Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երբ Ամանորյա տոները երկար են լինում, քաղաքացիները այլ երկրներում են հանգստանում, տեղի է ունենում Հայաստանից գումարների արտահանում. Գևորգ Պապոյան

«Ամանորյա տոները երբ երկար են լինում, այդ երկարության հաշվին քաղաքացիները սովորաբար այլ երկրներում են հանգստանում և Հայաստանից տեղի է ունենում գումարների արտահանում: Իսկ, եթե տոները կարճ են լինում այդ գումարներն ուղղվում են Ծաղկաձորի, Դիլիջանի, Աղվերանի, Ջերմուկի և այլ վայրերի հյուրանոցային օբյեկտներին»,- այսօր`հոկտեմբերի 26-ին ԱԺ հերթական նիստում ասաց ԱԺ ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանն անդրադառնալով Ամանորին` ոչ աշխատանքային համարվող օրերի կրճատմանը:

«Առաջին դեպքում շահող են հանդես գալիս ընդամնեը մեկ-երկու տուրիստական ընկերություններ, իսկ երկրորդ դեպքում շահող են հանդես գալիս ամբողջ հյուրանոցային բիզնեսը` հարյուրավոր հյուրանոցային համալիրներով»,-հավելեց Պապոյանն ու նշեց, որ երբ ասում են տոները երկար լինի, որ մարդիկ կարողանան հյուրանոցներում հանգստանան, և եթե այդ տրամաբանությունը ճիշտ է` ապա ամեն ամսվա առաջին կեսը հայտարարեն ոչ աշխատանքային և այդ ընթացքում հյուրանոցները միշտ լիքը կլինեն. «Բայց վախենամ այդ դեպքում ոչ մեկը չունենա գումար, որովհետև աշխատանքն է, որ ստեղծում է գումար: Մենք աշխատել սիրող ժողովուրդ ենք, բայց մեր օրենսդրությունն այդքան էլ չի նպաստում այդ աշխատելու կուլտուրան մտցնելու: Մենք պետք է սովորենք 8:45 գալ աշխատանքի, ոչ թե 9:15, և 18:15 մտածել աշխատանքից տուն գալու մասին, այլ ոչ թե 16:30-ից մտածել տուն գնալու մասին:»