Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիբրիդային պատերազմի գործիքները. Ովքեր և ինչու են լծվել սահմանազատման մասին կեղծ մեդիաարշավին

Հիբրիդային պատերազմի գործիքները. Ովքեր և ինչու են լծվել սահմանազատման մասին կեղծ մեդիաարշավին
Քաղաքականություն
08:30, 23 апрель 2024
Տավուշում սահմանազատումը ողջունեցին ԵՄ-ն, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, որոնք իրենց տեքստերում հստակորեն արձանագրեցին, որ Ալմա-Աթայի հռչակագրին հղումը դրական ձեռքբերում է, և երկու կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը, Խորհրդային Միության սահմանները ընդունում են որպես երկու երկրների միջև սահմաններ։ Առաջին անգամ Ալմա-Աթային հղում արվեց Պրահայում։ Փաշինյանի և Ալիևի հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկավ Շառլ Միշելը, որից հետո  Փաշինյանը և հայկական կողմը պարբերաբար խոսում էին Ալմա-Աթայի կարևորության մասին, իսկ Ալիևը խուսափում էր դրանից։ Ալիևն անգամ Գրանադա չգնաց, որպեսզի հերթական անգամ ստիպված չլինի վերահաստատել, որ ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Գրանադայի հանդիպման կողմերը՝ Հայաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և ԵՄ-ն, կրկին հղում արեցին Ալմա-Աթայի հռչակագրին։ Ալիևը կրկին խուսափեց դրանից։ 
 
Ակնհայտ էր, որ Արևմուտքը նախկին խորհրդային երկրները ճանաչում է Խորհրդային Միության նախկին վարչական սահմաններով, և նրա համար կարևոր է այս փաստի ամրագրումը։
 
 Ի վերջո, ապրիլի 5-ի՝ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումից առաջ պետքարտուղար Բլինքենը հեռախոսազանգ ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ և կորզեց նրանից հայտարարություն, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի սահմանները՝ Ալմա-Աթայի հռչակագրով ընդունված սահմաններով։ Եվ ահա, վերջապես, սահմանազատման հանձնաժողովում կողմերը, հղում անելով Ալմա-Աթայի հռչակագրին, պայմանավորվեցին Տավուշում սահմանազատումն իրականացնել ըստ Ալմա-Աթայի։ Սա սկզբունք է, որն ընդունվել է նաև հետագայում՝ որպես սահմանազատման հիմք։ Այո՛, այնտեղ դրույթ կա նաև, որ եթե խաղաղության պայմանագրում այլ սկզբունք ընդունվի, ապա հետագա սահմանազատումը կիրականացվի ըստ այդ սկզբունքի։ Ահա այս կետը ընդդիմախոսները քննադատում են՝ երևակայելով, որ Ադրբեջանը կգնա պատերազմի ու կստիպի Հայաստանին պատերազմի բերումով կնքել խաղաղության պայմանագիր, որտեղ չի լինի ամրագրված Ալմա-Աթան։ 

Նախ, սա առաջին փաստաթուղթն է, որի տակ Ադրբեջանը ստորագրելու է, և որտեղ ամրագրված է Ալմա-Աթան։ Հաջորդը՝ ի տարբերություն պնդումների, այս փաստաթուղթն ու պայմանավորվածությունը կապում են Ալիևի ձեռքերը Հայաստանի դեմ նոր պատերազմ սանձազերծելու համար։ Որևէ կերպ Ալիևը չի կարողանալու միջազգային հանրության մոտ անգամ փոքրիշատե լեգիտիմացնել իր նոր հնարավոր հարձակումը։ Հետևաբար՝ պնդումը, թե այս փաստաթուղթը քարտ-բլանշ է Ալիևի ձեռքում նոր պատերազմի գնալու և իր պայմաններով խաղաղության պայմանագիր ստորագրելու՝ անտրամաբանական է։ Բացի դրանից՝ ռազմական ցանկացած հարձակմանը հաջորդում է ոչ թե խաղաղության պայմանագիրը, այլ՝ զինադադարի մասին հայտարարությունը։ Այսինքն՝ պնդումը, թե այս փաստաթուղթը հնարավորություն է տալիս Ալիևին հարձակվել Հայաստանի վրա և խաղաղության պայմանագիր պարտադրել իր կանոններով՝ կրկին հակատրամաբանական է։ 

Մատնանշել Արևմուտքի, միջազգային կառույցների՝ այս փաստաթուղթը ողջունելն ու Ալմա-Աթայի հռչակագրի հղումը կարևորելը և գալ այն եզրահանգման, թե Արևմուտքը ոչ թե դա ողջունում է, այլ խուճապի մեջ է, որովհետև կարծում է, թե այսպիսով Ալմա-Աթան ջրվեց՝ ավելի քան հակատրամաբանական պնդում է։ 

Ակնհայտ է մեկ բան ևս՝ այս գործընթացը ողջունում է Արևմուտքը, և դրան կտրուկ դեմ են Ռուսաստանն ու Հայաստանի ներսում գործող 5-րդ շարասյունը՝ եկեղեցու գլխավորությամբ։ Ինչո՞ւ են դեմ. որովհետև երբ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց միջև նվազեցնում են տարակարծությունները, գալիս են համաձայնությունների, շփման գծերը փոխարինվում են սահմաններով, փոքրանում են պատերազմի հավանականությունն ու հակասությունները, դրանով չեզոքանում է Ռուսաստանի դերը, մեծանում՝ կողմերի ինքնիշխանությունն ու անկախությունը  Կրեմլից։ 

Եվ վերջում՝ ինչպե՞ս են քարոզիչները մարդկանց աչքերում հավաստի թվում։ Նրանք իրենք պատմության սկզբում կատարում են մեկ սուտ պնդում, որը հաճախ անստուգելի է լինում, ապա՝ այդ կեղծ պնդման վրա կառուցում են տրամաբանական եզրահանգումներ, ու ընթերցողին կամ դիտողին ամբողջապես տրամաբանական են թվում քարոզչի արգումենտները, տեսլականն ու կանխատեսումները։ Իրականում, սակայն, իրենց ողջ թեզը կառուցված է մեկ կեղծ պնդման կամ անաղբյուր, ոչ հավաստի պնդման վրա։ Մաքսիմում՝ պնդումն արվում է «իմ ունեցած հավաստի տեղեկություններով» կարգի պնդման վրա։

Հայաստանը գնում է իր ինքնիշխանությունն ամրապնդելու, Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու, հարևանների, հակառակորդների, թշնամիների հետ հարաբերությունները կարգավորելու, ռիսկերը կառավարելի դարձնելու ճանապարհով։ Եվ այն ուժերը, անհատները, կենտրոնները, որոնք ընդդիմանում են սրան, կա՛մ այլ կենտրոնների, կա՛մ անձնական շահերով են առաջնորդվում, կա՛մ գտնվում են այդ ուժերի, կենտրոնների ու անձանց ազդեցության տակ։ Հարկ է նշել, որ բացարձակ կապ չունի, թե այդ մարդիկ, ուժերը ներկայանում են որպես ազգայնակա՞ն, պրոռուսակա՞ն, թե՞ արևմտամետ դիրքերից։ 
 
Վովա Հակոբյան

Լուսանկարը` Հետքից