Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տոնական պարգևավճարից հրաժարվելու մասին հայտարարած որևէ պատգամավոր մինչև այսօր չի վերադարձրել գումարը պետբյուջե

Տոնական պարգևավճարից հրաժարվելու մասին հայտարարած որևէ պատգամավոր մինչև այսօր չի վերադարձրել գումարը պետբյուջե
Քաղաքականություն
21:28, 18 сентябрь 2021
Չնայած երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ԱԺ-ում մեծ հանդիսավորությամբ հայտարարեց, որ իրենք չեն վերցնելու Անկախության տոնի առթիվ ԱԺ-ում տրված պարգևավճարները և դրանք անընդունելի համարեց, իսկ ավելի ուշ նմանատիպ հայտարարություն արեց «Պատիվ ունեմը», տոնական պարգևավճարից հրաժարվելու մասին հայտարարած որևէ պատգամավոր մինչև այսօր չի դիմել ԱԺ աշխատակազմ՝ գումարը պետբյուջե վերադարձնելու համար: 

Civic.am-ը ԱԺ մամուլի խոսնակից տեղեկացավ, որ երեկ մինչև աշախատանքային օրվա ավարտ որևէ դիմում չի եղել ԱԺ աշխատակազմ՝ տոնական պարգևավճարից հրաժարվելու համար: Իսկ այսօր, ինչպես հայտնի է, ոչ աշխատանքային օր է:

Մինչդեռ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր. «Սա մեզ համար անընդունելի է: «Հայաստան» դաշինքի անունից հայտնում եմ, որ մենք չենք վերցնելու այդ պարգևավճարները: Երբ երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, կան վիրավորներ, հաշմանդամներ, այս իրավիճակում պաշտոնյաները շարունակում են ստանալ պարգևավճարներ: Մենք պարգևավճարները հավանաբար կա՛մ կվերադարձնենք պետական բյուջե, կա՛մ սահմանամերձ շրջաններում կիրականացնենք որևէ ծրագիր»: