Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դուք ի՞նչ գիտեք՝ հետո ինչ է ստացվելու, դա բաց քննարկման նյութ չէ». Անդրանիկ Քոչարյանը՝ ադրբեջանցի 2 գերուն անմիջապես վերադարձնելու մասին

«Դուք ի՞նչ գիտեք՝ հետո ինչ է ստացվելու, դա բաց քննարկման նյութ չէ». Անդրանիկ Քոչարյանը՝ ադրբեջանցի 2 գերուն անմիջապես վերադարձնելու մասին
Քաղաքականություն
13:10, 21 декабрь 2021
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չպատասխանեց հարցին, թե ինչու են ադրբեջանցի երկու գերիները անմիջապես վերադարձվել ադրբեջանական կողմին։ Քոչարյանը հրաժարվեց պատասխանել, թե ինչի՞ դիմաց են գերիները վերադարձվել, և ասաց. «Դուք ի՞նչ գիտեք՝ հետո ինչ է ստացվելու, դա բաց քննարկման նյութ չէ»։ 

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում հայկական կողմից նշանակված ներկայացուցչի մասին հարցին և շահարկումներին, որ Ռուբեն Ռուբինյանը երիտասարդ է և անփորձ՝ համեմատած Թուրքիայի ներկայացուցչի հետ, Քոչարյանն ասաց, որ Ռուբինյանը ԱԺ նախագահի տեղակալն է, դրանից առաջ եղել է արտաքին գործերի նախարարի տեղակալ, բացի դրանից, Ռուբինյանը կունենա շատ ներկայանալի աշխատակազմ։

Հարցին, թե պատրա՞ստ  է արդյոք Անդրանիկ Քոչարյանը գնալ Թուրքիա, վերադառնալ, արդյոք ընդունելի՞ է Քոչարյանի համար հարաբերությունների կարգավորումը, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Կասկածո՞ւմ եք իմ պատրաստակամության վրա։ Իմ կենսագրությունը եթե կարդաք, կտեսնեք, որ կան պաշտոնյաներ, որ որևէ վտանգի առաջ կանգ չեն առել։ Էդ հարցը ինձ մի տվեք։ Հարցը տվեք ձեր այդ հարցը պատրաստողներին՝ պատրա՞ստ են մեր երկրում խառնակչություն քիչ անելու»։

Վերադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ գործընթաց է գնում, որը պետք է միտված լինի հրադադարի ռեժիմի պահպանմանը և խաղաղության հասնելուն՝ առանց հայկական շահերի ոտնահարման։ 
 
Կրկին անդրադառնալով գերիների հարցին՝ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց ամիսներ առաջ իր խոսքը այն մասին, որ պետության պարտականությունն է վերադարձնել բոլոր գերիներին, այդ թվում՝ գերիներին գերիների վերադարձնելու գնով, և արձանագրեց, որ պատերազմից հետո առաջին անգամ հայկական զինված ուժերը գերեվարեցին ադրբեջանցի զինծառայողների, ինչը կարող է զսպող դեր ունենալ Ադրբեջանի համար։ «Վերջին հաշվով լինելու է այնպես, որ մենք պետք է կռվելով կայացնենք մեր ապագա բանակը և կռվելով սովորենք կռվել։ Ոնց որ թե մոռացել էինք ինչ-որ պահի, բանակը դարձրել էինք դիրքապահ բանակ։ Գերիների խնդիրն անպայման լուծվելու է»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։ 

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ինքը մանրամասն ծանոթ չէ փոխանակման պրոցեսին, բայց եթե գերիները հանձնվել են հակառակորդին, ապա դա նշանակում է, որ այդտեղ կան հայկական շահերից և հետաքրքրություններից բխող դրույթներ։