Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե գերիների խնդիրը չլուծվի ժամերի կամ օրերի ընթացքում, ապա գերիները փոխանակվում են գերիների հետ․ իրենք էլ մի օր առաջ նոր գերի չունեին»․ Անդրանիկ Քոչարյան․ Տեսանյութ

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ առավոտյան է եկել Մոսկվայից, որտեղ մասնակցում էր ՀԱՊԿ անդամ երկրների Խորհրդարանական հանձնաժողովի «Պաշտպանության և անվտանգության» կոորդինացիոն համաժողովին։ Այնտեղ նա զեկույցով է հանդես եկել Հարավային Կովկասում իրավիճակի մասին։ Նշենք,որ հանձնաժողովը տեղի է ունենում ամեն տարի։

«Այդ ելույթը կհրապարակենք, որտեղ կտեսնեք, որ մեր գնահատականները բավականին խիստ են եղել ՀԱՊԿ-ի դանդաղկոտության հետ կապված, բայց ՀԱՊԿ-ը անյպիսին է, ինչպիսին այսօր կա։ Այսօրվա մեր իրողությունները և իրավիճակները թելադրում են, որպեսզի ՀԱՊԿ կառույցները լուծեն իրենց առջև դրված խնդիրները և դուրս գան այդ դանդաղկոտության վիճակից և դառնան ավելի կենսունակ և խնդիրներ լուծող։ Երբ մենք կառավարման կենտրոնում էինք, գեներալ-գնդապետ Սիդորովի հետ խոսել ենք նաև այսօր ստեղծված իրավիճակի մասին, թե հնարավոր զարգացումների դեպքում ՀԱՊԿ-ը ինչպես կարող է ներգրավված լինել նման խնդիրների լուծման առումով։ Պաշտպանության նախարարը առավոտյան, Մոսկվայում նույնպես գտնվում էր շատ կարևոր գործուղման մեջ, մեր ռազմաքաղաքական համագործակցության շրջանակներում։ Նախարարը կգա և եթե նպատակահարմար կգտնի որոշ փակագծեր կբացի», - նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Անդրադառնալով առավոտյան, Ադրբեջանի կողմից 6 հայ զինվորականներին գերեվարելու փաստին, Քոչարյանը նշեց, որ Ադրբեջանը անընդհատ իրականացնում է պրովոկացիոն գործողություններ, մեզ դրդելով համապատասխան քայլերի։ Վերջին հաշվով, եթե գերիների խնդիրը չլուծվի ժամերի կամ օրերի ընթացքում, ապա գերիները փոխանակվում են գերիների հետ։ Դա է թելադրում օրվա պարտադրանքը»-, ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Հարցին, թե մենք ադրբեջանցի գերիներ ունե՞նք, Քոչարյանը նշեց, որ հիմա գերի չունենք, բայց իրենք էլ երեկ նոր գերիներ չունեին։

«Ադրբեջանը, առավոտյան 6 հայ զինծառայողներին առևանգելով սահմանային շատ ծանր իրավիճակ առաջացրեց թե՛ մեզ համար, թե՛
ապագայում իրենց համար և նաև տարածաշրջանի համար։ Մենք ոչ միայն ՀԱՊԿ-ի հետ, այլև Ռուսաստանի հետ ունենք մի շարք պայմանագրեր և այստեղ այդ պայմանագրերն էլ պետք է աշխատեն և երևա, որ կենսունակ են նման խնդիրների գոնե կանխարգելման առումով։ Բայց պետք է նայենք, թե մենք ինչքանով ենք ի վիճակի ինքներս կանխել նման իրավիճակները; Դրա համար, կարծում եմ, որ ժամանակն է,  որ արդեն մտածենք մեր մոբիլիզացիոն ռեսուրսի կարգավորման մասին և բոլոր սցենարներն ունենանք մեր տեսադաշտում։

Այսինքն իրավիճակը կարող է նորից գնա բարդացման։ Վերջին հաշվով մենք գտնվում ենք արտահերթ ընտրությունների շեմին։ Հիմա այս ընտրություններն էլ իրենք էլ իրենց ներքին լարվածություններն են առաջացնում և գնալու են բազմաթիվ շահարկումներ և իրողությունների այլ մեկնաբանություններ։ Իրականում մենք ունենք սահմանային լարվածության աճ և այդ աճը պետք է փորձենք կանխել, իսկ հետագա լարվածությունները կանխելու համար, մեր, ոչ միայն զինված ուժերի կառավարելիության մակարդակը պետք է ունենա թռիչքաձև աճ, այլև մոբիլիզացիոն ռեսուրսի կայացման անհրաժեշտության առաջ ենք այսօր կանգնած», - նշեց Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանը չբացառեց, որ կարող է  ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտություն առաջանա։ «Եթե դեպքերը զարգանան, ապա այդ հարցի քննարկումը կարող է դառնալ իրողություն և բնականաբար քաղաքական ուժերը պետք է գան կոնսենսուսի։ Նման հարցը միանձնյա որոշմամբ չի լինում։ Ե՛վ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ուժերը միասնաբար պետք է գնահատեն ստեղծված իրավիճակը և կայացնեն որոշում», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Անդրադառնալով ՄԱԿ ԱԽ դիմելու հնարավորությանը Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Եթե մեր գործընկեր կառույցները շարունակեն հապաղել, ապա բնականաբար մենք կդիմենք միջազգային կառույցներին, ինչպիսին ՄԱԿ-ի ԱԽ-ն է։