Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սոնա Աղեկյանը բողոքարկել է իրեն ավագանու անդամի լիազորություններից զրկելու ավագանու որոշումը. Ի՞նչ կորոշեն մանդատազուրկ Նարե-Սոսեն ու «Կարգին Հայկոն»

Սոնա Աղեկյանը բողոքարկել է իրեն ավագանու անդամի լիազորություններից զրկելու ավագանու որոշումը. Ի՞նչ կորոշեն մանդատազուրկ Նարե-Սոսեն ու «Կարգին Հայկոն»
Քաղաքականություն
14:00, 04 март 2024
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության նախկին անդամ Սոնա Աղեկյանը վարչական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով Երևան քաղաքի ավագանու 07.02.2024թ. թիվ 57-Ա որոշումը վերացնել և որպես հետևանք վերականգնել հայցվորի՝ Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները։ Հայցապահանջը դատարան է մուտքագրվել փետրվարի 26-ին, մակագրվել դատավոր Գրիգոր Առաքելյանին, սակայն առայժմ հայտնի չէ՝ արդյոք դատարանն այն վարույթ ընդունե՞լ է, թե՞ ոչ։  

Նշենք, որ, Սոնա Աղեկյանից բացի, Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների նախաձեռնությամբ և քվեարկությամբ դադարեցվեցին նաև «Ազգային առաջընթաց» խմբակցության ցուցակը գլխավորած, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, ինչպես նաև հունվարին իրեն՝ անհայտ անձանց կողմից առևանգելու մասին իրավապահներին հաղորդում տված,  ապա այդ խորհրդավոր  դեպքից հետո երկիրը լքած ու ՌԴ մեկնած  Նարինե Հայրապետյանի (Նարե-Սոսե) լիազորությունները։ Վերջինս, հիշեցնենք, նույնպես  «Մայր Հայաստան» խմբակցության անդամ էր։ Սույն խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն, ի դեպ, ավագանու նիստից հետո հայտարարել էր, թե սույն որոշումը իրենք համարում են  «հակաիրավական» և բողոքարկելու են՝ «մեր իրավաբանները աշխատում են այդ ուղղությամբ»։ Սակայն բողոքարկումը, ինչպես տեսնում ենք, տեղի է ունեցել ոչ թե խմբակցության անունից, այլ անհատական կարգով։    

Հատկանշական է, որ Հայրապետյանն ու Մարությանը չեն վիճարկել (գոնե առայժմ datalex.am-ում չկա նման հայցապահանջ) ավագանու որոշումը, գուցե այն պատճառով, որ օբյեկտիվ ու հիմնավորված են համարում այն՝ մասնավորապես բացակայել են ավագանու նիստերից, չեն մասնակցել քվեարկություններին։ Նարինե Հայրապետյանի պարագայում, օրինակ, տրամաբանական է ավագանու որոշումը անարձագանք թողնելը, քանի որ, ինչպես ինքն է երկիրը լքելուց հետո իր լայվերում հայտարարել, պատրաստվում է հասարակական իր ակտիվությունը ցուցաբերել հեռավար ֆորմատով, այսինքն՝ ֆիզիկապես չգտնվելով ՀՀ-ում։ 

Այլ է Հայկ Մարությանի պարագան. նա, ինչպես ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, չստացավ իր փափագած 50+ տոկոս ձայները և չդարձավ քաղաքապետ, հետագայում էլ  չկարողացավ կոալիցիա ձևավորել ընդդիմադիր «Մայր Հայաստան»-ի և «Հանրային ձայն»-ի հետ՝ այս եղանակով՝ կոալիցիոն քվեարկությամբ  դառնալով քաղաքապետ։ Ավագանու շարքային անդամի կարգավիճակով քաղաքապետարան մտնելը, ինչպես դեպքերի հետագա զարգացումը ցույց տվեց, բնավ Մարությանի սրտով ու «հագով» չէր։ Նա, նկատենք, նույնիսկ իրեն քաղաքապետի թեկնածու առաջադրած «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավարի պաշտոնը չստանձնեց։  

Այնպես որ, ավագանին իր վերոհիշյալ որոշմամբ զրկելով վերջինիս ավագանու անդամի լիազորություններից՝ այսպես ասած, «օգնեց» ազատվել  հոգեբանական դիսկոմֆորտից՝ լեգիտիմացնելով  վերջինիս վերադարձն այնտեղ, որտեղ որ էր «Կարգին Հայկոն» նախքան Երևանի 2023թ. ՏԻՄ ընտրությունները՝ շոու բիզնես։ Վերջինիս, ի դեպ, նախօրեին կարելի էր տեսնել  «Բարի օր»  ֆիլմի պրեմիերային՝ տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Մարությանը աշխույժ զրուցում ու կատակում ֆիլմը դիտելու եկած իր որոշ կոլեգաների հետ։ Երևանի նախկին քաղաքապետը,  ինչպես  հայտնի է, որոշել է նաև առաջիկայում կուսակցություն հիմնել և քաղաքական հետագա գործունեությունը ծավալել իր իսկ՝ սեփական կուսակցությամբ։ Նա, ինչպես հայտնի է, 2018-ին՝ նախքան քաղաքապետի թեկնածու առաջադրվեը,  անդամագրվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որը լքեց 2020 թ. պատերազմի ավարտից հետո։ 
 
Հ. Մանուկյան