Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում 2022թ. պետբյուջեի քննարկմանը հանդես է եկել եզրափակիչ ելույթով

Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում 2022թ. պետբյուջեի քննարկմանը հանդես է եկել եզրափակիչ ելույթով
Քաղաքականություն
19:00, 23 декабрь 2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է Ազգային ժողովի հերթական նիստին, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր եզրափակիչ խոսքում նախագահ Հարությունյանն անդրադարձել է 2021թ. կատարված աշխատանքներին՝ նշելով, որ Պաշտպանության բանակի և ՌԴ խաղաղապահ զորակազմի շնորհիվ պահպանվող հարաբերական կայունությունը հնարավորություն է տվել լուծել մի շարք կենսական հարցեր և սկսել ծրագրեր, որոնք առաջընթացի կապահովեն: Արայիկ Հարությունյանը խոսել է նաև 2022-2025թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերից: Արցախի կարևորագույն խնդիրն, ըստ նախագահի, եղել և մնում է ժողովրդագրությունը, և առաջիկա տարիների բոլոր ծրագրերի նպատակը լինելու է ժողովրդագրական վիճակի բարելավումը: Այդ նպատակով մեկնարկել և նախատեսվում են մի շարք ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական ծրագրեր:
 
Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև բնակարանաշինական մեկնարկած և ապագա ծրագրերին՝ նշելով, որ իր նախընտրական «յուրաքանչյուր ընտանիքին՝ առանձին բնակարան» ծրագիրը մնում է ուժի մեջ: Նա ընդգծել է, որ առաջիկա տարիներին հիմնական շահառու խմբերի բնակարանային կարիքների բավարարումից հետո՝ ընդլայնվելու են բնակարանային ծրագրերի շրջանակները՝ նախընտրական տվյալ խոստման լրիվ իրականացման նպատակով: Նախագահ Հարությունյանը շեշտադրել է նաև սոցիալական մի շարք ծրագրեր՝ ընդգծելով հատկապես այն դրույթը, որ գալիք տարիներին երեխաների նպաստի և կենսաթոշակի չափերը կհասցվեն նվազագույն սպառողական զամբյուղի չափին:
 
Հանրապետության նախագահը խոսել է նաև արտաքին քաղաքական և անվտանգային հարցերի մասին: «Կարծում եմ, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը Արցախում պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ մինչև դրա անհրաժեշտության վերացումը: Եվ այդ հարցում Արցախի ժողովրդի կարիքն ու կարծիքը պետք է լինեն առանցքային գործոններ, քանի որ հենց մենք ենք խաղաղապահ առաքելության հիմնական շահառուները»,- ասել է ԱՀ նախագահը: Արայիկ Հարությունյանը նշել է, որ պատշաճ անվտանգություն ապահովելու ճանապարհին մեկ այլ կարևոր ուղղություն է Պաշտպանության բանակի, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության կարողությունների ու ամրությունների հետևողական զարգացումը՝ հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու իրավիճակի առանձնահատկություննե¬րը:
 
Արտաքին քաղաքական դաշտում շարունակվելու է պայքարը ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի անվերապահ ճանաչման և բռնազավթված տարածքների վերադարձի համար: «Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, որտեղ ինքնորոշման իրավունքի հիման վրա ԱՀ անկախության միջազգային ճանաչումը մեր գլխավոր ու անզիջում նպատակն է, որն ուղի կբացի Արցախյան շարժման վերջնանպատակի իրագործման համար »,- ասել է Արայիկ Հարությունյանը:
 
«Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքն ընդունվել է պատգամավորների ձայների 18 կողմ և 11 դեմ հարաբերակցությամբ: