Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկրից չորեքթաթ փախածները ժողովրդին ոտքի ելնելու կոչ են անում. «Հայրենասիրական լայվ»` ռուսաց թագավորի հովանու ներքո

Երկրից չորեքթաթ փախածները ժողովրդին ոտքի ելնելու կոչ են անում. «Հայրենասիրական լայվ»` ռուսաց թագավորի հովանու ներքո
Քաղաքականություն
22:00, 23 апрель 2024
Հեղափոխությունից  հետո երկրից սեփական նախաձեռնությամբ վռնդված,  այսինքն՝ ինքնավռնդված, «չորս ոտքով» ՌԴ ծլկած նախկին ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանը՝ լայն շրջանակներին   հայտնի  որպես «ԴԱՀԿ-ի Միհրան», ապրիլի 24-ը որոշել է դարձնել  ՀՀ վարչապետին վռնդելու օր։  Պետության հաշվին հարստացած  և այժմ էլ նույն այդ պետությունը փրկելու հայտ ներկայացրած  նախկին բարձրաստիճան պաշտոնյան երկու օր առաջ ՌԴ-ի իր «բունկերից» եթեր էր մտել և, հեծնելով   իր կանաչադարչնագույն բազկաթոռը,  ճոճելով սուրը (իր դեպքում՝ լեզուն),  «քշել» էր դեպի «կառավարական դաչա» և 48 ժամ ժամանակ   տվել Նիկոլ Փաշինյանին, թե. «Սիրելի ժողովուրդ, 48 ժամ ժամանակ ենք տալիս Նիկոլ Փաշինյանին, որպեսզի անի հայտարարություն, որ ոչ մի թիզ հող թշնամուն չի տալու... նորից եմ ասում (նստած տեղում անհանգիստ շարժում անելով, հայացքով դեպի տեսախցիկը հակվելով-խմբ.)՝ 48 ժամ ժամանակ ենք տալիս Նիկոլ Փաշինյանին, որ թշնամուն չի հանձնելու ոչ մի թիզ հող։  Եթե էդ հայտարարությունը մինչև ապրիլի 23-ը, ժամը 17։00-ն տեղի չունեցավ, բոլորիդ կոչ եմ անում մեկ մարդու նման ապրիլի 24-ին հավաքվել Հանրապետության հրապարակ և վռնդել այդ ազգադավ իշխանությանը։ Մեզ ծնկի իջած ղեկավար պետք չի։ Տալիս ենք 48 ժամ ժամանակ, 48 ժամ, Նիկոլ Փաշինյան, հայտարարություն չարեցիր, մեկ մարդու նման ամբողջ ազգը ոտքի է ելնում և վռնդում է քեզ իր իսկ բարձրացրած պատվանդաՄից»,- հաթաթա էր տվել  «Հայոց համազգային միասնություն» անունով կուսակցություն բացած  «Միհրան դյուցազունը»։  Ինչպես երևում է՝ օտար հողում գտնվելու այս շրջանում  պարոն Պողոսյանը հարստացրել է յուր բառապաշարը հայրենասիրական տերմիններով («ծնկի իջած», «ազգադավ» և այլն), բայց այ «պատվանդան»  բառի ստուգաբանությանը տեղյակ չէ, ուստի  կոպիտ ուղղագրական սխալով է արտաբերում,  բառի վերջին բաղադրիչը «անդամ» բառի հետ առնչություն չունի։ 

Պողոսյանի մոտ, ինչպես երևում է, հայրենիքը լքելուց հետո տեղի է ունեցել նաև ժամանակի զգացողության կոպիտ խախտում, թեև ԴԱՀԿ ծառայության նախկին պետը, ասում են,  հաշվելուց լավ է.  նա ապրիլի 20-ին, ժամը 15։46-ին էր եթեր մտել ու 48 ժամ տվել Փաշինյանին,  բայց նույն ուղերձում  նշել էր ապրիլի 23-ը, ժամը 17։00-ն։ Ոնց հաշվում ենք, ապրիլի 23-ին լրանում է ոչ թե 48 ժամը, այլ... 72 ժամը։  Երեկ էլ՝  ապրիլի 22-ին, ժամը 16։ 38-ին,  վերահաշվարկելով  իր տված ժամանակը և երևի զգալով, որ  48 ժամը արդեն լրացել է, Պողոսյանը նորից եթեր է մտել ու... այս անգամ  սև աթոռ հեծնած,  «քշտած» թևերով սպիտակ վերնաշապիկը  հագած ասմունքել. «Հարգելի ժողովուրդ, հայեր, ոտքի ելեք, պահն օրհասական է, ծնկի իջած իշխանությունը դարձել է մեր թշնամու ստրուկը, զրոյացրել է մեր արժանապատվությունը, չի ճանաչում մեր փաստացի սահմանները, որով և կապել է ՀԱՊԿ-ի ձեռքերը (Պողոսյանը, ինչպես երևում է, Լավրովի «լայվերը» ուշադիր է լսել ու ՀԱՊԿ-ի մասին միտքը այդտեղից է քաղել-խմբ.)։  

48 ժամը,  որը տրվել էր Նիկոլ Փաշինյանին, լրացավ։ Հայե՛ր, ժողովո՛ւրդ, ոտքի ելեք, ապրիլի 24-ին մեկ մարդու նման հավաքվում ենք Հանրապետության հրապարակում և վռնդում ենք այս ազգադավ իշխանությանը։ Հայի արժանապատվությունը պետք է վերականգնվի, հայի ոգին անպարտելի է, շնորհակալ եմ»։ Ծափահարություններ, օդային համբույրներ, և, ինչպես կասեր հայտնի ֆիլմի հերոսը. «Ըդի Չապլինը լավ կըսեիր, միմիկադ լավ էր, մենակ թե... ինչխ է՞ր... ռադիլը, կրակադիլը... հը ըն, լա՛վ չէր, լավ չէ՛ր, անբնական էր։   Բան չկա, լա՛վ կեղնի»։   

Ինչ է ստացվում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, երբ մարդիկ օրվա խորհրդին համահունչ հազարներով մեկնում են Ծիծեռնակաբերդ՝  հարգանքի տուրք մատուցելու,  քաղաքական գործիչ հռչակված որոշ սուբյեկտներ որոշել են օգտագործել  իրենց թելադրված արկածախնդրական օպերացիաներում ժողովրդին  ներգրավելու համար։  Այսինքն՝  սգո օրը վերածել  Ցեղասպանության զոհերի հիշատակն անարգելու, պղծելու օրվա՝ դրանից բխող հետևանքներով։ Ժողովուրդը նման սուբյեկտներին բնորոշող հատուկ տերմին ունի՝ «անսրբություն», ուստի ենթադրում ենք, որ «ռուսաց թագավորի» հովանու ներքո գործող, վերջինիս հրահանգները ծնկաչոք կատարող՝  «լայվերով» հայրենիքը փրկողների կոչերին կարձագանքի արժանապատվորեն՝ արհամարհանքով։ 
Ինչ վերաբերում է ոտքի ելնելուն. ապօրինի գույքի բռնագանձման գործով   պատասխանող Միհրան Պողոսյանն առաջինը պետք է հետևի իր իսկ կոչին ու ոտքի ելնի։ Ոտքի ելնելուց հետո էլ վերցնի անձնագիրն ու երկու, թե՞ չորս ոտքն առած շտապի վերադառնալ Հայաստան, ներկայանալ իրավապահ մարմիններին՝  ցուցմունքներ տալու  իրեն առնչվող քրեական  գործերով։  

Այնպես որ,  հետախուզման մեջ գտնվող, ՌԴ-ում փախստականի կարգավիճակ ստացած  Պողոսյանին սպասում են Հայաստանում, սպասում է թե՛ ժողովուրդը, թե՛  ժողովրդի կողմից ընտրված  իշխանությունը՝ ի դեմս իրավապահ մարմինների։ Հետևապես  ՀՀՄ նախագահը  24 ժամից էլ պակաս ժամանակ ունի ապացուցելու, որ ունի արժանապատվություն՝ չի վախենում քննչական մարմիններից։  
 
Հեղինե Մանուկյան