Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իմ ընտրվելուց հետո Աբովյան քաղաքում ոչ մի կլանային շահի սպասարկում չի լինելու. Աբովյանի ՔՊ թեկնածու

Իմ ընտրվելուց հետո Աբովյան քաղաքում ոչ մի կլանային շահի սպասարկում չի լինելու. Աբովյանի ՔՊ թեկնածու
Քաղաքականություն
12:19, 26 ноябрь 2021
Դեկտեմբերի 5-ին, ինչպես մի շարք համայնքներում, այնպես էլ Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։

Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանը», «Հանրապետությունը» և ՀՅԴ-ն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Պավել Ցուգունյանը, «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը՝ Էդուարդ Բաբայանը, «Հանրապետություն» կուսակցության ցուցակը՝ Էմիլ Հարությունյանը, ՀՅԴ-ի ցուցակը՝ Արման Մեղրյանը։  
Ընտրությունների վերաբերյալ Civic.am-ը զրուցել է ՔՊ-ի ցուցակը գլխավորող Պավել Ցուգունյանի հետ։ 

Խոսելով խոշորացված համայնքում առկա խնդիրների մասին՝ Պավել Ցուգունյանը նախ նշեց, թե ինչպիսի խնդիրներ կան Աբովյան քաղաքում, որոնք իր ընտրվելուց հետո պատրաստվում է լուծել։

«Աբովյան քաղաքում լուրջ խնդիր է հանրակացարանների խնդիրը, ունենք 4-րդ՝ ամենաբարձր վթարայնության կարգի հանրակացարաններ, երկրորդային, երրորդային ճանապարհներն ասֆալտապատված չեն, ծայրամասերում լուսավորություն չկա, ծայրամասեր տրանսպորտ չի հասնում, աղբահանության խնդիր ունենք, անձրևաջրերի խնդիր ունենք, որ կուտակվում են քաղաքի կենտրոնում, ջրահեռացումը պետք է նորմալ կատարվի, ծայրամասերում ոռոգում չկա։ Եվ ամենակարևորը՝ կարելի է  ասել, վերաբերմունքը համայնքի բնակիչների հետ այս պահին բացակայում է։ Տարիներ շարունակ ընտրություններից հետո անհետանում են քաղաքապետարանի աշխատակիցները։ Իսկ խնդիրների դեպքում իրենց վրայից գցում են՝ ուղղորդելով բնակիչներին դեպի այլ կառույցներ և նշելով, թե դա մեր խնդիրը չի։ Բայց չէ՞ որ համայնքի խնդիրները համայնքապետի խնդիրներն են և պետք է խնդիրներին լուծում տան, ոչ թե գցեն իրենց վրայից, բնակիչն էլ ելքեր փնտրի, թե ինչպես իր հարցերը լուծի»,- ասաց Պավել Ցուգունյանը։  

  Ինչ վերաբերում է խոշորացված համայնքի մեջ մտնող գյուղերին, Պավել Ցուգունյանն ասաց, որ օրինակ՝ Պտղնիում բազմաթիվ խնդիրներ կան, 1992 թվականից մինչև մեկ շաբաթ առաջ եղել է նույն գյուղապետը, և այնտեղ ընդհանրապես ոչինչ չի արվել: Բացի դրանից, 90-ականներին մանկապարտեզի շենքն օտարվել է գյուղապետի բարեկամներից մեկին, մանկապարտեզ գոյություն չունի, ճանապարհներ գոյություն չունեն, լուսավորություն գոյություն չունի, ոռոգման ցանց գոյություն չունի։ 

Պավել Ցուգունյանը հիշեցրեց, որ թեև կառավարությունն այդքան մեծ հնարավորություններ էր տվել սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու, սակայն գյուղապետը վերջին մեկ շաբաթվա մեջ է միայն լուսավորության ծրագիր ներկայացրել։
Պավել Ցուգունյանը, որը մեկ տարի աշխատել է որպես «Կոտայք» ՋՕԸ ղեկավար, քաջատեղյակ է նաև, թե որ համայնքում կա ջրի խնդիր, և ինչպես պետք է դա լուծել։ 

