Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամանորյա օրերին պետական ծառայողներն են միայն ամբողջ ծավալով հանգստանում. Վլադիմիր Վարդանյան

Ամանորյա օրերին պետական ծառայողներն են միայն ամբողջ ծավալով հանգստանում. Վլադիմիր Վարդանյան
Քաղաքականություն
14:11, 21 октябрь 2021
«Երբ որ մենք փոփոխություն ենք կատարում, և շաբաթ օրը դառնում է աշխատանքային, իսկ երկուշաբթին ոչ աշխատանքային, մենք խնդիր ենք ունենում հատկապես այն ընկերությունների հետ, որոնք աշխատում են արտերկրի հետ»,- «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
 Նա նշեց, որ եթե շաբաթ օրը եկել ես գործի, դու որևիցե եղանակով չես կարող կապվել քո գործընկերների հետ, որովհետև շաբաթ օրը նրանց մոտ հանգստյան օր է, երկուշաբթի էլ դու չես աշխատում, քեզ հետ չեն կարողանում կապվել։ 

«Երբ որ մենք ասում ենք՝ 1-ից մինչև 6-7-ը հանգստյան օրեր են, դա շատ ֆորմալ է, որովհետև շատ ընկերություններ ստիպված են լինում այդ ընթացքում օրենսդրություն խախտել։ Մենք գիտենք, որ օրացույցով, աշխատանքային օրենսդրությամբ ոչ աշխատանքային օրեր են, բայց գիտեք՝ կան գործունեության որոշ տեսակներ, որոնք ենթադրում են անընդհատ աշխատանք, և այդ անընդհատ աշխատանքի պարագայում անձը պետք է ներկա գտնվի։ Եվ սա հանգում էր նրան, որ ըստ էության մեր գործատուները շատ դեպքերում ստիպված են լինում նույնիսկ օրենսդրությունը խախտել, որովհետև ոչ աշխատանքային օրով հրավիրում էին աշխատանքի, իսկ վարձատրության պարագայում այդ կրկնակի վարձատրության էլեմենտն ըստ էության բացակայում էր»,- ասաց նա։

Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ ըստ էության պետական ծառայողներն են միայն ամբողջ ծավալով հանգստանում, այն էլ՝ ոչ այն ծառայողները, որոնք պետք է 24-ժամյա ռեժիմով աշխատեն, որովհետև ոստիկանությունում հերթապահություն կա, այլ մարմիններում հերթապահություն կա։

«Մենք ըստ էության բերում ենք իրավիճակը այն իրավիճակին, որը առկա էր մեր իրականության մեջ։ Այսինքն՝ բերում ենք և օրենսդրական կարգավորումները, դե յուրե իրավիճակը համապատասխանեցնում ենք դե ֆակտո իրավիճակին»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Վլադիմիր Վարդանյանն առաջարկեց կողմ քվեարկել նախագծին։