Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ն խախտում է ՀՀ-ի հետ միջպետական պայմանագիրը՝ 2 հադրութցու գլխատելու համար հետախուզվող ադրբեջանցուն Բաքու վերադարձնելով

ՌԴ-ն խախտում է ՀՀ-ի հետ միջպետական պայմանագիրը՝ 2 հադրութցու գլխատելու համար հետախուզվող ադրբեջանցուն Բաքու վերադարձնելով
Քաղաքականություն
22:04, 21 февраль 2024
Ինչպես հայտնի է՝ ռազմական հանցագործությունների համար Հայաստանի կողմից հետախուզվող Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալին, որն անցած գիշեր ձերբակալվել էր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ազատ արձակվեց և այսօր կվերադառնա Բաքու։

ՌԴ -ի պաշտոնական աղբյուրները չեն մեկնաբանել այս տեղեկությունը, սակայն նաև որևէ կերպ չեն հերքել ադրբեջանցու ազատ արձակման լուրը:

Հայաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը Civic.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ ՌԴ-ից նախ պաշտոնական գրությամբ տեղեկացրել են հետախուզվողի ձերբակալման մասին, ինչին ի պատասխան ՀՀ ՆԳՆ-ից հաստատել են, որ տվյալ անձը միջազգային հետախուզման մեջ է ՀՀ իրավապահների կողմից։ Եվ ահա դրանից հետո, փաստորեն, ՌԴ իրավապահները որոշել են վերադարձնել հանցագործին Բաքու։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում քննվող քրեական գործով Քյամիլ Զեյնալիին մի շարք ծանր մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 135 (մարդկության դեմ հանցագործություններ), 137 (ռազմական հանցագործություններ), 140 (ռազմական հանցագործություններ՝ պատերազմի արգելված մեթոդներով), 147 (վարձկանների ներգրավում) և 149 (ագրեսիա) հոդվածներով։ Նա մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ 2 հադրութցու գլխատելու համար, ինչի մասին  տեսանյութը հենց ինքն էր տեղադրել համացանցում։ Քյամիլ Զեյնալիի գործով դատավարությունը ՌԴ-ում պետք է տեղի ունենար վաղը։

Դժվար չէ կռահել, որ կայացել է ռուս- ադրբեջանական հերթական գործարքը։ Սակայն ակնհայտ է նաև, որ այդպիսով ռուսական կողմը խախտում է ՀՀ-ի հետ միջպետական պայմանագիրը։   

 Հայաստանը իրավական համագործակցություն է իրականացնում ՌԴ-ի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ ԱՊՀ-ի շրջանակում: Պայմանագրերը ստորագրվում են պետությունների ղեկավարների կամ կառավարությունների կողմից, իսկ իրավական օգնության և հանցագործների հանձնման մասին նմանատիպ հուշագրերը՝ դատախազությունների: Ըստ այդմ՝ հանցագործների հանձնումը (էքստրադիցիան ) իրականացվում է երկու ձեւով. կամ քրեական պատասխանատվության ենթարկելու, կամ էլ նրանց նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու նպատակով:

Ընդ որում, երբ անձը քրեական պատասխանատվության ենթարկվելու համար հանձնվում է այլ երկրի, ընդունող երկիրը երաշխիքներ է ներկայացնում, որ հանցագործություն կատարած անձը հանձնող երկրի օրենքով սահմանված պատժից ավելի խիստ պատիժ չի կրի: Այսպես` հանձնումը կարող է մերժվել, եթե մյուս երկրում հանցագործը, հնարավոր է, ենթարկվի մահապատժի: Այլ երկրում պատասխանատվության ենթարկելու համար անպայման հանցագործության համապատասխանեցում է կատարվում: Սակայն եթե քննության ընթացքում պարզվում է, որ հանձնվածը կատարել է մեկ այլ հանցագործություն ևս, ապա ընդունած երկիրը դիմում է հանձնումը թույլատրած պետության իրավասու մարմնին և միջնորդում նոր բացահայտված հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկելու թույլտվություն տալ:

Երբ ՀՀ-ի հանձնման միջնորդությունը մերժվում է, օրինակ՝ անձի կողմից տվյալ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու հիմքով, քննության ժամկետը երկարացվում է, գործը թարգմանվում է, ուղարկվում մյուս կողմին, որը քրեական պատասխանատվության է ենթարկում հանցագործին ՀՀ-ում կատարած հանցագործության համար, և արդյունքների մասին անպայման տեղյակ է պահում ՀՀ-ին:

Փաստ է սակայն, որ ՀՀ-ի հետ տարբեր պայմանագրային պարտավորություններով փոխկապված ՌԴ-ն ոչ միայն ինքը չի դատելու մարդասպան ադրբեջանցուն, այլև դեռ անհայտ է՝ ինչի դիմաց «վաճառում է» նրան Ալիևին։ 
 
Մ․Խ․