Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նախ պետք է ասեն՝ ոնց եղավ, որ Ջաբրայիլի ուղղությամբ նահանջ եղավ մինչև Լաչինի սահմաններ. պատերազմի ամբողջ թատերաբեմն իրենց ձեռքին է եղել». Գագիկ Մելքոնյանը՝ ընդդիմությանը. ուղիղ

Երեկ ընդդիմության հանրահավաքի ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը հարցազրույց է տվել, որի ժամանակ ասել է, որ  եթե Շուշիի պաշտպանությունը ճիշտ կազմակերպվեր, Շուշին չէր ընկնի։

Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն ասաց, որ Գլխավոր շտաբի պետի տեղակալ լինելով՝ Տիրան Խաչատրյանն ինքը պետք է կազմակերպած լիներ այդ գործողությունները, և եթե հիմա իրենք չեն ծառայում, դա չի նշանակում, որ այդ ամեն ինչը  արդեն մոռացվել է։  

«Որ սկսում են խոսել, իրենք նախ պետք է ասեն, թե ոնց եղավ, որ Ջաբրայիլի ուղղությամբ այդքան նահանջ եղավ, մինչև Լաչինի սահմաններ։ Պատերազմի ամբողջ թատերաբեմն իրենց ձեռքին է եղել։ Հիմա քննիչ հանձնաժողովը սկսել է  աշխատանքները ու կպարզի բոլորի արածներն ու չարածները, այն, որ պետք է անեին ու չեն արել, պետք է պատասխան տան»,- ասաց Գագիկ Մելքոնյանը:

Խոսելով նաև այն մասին, որ Սերժ Սարգսյանը ժամանակին հայտարարել էր, թե Շուշիի գործողության պատասխանատուն ինքն էր, իսկ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, օրեր առաջ հայտարարել է, թե Շուշիի ազատագրման մեջ շատ մեծ ավանդ ունի իր հայրը, պատգամավորն ասաց. «Կոնկրետ այս երկու անձինք անձամբ այնտեղ մասնակցություն չեն ունեցել, բայց այդ ժամանակ ղեկավար պաշտոններ են զբաղեցրել և այդ հաղթանակը վերագրում են իրենց։ Թող ասեն, թե որ հատվածում են եղել, ոչ միայն Շուշիի մասով եմ ասում, այլև ամբողջ Արցախի ու մեր այդ ճակատների, ո՞ր ճակատում են եղել իրենք։ Իրենք իրենց աթոռներին նստած՝ ստացել են ազգային հերոսի կոչում»,- ասաց պատգամավորը։

 Խոսելով նաև ընդդիմության մասին՝ Գագիկ Մելքոնյանն ասաց, որ նրանք, ովքեր այսօր իրենց ընդդիմություն են համարում, քսան տարի եղել են իշխանության, թող փրկեին Արցախը, ով իրենց ստիպեց, որ Արցախը չփրկեն։ 

«Արցախցի լինելով՝ իրենք պետք է Արցախի խնդիրը լուծած լինեին, ոչ թե բերեին հասցնեին պատերազմի, նոր հիմա էլ դուրս գան, թե մենք փրկիչներ ենք, փրկում ենք Հայաստանն ու Արցախը»,- ասաց Գագիկ Մելքոնյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան