Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծիծեռնակաբերդում ԱԺԲ-ականների վարքագիծն անշնորհքություն էր. նրանք Հայաստանում սպասարկում են ռուսական ծրագրերը

Ծիծեռնակաբերդում ԱԺԲ-ականների վարքագիծն անշնորհքություն էր. նրանք Հայաստանում սպասարկում են ռուսական ծրագրերը
Քաղաքականություն
18:00, 24 апрель 2024
Այսօր՝ ապրիլի 24-ին, Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում Ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչները աչքի ընկան հերթական լկտի պահվածքով՝ անարգելով Ցեղասպանության զոհերի հիշատակը. նրանք սկսեցին վիրավորական վանկարկումներ հնչեցնել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և կրտսեր դստեր ներկայությամբ։ Ազգային դիրքերից հանդես եկող բևեռականներին այդ նողկալի պահվածքից հետ չպահեց ոչ միայն վայրը, այլև փոքր երեխայի ներկայությունը։ Ընդ որում՝ տեսանյութն առաջինը հրապարակեց ռուսական «Սպուտնիկ Արմենիան»։

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը մեկ բառով բնութագրեց կատարվածը՝ անշնորհքություն։  

«Ազգային ժողովրդավարական բևեռի մասին մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ շատ տարօրինակ է իրենց վարքագիծը, որը 2 տարի է, ինչ նկատվում է։ Կարծես իրենց գործողությունները սինխրոնացված են Ռուսաստանի հետ։ Նրանք Հայաստանում սպասարկում են ռուսական նարատիվներն ու ծրագրերը։ Հույս կար, որ իրենք այնպիսի ուժ են, ինչպիսին հանդես են գալիս, բայց 2022-ի փետրվարին, երբ ժողովրդավարական ուժերով համատեղ հայտարարություն ստորագրեցինք, որով նշեցինք, որ բոլոր այն քայլերը, որոնցով ՀՀ իշխանությունը Հայաստանը կտանի դեպի եվրոպական ինտեգրում՝ կաջակցենք իշխանություններին, դրա տակ ստորագրեց նաև Բևեռը»,- ասաց Խուրշուդյանը։ 

Բայց դրանից հետո, ըստ քաղաքագետի,  ԱԺԲ վարքագիծը ուղիղ հակառակի մասին է եղել։ Հենց Ռուսաստանից հրահանգ էր իջնում Հայաստանում 5-րդ շարասյան ակտիվացման՝ ԱԺԲ-ն, ըստ Խուրշուդյանի, ևս ակտիվանում էր ու սկսում պահանջել իշխանափոխություն։

«Մեկը, օրինակ, դա եղավ 2023 թվականին Արցախում կատարված դեպորտացիայից հետո, երբ Ռուսաստանն ակնհայտորեն փորձում էր օգտագործել այդ իրավիճակը Հայաստանում իրավիճակը սրելու և իշխանափոխության հասնելու համար, որպեսզի իրենց խամաճիկներին բերեն դնեն այստեղ իշխանության՝ դրանով կաթվածահար անելով Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման գործընթացը։ Եվ ԱԺԲ-ն ևս շատ ակտիվորեն լծվեց այդ նույն գործին։ Դրանից հետո էլի կային դեպքեր, որ նույնանման վարքագիծ դրսևորեցին։ Ես դա բարձրաձայնել եմ, դրա համար էլ իրենք ինձ թիրախավորել են, որովհետև այդ բացահայտումը իրենց համար շատ տհաճ է՝ հասարակությունը բացահայտել է իրենց», -  ասաց Հովսեփ Խուրշուդյանը։ 
 
 
Վովա Հակոբյան