Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերիների հարցը մեր օրակարգում շարունակում է մնալ թիվ մեկը. Անդրանիկ Քոչարյան

Գերիների հարցը մեր օրակարգում շարունակում է մնալ թիվ մեկը. Անդրանիկ Քոչարյան
Քաղաքականություն
12:49, 14 декабрь 2021
«Գերիների հարցը մեր օրակարգում շարունակում է մնալ թիվ մեկը, և ցանկացած քննարկման մեջ, քանի դեռ գերիներ կան, այդ հարցը պետք է լինի մեր օրակարգի առաջնահերթությունը»,- այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե գերիների վերադարձի հետ կապված հարցը արդյոք կքննարկվի՞ Բրյուսելում: 

Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց, որ եթե գերիների շահարկման թեման հանվի մեր ներքին օրակարգից, ապա այդ հարցը շատ հանգիստ, առանց լարվածություն առաջացնելու իր լուծումը կգտնի. «Մենք ունենք ոչ միայն առաջին պատերազմից դեռ մնացած պոչեր, այլև զոհվածներ նաև ադրբեջանցիներից, որոնց հուղարկավորման հետ կապված խնդիրներ ոնց որ դեռ այն ժամանակ էլ կային, և նրանք անտեսեցին, չէ՞»: 

Նրա խոսքով՝ հիմա գերիների հարցով զբաղվում են, հակառակ դեպքում գերիների վերադարձ ընդհանրապես չէր լինի:

Մեկնաբանելով գերիների հետ կապված շրջանառվող լուրերը, թե Ալեն Սիմոնյանն ասել է, որ գերիներ իր համար չկան, Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Լո՞ւրջ եք ասում. պարոն Սիմոնյանի ամբողջական տեքստի՞ց եք ասում, թե՞ էն կտրած կտորից: Հայաստանում սկսվել է մեկ այլ ձևաչափով խարդավանքների նոր պրոցես. դա թաքնված տեսախցիկներն են, որն իրականացնում են մեր ներքաղաքական տիրույթը լարվածության մեջ պահելու համար և անում են հայտնի կուսակցությունների անդամներ՝ դրսում: Դրանք փոխանցվում են այստեղ՝ իրենց ճաշակով կտրած, և դրանից բխում է հրատապ հարցի քննարկում: Եվ հրատապ հարցի փակումը հրատապ հարցի հայտարարումից անմիջապես հետո՝ էդ տեսագրությունը էդ օրը սլիվ անելու համար»: