Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր ներկայացրած նախագիծը քաղաքակրթական է․ Վահան Քերոբյանը՝ ամանորյա օրերը կրճատելու վերաբերյալ նախագծի մասին․ Տեսանյութ

ՀՀ ԱԺ-ում այսօր քննարկվում է Կառավարության կողմից ներկայացրած «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ելույթում նշեց, որ 13 ամիս առաջ այս դահլիճում հայտարարվեց ռազմական դրություն և ինքն իր եղբայրների հետ գնաց զինկոմիսարիատ ու մեկնեցին պատերազմ։

«44 օրվա և դրանից հետո ևս 8 օրվա ընթացքում ես ամեն օր տեսել եմ, թե ինչպես ենք մենք անպատրաստ եղել այդ պատերազմին։ Թե՛ որպես մարդ, թե՛ որպես բանակ, թե՛ որպես երկիր մենք չենք կարողացել 26 տարվա ընթացքում ամրապնդել մեր հայրերի հաղթանակը, նույնիսկ ցեմենտել այն։ Նույնսիկ ամենահայրենասեր մարդիկ  լինելով անպատրաստ՝ դառնում են երկչոտ և խոցելի։ Այնպես ստացվեց, որ պատերազմ գնալուց պայուսակիս մեջ մնացել էր այս գիրքը՝ «Յուրահատուկները, հաջողության պատմությունը» գիրքը, այստեղ կարևորվում է, թե ինչքան կարևոր է մարդու ծննդյան ամսաթիվը Կանադայում, Չեխիայում ու շատ այլ երկրներում, որպեսզի հաջողության հասնեն հոկեյում կամ ֆուտբոլում»,-ասաց Վահան Քերոբյանը։

Նա նշեց, որ իրենց ներկայացրած նախագիծը զուտ տեխնիկական կամ տնտեսական նախագիծ չէ, այն քաղաքակրթական նախագիծ է, որը որպես ազգին առաջնորդող մարմին ԱԺ-ն պետք ազդարարի աշխատանքի՝ որպես հաջողության հասնելու միակ հնարավոր ճանապարհի մասին։  

Նշենք, որ համաձայն նախագծի Ամանոր և Ծննդյան տոներ` նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), որոնք  համարվում են ոչ աշխատանքային օրեր: