Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճիշտ կլիներ հունվարի 2-ը պահել որպես ոչ աշխատանքային օր. Շիրակ Թորոսյան

«Ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատելու հետ կապված ես շատ մեծ խնդիր չեմ տեսնում, բայց ճիշտ կլիներ հունվարի 2-ը պահել, որպեսզի 31, 1, 2 այդ օրերը մարդիկ կարողանային և՛ տոն նշել, և՛ հիշատակ, և՛ նաև հանգստանալ»,- այսօր`հոկտեմբերի 26-ին ԱԺ հերթական նիստում ասաց ԱԺ ՔՊ պատգամավոր Շիրակ Թորոսյանն անդրադառնալով Ամանորին ոչ աշխատանքային համարվող օրերի կրճատմանը:

«Ես խնդիրն ուրիշ տեղ եմ տեսնում` եթե ուսումնասիրում ենք համաշխարհային փորձը տեսնում ենք, որ ամիսը մեկ օր միջին հաշվով մարդիկ ոչ աշխատանքային օր ունեն հիշատակի ու տոների հաշվին: Հիմա ես հապճեպ հաշվեցի և ստացվեց 11 օր, եթե հունվարի 2-ը միացնենք կլինի 12 օր: Եվ մենք կունենանք ամիսը մեկ օր լրացուցիչ ազատ օր: Իհարկե հունվար և մայիս ամիսներին մենք կուտակումներ ունենք, այնուամենայնիվ դրանք պատմական իրադարձություններ են և չենք կարող տոները տեղափոխել»,-հավելեց նա: 

Պատգամավորը մեջբերեց, որ հաճախ այնպես է լինում, որ ոչ աշխատանքային` տոնական օրը համընկնում է շաբաթ, կիրակի օրերին և մարդն իր ազատ լինելու և հանգստանալու լրացուցիչ օրվա իրավունքից զրկվում է. «Ճիշտ կլինի այս խնդիրը դիտարկել և ընդունել որպես առաջարկ, որ շաբաթ և կիրակի օրերին համընկնող տոնական ոչ աշխատանքային օրվա հաջորդ երկուշաբթին դարձնենք ոչ աշխատանքային օր»: