Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ է նախատեսված Հայաստանի Անկախության 30-ամյակի միջոցառման ծրագրում. տոնական հրավառություն չի լինելու

Ի՞նչ է նախատեսված Հայաստանի Անկախության 30-ամյակի միջոցառման ծրագրում. տոնական հրավառություն չի լինելու
Հայաստան
18:35, 09 сентябрь 2021
Քանի որ Հայաստանի Անկախության 30-ամյա հոբելյանի տոնին նվիրված միջոցառման վերաբերյալ արդեն իսկ տարաբնույթ հակասական կարծիքներ են հնչում, իսկ 44-օրյա պատերազմի որոշ հերոսների ծնողներ պահանջում են չեղարկել 30-ամյակի միջոցառումը, Civic.am-ը ՀՀ կառավարությունից խնդրեց տեղեկություն փոխանցել, թե կոնկրետ ի՞նչ միջոցառում է նախատեսվում Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին։ 

ՀՀ կառավարության լրատվականից մեզ փոխանցեցին, որ սեպտեմբերի 21-ին ժամը 20։00-ին մեկնարկելիք Անկախության 30-ամյակի միջոցառմանը Հանրապետության հրապարակում հնչելու է դասական երաժշտություն, հնչելու են նաև բոլոր ժամանակների սիրված երգեր, ինչպես նաեւ կլինեն նոր կատարումներ: Միջոցառման ավարտին տոնական հրավառություն նախատեսված չէ։

Նշենք, որ կառավարության երեկվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Անկախության օրվա տոնակատարություններին և նշել. «Հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց որոշում ենք կայացրել, որ ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի»:

Կառավարության ղեկավարը հավելել էր, որ  տոնական միջոցառումն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին։