակ սահմաններն ու աշխարհից անգամներով դանդաղ զարգացումը՝ հետևաբար կախվածությունը որևէ կենտրոնից, իսկ իրականում՝ Ռուսաստանից։
Հարկ է նկատել, որ Անկախության հռչակագրի շուրջ մեկ տասնյակ նախագծերից խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը պատգամավորների քննարկությանը ներկայացրել է երեքը: Տարբերակներից մեկում ասվում էր, որ «1920թ. դեկտեմբերի 2-ի պայմանագիրը պարտադրված է եղել Հայաստանին», որն ստորագրելուց անմիջապես հետո Ռուսաստանը և Թուրքիան «օկուպացրել են Հայաստանը», իսկ «1921թ. մարտի 16-ին, անտեսելով անկախ Հայաստանի գոյությունը և խախտելով միջազգային իրավական նորմերը, առանց Հայաստանի ներկայացուցիչների ստորագրվել է ռուս-թուրքական դաշնագիր, որով Հայաստանի տարածքների մեծ մասը տրվել է Թուրքիային և Ադրբեջանին»:
Նախագծերից մյուսով առաջարկվում էր «ապօրինի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը մասնատող պայմանագրերը և վերստին ընդունել Սևրի դաշնագիրը»: Երրորդ տարբերակում Հայկական հարցին և Ցեղասպանությանը անդրադարձ ընդհանրապես չի եղել։ Խորհրդարանի հատուկ հանձնաժողովը երեք տարբերակներից հետո ներկայացնում է Հռչակագրի նախագծի նոր տարբերակ` կազմված 11 կետերից, որտեղ ևս բառ անգամ չկար 1915-ի մասին:
Եվ ահա հանձնաժողովի անդամներ Իգոր Մուրադյանը, Աշոտ Նավասարդյանը, Հայկ Բաբուխանյանը և Ռաֆիկ Համբարձումյանը առաջարկում են ավելացնել հետևյալ դրույթը. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայերի ցեղասպանության միջազգային դատապարտման և պատժման աշխարհի ողջ հայության պահանջին»: Եվ միայն 25 պատգամավոր է դեմ քվեարկում Հայաստանի Անկախության հռչակագրում 1915 թիվը հիշատակելուն: Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթով հանգամանալից բացատրում է, որ չարժե դա անել, նրա հետ ևս 6-7 պատգամավոր, սակայն, ի վերջո, զիջում է դիրքերը մեծամասնությանը։
Եվ ահա ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, Տեր-Պետրոսյանի թիմակից Արամ Մանուկյանը, անդրադառնալով ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին վարչապետի հայտարարությանը, այն որակել է «ծայրահեղ այլանդակություն»։ Է՞լ ինչ են ասում ընդդիմախոսները։ Օրինակ՝ որ կառավարող ուժը փորձում է հային, հայաստանցուն համոզել, որ իր հայրենիքը այս 29.800 քառ. կիլոմետրն է, որ փորձում են ստեղծել հայաստանցու տեսակ՝ հային փորձում են սարքել ՀՀ քաղաքացի՝ ինչ-որ 29.800 քառ կմ տարածքի վրա։
Հետաքրքիր է, եթե ընթերցողը չիմանար՝ ով է այս խոսքերի հեղինակը, չիմանար՝ այս խոսքերով մտքի հեղինակը գովո՞ւմ է իշխանությանը, թե՞ քննադատում, ինչպե՞ս կվերաբերվեր նրան, որ իշխանությունը փորձում է ստեղծել ՀՀ քաղաքացու տեսակ՝ 29.800 քառ. կմ տարածքի վրա, ով ունի իրավունքներ, իրացնում է դրանք, ունի պարտականություններ, ընտրում է, ընտրվում, որոշումներ կայացնում և այլն։
Իսկ մտքի հեղինակը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն է։ Եկեղեցականն ասում է՝ «Հայրենիքը սահմանել, սահմանագծել ինչ-որ 29,8 հազ. կմ-ի մեջ, սա մոլորություն է»։ Այսինքն՝ ըստ Աջապահյանի, պետք է Հայաստանը անորոշ լինի, չպետք է հստակ սահմաններ ունենա։ Հարց է առաջանում՝ ո՞ւմ է դա ձեռնտու, որ Հայաստանը չունենա սահմաններ, հստակ ամրագրումներ։ Գուցե, եթե Հայաստանը լիներ գերտերություն, տարածաշրջանում և աշխարհում ամենաուժեղն ու անպարտելին, տեղին կլիներ այսպես մտածել։ Այն էլ եթե խաղաղ կյանքին սովոր չես, ուզում ես նվաճել ամենքին ու ամեն ինչ։ Բայց ակնհայտորեն ոչ ամենաուժեղ ու ոչ ամենաշատ ռեսուրսներ ունեցող երկրի համար սահմաններ չունենալը միայն վտանգավոր է, ու երազելով «գետնի վրա»՝ նոր նվաճումներ չես կարող ունենալ. կորուստներ, վստահաբար, կունենաս։ Եվ պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ մեզ հետ դա տեղի է ունեցել։ Եվ այն էլ ոչ շատ հեռավոր ժամանակներում։
«Մինչև 1890-ականները եկեղեցին պահել է իր պատմական տարածքներում։ 1890 թվականին եկան, կուսակցությունները ստեղծվեցին, եկեղեցու դեմ արշավ սկսեցին, որ եկեղեցին սխալ է, եկեղեցին ժողովրդին ստրկության մեջ է պահում։ Ազատագրեցի՞ն։ 29,8 հազար քառ. կմ. էդ էր իրենց ազատագրածը։ Այնինչ եկեղեցին 400 հազար քառ. կմ-ի վրա և ավելիով պահել էր հայ բնակչությանը և հայ ազգաբնակչությանը՝ միջին խավար դարերում»։ Ահա սա է Աջապահյանի պատկերացումները պետության մասին։ Նրա համար կարևոր է հայրենիքը, իսկ պետություն ունենալը երկրորդային է, ունենանք՝ լավ, չէ՝ ոչինչ։
Այսինքն՝ ըստ նրա, 400 հազ. քառ. կմ տարածքը, որտեղ ապրում են հայեր, բայց չունեն պետություն, ավելի նախընտրելի է, քան պետության գոյությունը։ Այդ տրամաբանությամբ հիմա էլ հայերը փոքր հայրենիք չունեն։ Ի՞նչ վատ հայրենիք են Լոսը, Սոչին, Մոսկվան, Կրասնոդարն ու Ռոստովը, Փարիզը, Մոնակոն, Լիոնը, Թեհրանը, Լիբանանն ու Սիրիան։
Աջապահյանը դժգոհում է, որ եկեղեցուն տրված չէ գործունեության տարածք՝ մշակութային, կրթական, լուսավորչական և դիվանագիտական գործունեություն անելու համար, ու ասում է. «Եթե համակերպվում ես 29,8-ի հետ, ուրեմն Ծիծեռնակաբերդը անիմաստ է, անիմաստ տեղ է զբաղեցնում, ուրեմն պետք է ասես, որ չի եղել ցեղասպանություն։ Մի թիզ հող հետ վերադարձրե՞լ է Թուրքիան, ներողություն խնդրե՞լ է»։
Այսինքն՝ նրա կարծիքով՝ պետք է Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնել։ Եվ տեսնես ո՞վ է շահելու դրանից։ Թուրքիան վախի՞ց, թե՞ խղճահարությունից դրդված է կատարելու այդ պահանջը։ Իսկ գուցե ա՞յլ քայլերի գնա։ Ահա այս խելքով էլ Աջապահյանը դիվանագիտական դաշտում գործելու տարածք է ուզում։ 168.am-ի եթերում էլ Աջապահյանը, անդրադառնալով Հայոց պատմություն առարկայի 7-րդ դասարանի դասագրքին և պատասխանելով հաղորդավար Սաթիկ Սեյրանյանի այն հարցին, թե իշխանությունները ի՞նչ խնդիր են լուծում պատմության այս դասագրքերով, ասում է.
Աջապահյան.- Ստեղծում են հայաստանցու տեսակ:
Սեյրանյան.- Ինչպիսի՞ տեսակ:
Աջապահյան.- Հայաստանի պետության քաղաքացի, հեչ կապ չունի ազգային պետության հետ:
Սեյրանյան.- Այսինքն կապ չունի՝ հայ ես, հայ չես:
Աջապահյան.- Ոչ մի կապ չունի, կարևորը Հայաստանի քաղաքացի ես:
Սեյրանյան.- Բնակիչ:
Աջապահյան.- Բնակիչ ես, քաղաքացի ես, ունես իրավունքներ, ունես պարտականություններ, հարկերդ մուծում ես, իրավունքներից օգտվում ես, քվեդ տալիս ես։ Ինչ-որ կրթության նախարարն էր, չէ՞, ասել, որ, այո՛, պետք է ՀՀ-ն բազմազգ պետություն լինի, որտեղ բոլորը պետք է խոսեն հայերեն։ Ուրեմն սա հայի նոր տեսակն է։
Այսինքն՝ Աջապահյանը դեմ է հայաստանցու այն կերպարին, որը իրեն համարում է ՀՀ քաղաքացի, ունի իրավունքներ, իրացնում է իր իրավունքները, պարտականությունները, քվեարկում է, որոշում է կայացնում։
Ըստ նրա՝ մեզ պետք է ոչ թե հայաստանցու, այլ հայի կերպար, որի համար չկա հստակ պետություն, իր սահմանով, օրենքներով, քաղաքացու իրավունքներով ու պարտավորություններով։ Ըստ նրա՝ մեզ պետք է էթնիկ հայ, ով ժամանակավորապես ապրում է այս տարածքում, բայց հավակնում է ավելի մեծ տարածքի, ու բնավ կապ չունի՝ այդ տարածքում կունենա՞ պետություն, թե՞ ոչ։ Ավելի նախընտրելի է, որ հայերը վերադառնան իրենց պատմական՝ 400 հազար քառ. կմ տարածքով հայրենիք՝ թեկուզ առանց պետականության։ Այստեղ տեղին է հիշել Վանո Սիրադեղյանի խոսքերը. «Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից:
Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ: Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում նրան հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով: Հայը հավաքական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ:
Հարյուրամյակներ շարունակ մաս-մաս մեր հայրենիքը դարձնելով պատմական՝ մաս-մաս ուժեղացնում ենք մեր հարևաններին, ուժեղացնելով՝ հռչակում թշնամի, նեղվում ենք թշնամու հարևանությունից, անիծում ենք մեր իրական հայրենիքի փոքրությունը և երազում մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր պատմական հայրենիքի, մեր հարևանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա»:
Կարճ անդրադառնանք նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանին, որը «Հայացք-Թովմաս Առաքելյանի զրույցը Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի հետ» հաղորդման ընթացքում անդրադառնում է վրեժ հասկացության քրիստոնեական մեկնաբանությանն ու ասում. «Սուրբ գիրքը բացարձակ հայտարարություն ունի՝ մեր տերը՝ Աստված, ասում է, որ վրեժխնդրությունն իմն է, ուրիշ մեկինը չի, ես եմ իրականացնելու այդ վրեժխնդրությունը, ես եմ վճարելու դրա համար։ Եվ Աստված դա գործում է ոչ մեղքի, ոչ ատելության, ոչ էլ հպարտության պատճառով։ Էդ վրեժխնդրությունը իր սուրբ նկարագրի ու էության մաս է կազմում։ Իր էությունն է արդարության նկատմամբ, ճշմարտության նկատմամբ իր էությունն է, և ոչ միայն նկատմամբ, այլև իր էությունն է արդարությունը, սրբությունը, ճշմարտությունը»։
Ապա դիմելով Թովմաս Առաքելյանին՝ հարցնում է. «Եվ Աստված ի՞նչ կերպով է իր վրեժխնդրությունը գործածում կյանքում, ի՞նչ գործիքներով, ո՞ւմ միջոցներով։
- Իր զավակների՞, որ հույսը դրել են իր վրա:
- Իր զավակների՝ մարդու միջոցով։ Եվ Աստված քեզ տվել է հնարավորություն պահպանելու և մշակելու այն տարածքը, այն տիրույթը, որը քո պատասխանատվության ներքո է։
Այսինքն՝ ըստ հոգևորականի, մարդը կարող է վրեժ լուծել։ Հետո ի՞նչ, որ Սուրբ գրքում գրված է, որ վրեժը Աստծու գործն է։ Ինչպե՞ս պետք է Աստված դա ի կատար ածի՝ իհարկե, մարդու միջոցով։ Այդ տրամաբանությամբ կարո՞ղ ենք ասել, որ մարդն իրավասու է նաև Աստծու անունից դատաստան տեսնել և արդարացնել դա նրանով, որ ինքը Աստծու գործիքն է ու Աստծու ցանկությունն է ի կատար ածել։
Վովա Հակոբյան