Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան ասում է՝ դուք պետք է լինեք գուբեռնիա ու այդ կարգավիճակով ապրեք, ինչպես Կրասնոդարի հայերը. Մելքոնյան

«Ալիևը իր գլխի տերը չի, իրեն ինչ ասում են, այն էլ անում է, ինքը մահակ է դարձել Ռուսաստանի ու Թուրքիայի ձեռքին, ու իրենք են հիմնականում Ալիևին խաղացնում։ Ալիևը չի ցանկանում խաղաղություն, բայց այնպես չէ, որ Ադրբեջանի ժողովուրդը ցանկանում է պատերազմել»: Այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը:

Անդրադառնալով Ադրբեջանում երեկ տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններին՝ Մելքոնյանը նշեց.  «ՌԴ-ն մեկնաբանել է Ադրբեջանի ընտրությունները, որ փայլուն ընտրություններ են տեղի ունեցել, ու մենք պետք է նշենք, որ նմանատիպ փայլուն ընտրություններ էլ լինելու են ՌԴ-ում։ Ռուսաստանում ինչքան ուզեն, այնքան կխփեն, որովհետև մուրճն էլ է իրենց ձեռքին, մեխն էլ, նալն էլ»։  

Ըստ Ալիևի՝ ռուսները ցանկանում են Ադրբեջանից Նախիջևան  ճանապարհի վերահսկողությունը վերցնել իրենց ձեռքը, բայց դա մեզ համար շատ վտանգավոր է. «Մենք տեսել ենք, թե Լաչինի միջանցքի վերահսկողությունը հետո ինչ դառավ՝ միջանցքը փակվեց, Արցախը հայաթափվեց։ Մենք համաձայն ենք, որ ապաշրջափակվեն բոլոր ճանապարհները, բայց հսկողությունը պետք է կատարեն ՀՀ-ի մաքսային ու սահմանային ծառայությունները»։   

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Մելքոնյանն ասաց. «Ռուսները 2016թ.-ին քառօրյա պատերազմը նախաձեռնեցին՝ ցույց տալու, որ Ադրբեջանը հզոր է ու կարող է այդ տարածքները վերցնել, ու պահանջեցին, որ մենք խելոք ձևով վազենք Մոսկվա, ու մենք վազեցինք Մոսկվա ու այնտեղ  պայմանավորվածություններ ձեռք բերեցինք։ Հետո հեղափոխություն տեղի ունեցավ, ու իրենք զգացին, որ չեն կարողանում կառավարել Հայաստանը, որովհետև  որոշ նախարարների իրենք պետք է թույլ տային, որ նշանակվեին, իրենք պետք է դաբրո տային, որ մեզ մոտ մեկը դառնար նախագահ կամ վարչապետ։ 2018թ.-ից հետո ՌԴ-ում  սկսեցին ծրագրեր մշակել Հայաստանի դեմ։  Հիմա Ռուսաստանը ասում է՝ դուք պետք է լինեք գուբեռնիա ու գուբեռնիայի կարգավիճակով ապրեք, ինչպես Կրասնոդարի, Մոսկվայի հայերը։ Ու ասում է՝ Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի կազմում»։ 

Ինչ վերաբերում է  խորհրդարանական ընդդիմության քննադատություններին, որ Հայաստանը չի կարողանում ՌԴ-ի հետ նորմալ դաշնակցային հարաբերություններ հաստատել, Մելքոնյանը ասաց. «Մեր խորհրդարանում չկա ընդդիմություն հասկացություն, այլ կան Ռուսաստանի ներկայացուցիչներ,  ու կա 5-րդ շարասյուն, որը ղեկավարվում է ՌԴ-ի կողմից»։

Մանրամասները՝  տեսանյութում։