Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամանորյա արձակուրդը կրճատելով՝ հյուրանոցներն ինչքա՞ն են տուժելու. Թովմասյանը՝ Քերոբյանին

Ամանորյա արձակուրդը կրճատելով՝ հյուրանոցներն ինչքա՞ն են տուժելու. Թովմասյանը՝ Քերոբյանին
Քաղաքականություն
11:32, 26 октябрь 2021
Այդ 1-2 օրվա աշխատանքն այդքան կարևո՞ր է։ Տնտեսապես ի՞նչ է մեզ տալու այդ 1-2 օրն աշխատելը։ ԱԺ-ում Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախագծի քննարկման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարին այս հարցն ուղղեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ 

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց՝ նախարարն ամեն առիթով խոսում է տնտեսական ակտիվության մասին, բայց այս նախագծի վերաբերյալ բազմաթիվ գործարարներ, մասնավորապես հանգստյան աշխատանքը կազմակերպողները դժգոհություն են հայտնում, որ 1-2 օր կրճատելով նրանց եկամուտներից ահռելի գումար է կրճատվում։

Վահան Քերոբյանը նշեց, որ իրենց անցկացրած հարցումները ճիշտ հակառակ պատկերն են ցույց տալիս.

«Այն հյուրանոցները կամ այն ռեստորանները, որոնք հույս ունեն, որ ամանորյա արձակուրդների ժամանակ պետք է ավելի շատ գումար աշխատեն, նրանք շատ ուրախ են, որովհետև ակնհայտ է՝ մարդկանց մեծ մասը տոներին կմնա Հայաստանում, արտերկիր չի մեկնի, ինչը հնարավորություն կտա մարդկանց ճամփորձել երկրի ներսում։ Նախագածում բերել ենք տնտեսական հիմնավորումները։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այս գործողության արդյունքում ամբողջ ՀՆԱ-ն, այդ թվում նաև առևտուրն էապես կաճեն»,-նշեց նախարարը։

Թագուհի Թովմասյանը նշեց, որ ամեն դեպքում իր համար անհասկանալի է, քանի որ եթե ամանորյա արձակուրդից 4 կրճատում են, նշանակում է՝ հյուրանոցային տնտեսությունները 4 օր պակաս են աշխատելու, հետևաբար ինչպես կարող են ուրախ լինել։

«Թվային պատկեր ունե՞ք։ Եթե հյուրանոցային տնտեսություններին զրկում ենք ամանորյա տոներին երկարաժամկետ աշխատելու հնարավորությունից, ի՞նչ է դա մեզ տալու, հյուրանոցներն ինչքա՞ն են տուժելու»,-ասաց Թագուհի Թովմասյանը։

Վահան Քերոբյանն ընդդիմադիր պատգամավորին վստահեցրեց՝ բոլոր հաշվարկներն արված են։ Հյուրանոցներն էլ, ռեստորաններն էլ այդ օրերին ավելի շատ գումար են աշխատելու։