Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կան տոներ, որոնք չվերացվող արժեք են, Հայաստանի անկախությունը ամենամեծ արժեքն է, անտեսել սեպտեմբերի 21-ը, կարծում եմ, չի կարելի. Ռուբեն Բաբայան

Կան տոներ, որոնք չվերացվող արժեք են, Հայաստանի անկախությունը ամենամեծ արժեքն է, անտեսել սեպտեմբերի 21-ը, կարծում եմ, չի կարելի. Ռուբեն Բաբայան
Քաղաքականություն
20:33, 08 сентябрь 2021
Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Անկախության օրվա տոնակատարություններին և ասել հետևյալը․ «Հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց որոշում ենք կայացրել, որ ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի, և ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն։ Այդ տոնակատարությունն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»։

Վարչապետի այս հայտարարությունից հետո, որոշ զոհված զինծառայողների հարազատներ հայտարարում են, որ թույլ չեն տալու այդ օրը տոնակատարություններ իրականացվեն և անեծքներ են հնչեցնում վարչապետի հասցեին։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ։

 «Ես կարծում եմ, որ սա մեր ամենակարևոր տոնն է։ Հայաստանի անկախությունը ամենամեծ արժեքն է, որովհետև, երբ մենք խոսում ենք մեր ազգային իղձերի մասին, ինքնությունը պահպանելու մասին, ես կարծում եմ՝ դրա միակ ճիշտ ձևը անկախ պետականություն ունենալն է: Ուրիշ բան է, թե որքանով է մեր երկիրն ինքնիշխան այսօրվա վիճակով կամ նույնիսկ 30 տարի առաջ։ Կարծում եմ, որ տոնը իմաստավորվում է այն ժամանակ, երբ որ բացատրվում է անկախ պետականության իմաստը և կարևորությունը։ Թե ինչ ձև են ընկալում, դա արդեն քննարկելու հարց է և այլն, բայց անտեսել սեպտեմբերի 21-ը, կարծում եմ, չի կարելի»,- ասաց Ռուբեն Բաբայանը։

 Նա նշեց, որ Հայաստանի անկախության օրը անպայման չէ քեֆ-ուրախություն անել, և մենք պետք է հասկանանք, որ կան տոներ և իրադարձություններ, որոնք չվերացվող արժեք են։

 «Եթե մենք իսկապես ուզում ենք մնալ հայ, պահպանել մեր պետությունը, կարծում եմ՝ կարևոր է փորձել հասկանալ, թե անկախ պետականություն կերտելու ճանապարհին որտեղ ենք մենք գտնվում, ինչ սխալներ ենք թույլ տվել, ինչը պետք է ուղղենք, ինչ է վերջիվերջո նշանակում անկախ պետութուն ունենալը։ Կարծում եմ, մեր հասաարկության մի որոշ մաս տարբերություն չի տեսնում անկախ պետության և գաղութի միջև։ Ես ավելի շատ կարժևորեի այդ տոնը այդ բացատրական աշխատանքի տեսակետից»,- ասաց Ռուբեն Բաբայանը։ 

Լիլիթ Թադևոսյան