Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վրաստանն առաջարկում է «Խաղաղ հարևանության» իր պլատֆորմը՝ ի պատասխան «3+3» ֆորմատի, որն իրեն հարմար չէ, քանի որ Արևմուտքը դրանում չկա». վրացագետ

«Վրաստանն առաջարկում է «Խաղաղ հարևանության» իր պլատֆորմը՝ ի պատասխան «3+3» ֆորմատի, որն իրեն հարմար չէ, քանի որ Արևմուտքը դրանում չկա». վրացագետ
Քաղաքականություն
17:31, 11 ноябрь 2021
Այսօր «Մեդիա» կենտրոնում «Միջնորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև. ի՞նչ է առաջարկում Վրաստանը» թեմայով ասուլիսի ժամանակ վրացագետ Ջոնի Մելիքյանը նշեց, որ Վրաստանը պոտենցիալ շահագրգիռ երկիր է, որ այս տարածաշրջանում գործընթացները լինեն կայուն և անվտանգ, որպեսզի նրանք կարողանան ներդրումներ ապահովել իրենց տնտեսության համար։ Այսպիսով՝ Վրաստանը, առաջարկելով նոր պլատֆորմ, փորձում է պրոակտիվ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև հետպատերազմյան պրոցեսներում և իր հնարավորությունների շրջանակներում աջակցել կողմերին։

Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից առաջարկվող
«3+3» ֆորմատին՝ պարոն Մելիքյանը նշեց, որ Վրաստանի և Հայաստանի համար այս ֆորմատը հարմար չէ, և երկու երկրներն էլ նշել են այդ մասին։

«Հայաստանի կողմից ևս եղել է շեշտադրում, որ այդ ֆորմատը չպիտի ունենա իր օրակարգում հարցեր, որոնք քննարկվում են նաև այլ հարթակներում։ Այն պետք է հստակություն պարունակի, քանի որ առաջարկվում է մի բան, որի տակ  որևէ կոնկրետություն դրված չէ»,- նշեց նա։

Վրացագետի խոսքով՝ երբ ռուսական կողմից հնչում են հայտարարություններ, որ սա կոնսուլտատիվ տարր կրող  ֆորմատ է լինելու, ապա տեսնում ենք, որ կիրառական մասով Վրաստան-Ադրբեջան, Վրաստան-Թուրքիա համագործակցություն և կոնսուլտացիաներ կան։ Կան նաև Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Իրան հարաբերություններ, սակայն տարածաշրջանում կան մի քանի պետություններ, որոնք ունեն խնդիրներ միմյանց հետ, օրինակ՝ Ռուսաստան-Վրաստան, Հայաստան-Ադրբեջան։

«Այս պարագայում, ի պատասխան «3+3» ֆորմատի, Վրաստանի վարչապետը առաջարկում է «Խաղաղ հարևանության» իր պլատֆորմը, որի հիմնական պատճառը, կարծում եմ, «3+3»-ի մեջ Արևմուտքի չլինելն է, քանի որ Վրաստանը  ձգտում է  իր եվրաատլանտյան արտաքին քաղաքականությանը։ Նաև պատճառաբանվում է Ռուսաստանի գործոնը, այդպիսով Վրաստանին այդքան հարմար չէ այս ֆորմատը»,- նշեց նա։ 

Ըստ Մելիքյանի՝ այստեղ առաջնայինը պետք է համարենք ոչ թե Ռուսաստանի գործոնը, ինչը բազմիցս շահարկվում է Արևմուտքի կողմից՝ այս ֆորմատի դեմ խոսելիս, այլ  Արևմուտքի չլինելը «3+3»-ում։ 

«Դրա համար Վրաստանի վարչապետը, հայտարարելով այդ նախաձեռնության մասին, ասաց, որ իրենց կողմից առաջ քաշվող ֆորմատը բաց է բոլորի համար, ում համար կարևոր է կայունությունն այս տարածաշրջանում, և նշեց, որ սա չի փոխարինելու որևէ ֆորմատի, այսինքն՝ այն բոլոր հարցերը, որոնք մենք ունեինք «3+3»-ի դեպքում»,- նշեց վրացագետը՝ հավելելով, որ Վրաստանն այսօր չունի այն ազդեցության լծակները, որն ունի, օրինակ, Ռուսաստանը, որպեսզի լինի միջնորդ երկիր կոնֆլիկտի լուծման հարցում, դրա համար էլ նա, լինելով պրագմատիկ, առաջարկում է երկու կողմերի համար նոր պլատֆորմ։