«Ջրի խնդիր կա Բալահովիտ համայնքում, որտեղ իսպառ բացակայում է ոռոգման ջուրը։ Որպես «Կոտայք» ՋՕԸ ղեկավար՝ ժամանակին գործող գյուղապետին առաջարկել էի, որ ծրագիր ներկայացնի կառավարություն, որից հետո ես կարող եմ ջուր ապահովել Կոտայքի ջրանցքից, բայց, չգիտես ինչու, չուզեցին դա անել։ Գյուղում չունեն մանկապարտեզ, դա  ևս լուրջ խնդիր է։ Մայակովսկի համայնքում այս տարի վերանորոգվեց մանկապարտեզը, բայց այնտեղ ասֆալտապատման և լուսավորության խնդիր ունենք, որը միանշանակ լուծվելու է։ Արամուսում նոր նշանակված գյուղապետը զրոյից կառուցեց մանկապարտեզ, լուսավորություն, ասֆալտապատում, բոլորն արել է, այնտեղ միայն պետք է փոխվի կամ վերանորոգվի ներտնտեսային ցանցը։ Գեղաշենում հիմնական խնդիրը ոռոգման խնդիրն է, որտեղ անասնապահությամբ զբաղվողներին պետք է օգնել, կենդանիների համար խմելու ջուր պետք է անցկացվի, դա հեշտ հարց է, կարելի է  լուծել»,- ասաց Պավել Ցուգունյանը։

Ընտրվելուց հետո Պավել Ցուգունյանը պլանավորել է Աբովյանում կրթամշակութային կյանքը զարգացնել, ստեղծել երիտասարդական խորհուրդ և ակտիվացնել երիտասարդներին, կառուցել ժամանցի վայրեր, քանի որ ժամանցի պատշաճ վայրեր Աբովյանում չկան, և ինչպես շատերը, ինքը նույնպես՝ լինելով աբովյանցի, իր ժամանցն անցկացնում է Երևանում։ 

Պավել Ցուգունյանը նախատեսում է նաև իջեցնել մանկապարտեզ հաճախող երեխաների վարձավճարները. այս պահին Աբովյանում մանկապարտեզ հաճախող երեխայի համար վճարում են 8000 դրամ: Նախատեսում են նաև բարձրացնել բոլոր ՀՈԱԿ-ների աշխատողների աշխատավարձերը, քանի որ բոլորը ստանում են նվազագույն աշխատավարձ։

«Եվ ամենակարևորը շեշտեմ, որ ընտրվելուց հետո Աբովյան քաղաքում հաստատվելու են օրենքի գերակայություն և իրավահավասարություն, ոչ մի կլանային շահերի սպասարկում չի լինելու»,- ասաց Պավել Ցուգունյանը։

Հարցին, թե ինչպիսի մթնոլորտ է տիրում նախընտրական Աբովյանում, Պավել Ցուգունյանն ասաց, որ նախընտրական վիճակը նորմալ է, և այնպիսի տպավորություն է, որ կարծես նախօրոք պայմանավորվածություն լինի՝ կարմիր գծերը չհատել, թեև ֆեյքերի մակարդակով փորձում են իր վրա, իշխանության վրա ցեխ շպրտել, բայց առճակատումներ, ահաբեկումներ չեն եղել, և  հուսով է, որ նման ահազանգեր չեն էլ ունենա։

«Ես մեր բնակիչներին վստահեցնում եմ, որ մենք յուրաքանչյուր բնակչի կողքին կանգնած ենք,  և մեր իրավապահ մարմինները տեղում են»,- եզրափակեց Պավել Ցուգունյանը։

Լիլիթ Թադևոսյան