Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր էջերում ու ձեր խոսույթում ալիևիզմն ա տիրում․ Գևորգ Պապոյանը՝ ընդդիմությանը

«Նշում եք թշնամական քարոզչամեքենայի էջերի մասին, բա ձեր էջերում ինչ ա, ձեր էջերից էլ Ալիևը չի իջնում։ Սրտատրոփ սպասում եք Հայաստանի հանդեպ հերթական հոխորտանքին, Հայաստանի հերթական ձախողմանը։ Սրտատրոփ սպասում եք, որ մի զոհ լինի և ձեր էջերում դրա մասին թմբկահարեք ու խոսեք։ Ձեր էջերում ու ձեր խոսույթում ալիևիզմն ա տիրում՝ այն է խոսել ու գործել ընդդեմ Հայաստանի Հանրապետության»,- այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ ասաց ԱԺ ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը խոսքն ուղղելով խորհրդարանական ընդդիմությանը։ 

«Նախորդ իշխանությունները ԱԺ նախագահի համար ավելի քան տասը տարի առաջ գնել էին զրահապատ մեքենա։ Այդ զրահապատ մեքենայի՝ օրինակ ավտոմատ փոխանցման տուփը չէր աշխատում, այդ մեքենայի անվադողերը փոխելը միլիոնավոր դրամներ արժեր, այդ զրահապատ մեքենայի ծախսերն ավելի թանկ էին, քան այդ մեքենան։ Եվ ծախսեր-արդյունավետություն տեսանկյունից շատ ճիշտ էր, որպեսզի պետությունն այդ մեքենան իրացնի ու նոր մեքենա գնի»,-ընդգծեց Գևորգ Պապոյանը՝ խոսելով Ալեն Սիմոնյանի շահարկվող ավտոմեքենայի մասին։

Ինչ վերաբերում է ԱԺ ծախսերին՝ Գևորգ Պապոյանն ընդգծեց, որ ընդդիմադիր պատգամավորները երբ ասում են, որ կգան որևէ գործուղման և չեն գնում դա անիմաստ ծախս է դառնում․ «Երբ խորհրդի որոշումով էլ հաստատում ենք գործուղման մեկնելը ու պետությունն իրենց համար գործուղման ծախս է դուրսգրում՝ հյուրանոց ու ավիատոմս է ամրագրում և վերջին օրը չեն գալիս գործուղման՝ այս պարագայում այդ ծախսերը դառնում են անիմաստ»։