Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի համար կարևոր է տարածաշրջանում համագործակցային և կառուցողական միջավայրի ձևավորումը․ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան

Հայաստանի համար կարևոր է տարածաշրջանում համագործակցային և կառուցողական միջավայրի ձևավորումը․ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան
Քաղաքականություն
22:29, 20 сентябрь 2021
  ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ 

Սիրելի՛ հայրենակիցներ,Հայաստանի Հանրապետության 30-ամյակի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ և մաղթում առողջություն, տոկունություն և երջանկություն։ Հայ ժողովրդի հազարամյա պատմությունն ունեցել է փառահեղ վերելքների և ցավալի անկումների ժամանակաշրջաններ։ 
Անցած երեք տասնամյակների ընթացքում ևս ունեցել ենք և՛ ձեռքբերումներ, և՛ անհաջողություններ։

Այսօր մեր ժողովուրդը մեծ ցավ է ապրում 44-օրյա պատերազմի հետևանքով ունեցած մեծ կորուստների, իր հերոս զավակների նահատակության, բազմաթիվ խեղված և գերեվարված զինվորների համար, սակայն պատրաստ է զորավիգ լինել իր պետության անկախության և անվտանգության ամրապնդման, զարգացման և շենացման գործին։ 

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և այսուհետ ևս հետամուտ է լինելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը։ Հայաստանի համար կարևոր է տարածաշրջանում համագործակցային և կառուցողական միջավայրի ձևավորումը, խաղաղության և անվտանգության ապահովմանը միտված միջազգային քաղաքական գործընթացների ակտիվացումը։ Այս իմաստով Հայաստանի Հանրապետությունն առաջնահերթ է համարում արտաքին քաղաքական գործընկերների հետ արդյունավետ հարաբերությունների զարգացումը, որի կարևոր բաղադրիչներից մեկը Իրանի Իսլամական Հանրապետության հետ համակողմանի համագործակցության խորացումն է։ Հայաստանի, Արցախի և ողջ հայ ժողովրդի առաջնահերթ խնդիրներից մեկը Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործումն է, սփյուռքահայության բոլոր համայնքների և անհատների ներգրավումը Հայրենիքի հզորացման գործում։Այժմ ավելի քան երբևէ այժմեական է Հայաստանում, Արցախում և ողջ սփյուռքում միասնականության և համագործակցության մթնոլորտի ձևավորումը, ապագայի նկատմամբ պատասխանատվության և լավատեսության տրամադրությունների արմատավորումը։ 

Բարին ընդ ձեզ։