Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անթույլատրելի՛ է․ չե՛նք ընտրելու Արթուր Ղազինյանին, ով արդարացնում է զինուժի միջամտությունը ներքաղաքական կյանքին․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV–ի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ

-ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից հետո սա մեր առաջին հարցազրույցն է: Հայտնի է քաղաքացիների վերաբերմունքը, դժգոհությունը՝ մենք հարկեր ենք վճարում, իսկ ԱԺ-ն ինչո՞վ է զբաղված: Դուք, որպես այդ միջադեպին առնչվող պատգամավոր, ունե՞ք մեղքի զգացում, որ ԱԺ-ի հեղինակությունը որոշ չափով խաթարվեց, իհարկե, պետք է նաև հատուկ նշենք, որ այդ միջադեպն ուներ համահեղինակներ՝ ի դեմս «Հայաստան» դաշինքի պատգամավորների:

-Ես համաձայն չեմ համահեղինակ ձևակերպման հետ, ես կասեի՝ հեղինակ, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում, փաստացի սադրեց և փաստացի նաև սկսեց «Հայաստան» դաշինքը: Բռնության առաջին ակտը կատարեց և, կարելի է ասել, «պանդորայի արկղը» բացեց Սեյրան Օհանյանը՝ իր նետած շշով: «Հայաստան» դաշինքի պատգամավորները շիշ էին նետում մեր ուղղությամբ, նույնիսկ մեր կին պատգամավորի ուղղությամբ: Չի կարելի ակնկալել, որ մենք մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ պետք է լռենք ու մեզ պահենք քաղաքակրթության սահմաններում, և դա անընդհատ պետք է շահագործեն, փորձեն ուժեղ, վատ տղայի կերպարի մեջ հեղինակություն վաստակել։ Չի լինելու այդպես:

–Ձեր գործողությունները պատասխա՞ն եք համարում:


-Ես մեր գործողությունները համարում եմ շատ սիմետրիկ:

-Հետաքրքրիր է, երբ սկսվեն խորհրդարանի բուն աշխատանքները, ի՞նչ է կատարվելու ԱԺ-ում: Դուք ՔՊ-ի ներսում քննարկե՞լ եք՝ ի՞նչ վերաբերմունք եք դրսևորելու նման դեպքերում: Ընդդիմադիրների հետ քննարկե՞լ եք այն հարցը, որ երկրում բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած անվտանգայինից մինչև սոցիալ–տնտեսական, եկե՛ք աշխատենք, ինչի համար էլ քաղաքացիները մեզ այստեղ են գործուղել: Կա՞ այդ կոնսենսուսը:


-Մենք ընդդիմության հետ գաղտնի բանակցություններ չենք վարում: Այն, ինչի մասին ասացիք, մենք առաջին նստաշրջանում ԱԺ-ի բարձր ամբիոնից հայտարարել ենք, ընդդիմադիրներին կոչ ենք արել տեղափոխվել կառուցողական դաշտ, աշխատել միասին։ Այո՛, սուր քննադատել, բայց դա անել կոռեկտության ու պարկեշտության սահմաններում: Բայց այն պատասխանը, որ մենք ստացել ենք, հուսադրող չէ: Բայց ԱԺ-ում այդ միջադեպից հետո, կարծում եմ, նման իրավիճակները բացառված կլինեն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: