Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խորհրդարանական ընդդիմությունը «դեմ ըլլալով կողմ է» վարչապետի հետ հանդիպմանը. միայն թե՝ հանդիպման ֆորմատի հարցում են չեմուչում անում

Խորհրդարանական ընդդիմությունը «դեմ ըլլալով կողմ է» վարչապետի հետ հանդիպմանը.  միայն թե՝ հանդիպման ֆորմատի հարցում են չեմուչում անում
Քաղաքականություն
15:57, 24 декабрь 2021
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ»  խմբակցությունները, ինչպես և կանխատեսվում էր, պաշտոնապես մերժել են ՀՀ վարչապետի հետ  «փակ հանդիպման» առաջարկը, որը վերջիններիս արվել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից։ Նախատեսվող  հանդիպման օրակարգը, դատելով նախընթաց իրադարձություններից,  լինելու էր ԼՂ բանակցային պրոցեսի և մասնավորապես բանակցային այն «թղթապանակի» քննարկումը, որը  2018-ին  որպես ժառանգություն ստացել է գործող իշխանությունը։ Հիշեցնենք, որ վարչապետի հետ նստել-խսելու առաջարկը հնչել էր ընդդիմադիր պատգամավորների հետ ամիսներ առաջ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։ «Երաշխավորում եմ, որ դռնփակ խոսակցության ժամանակ բան չի լինի, լրիվ ուրիշ խոսակցություն կգնա, ուրիշ տոներով, ուրիշ բաների մասին և ըստ էության։ Ես ընդունում եմ ձեր առաջարկը և հրավիրում եմ ձեզ, ամբողջ երկու խմբակցություններին հրավիրում եմ հանդիպման ամբողջ կազմով»,- հոկտեմբերի 27-ին ԱԺ ամբիոնից  ասել էր Փաշինյանը։  

Նկատենք, որ այս առաջարկից ժամեր անց ենթադրվող հանդիպման հրավիրյալները  ավանսով մերժեցին  առաջարկը՝ նշելով, թե վարչապետի հրավերով այս պահին կարող է քննարկվել  մեկ  հարց՝  «նրա հրաժարականի տեքստը»։  Իսկ ահա  երեկ տարածված մերժման տեքստում, նկատենք, նախորդ մերժման տեքստի   համեմատ նկատելի առաջընթաց կա։ Մի կողմ թողնելով դրանում առկա մանիպուլյատիվ  հիմնավորումները, թե՝ այս իշխանությունները «ժողովրդից գաղտնի իրականացնում են կասկածելի բանակցություններ՝ առաջ մղելով բացառապես սեփական ապազգային օրակարգը», թե՝ «բանակցային ցանկացած գործընթաց ինքնին չի հանդիսանում պետական կամ ռազմական գաղտնիք»,  ընդդիմադիր խմբակցություններն  այլևս հրաժարվել են  նախորդիվ  առաջ քաշված նախապայմանից՝ վարչապետի հրաժարականի  քննարկումից, և փաստացի համաձայնել են հանդիպում ունենալ։ Ասել է թե՝ «դեմ ըլլալով կողմ են», միայն թե՝ հանդիպման ֆորմատի հարցում են չեմուչում անում, նախընտրում են  «բացառապես բաց» ձևաչափը։ 
Այսուհանդերձ, դժվար չէ կռահելը, թե ինչու են  ընդդիմադիրները  պնդում, որ քննարկումը տեղի ունենա բաց ռեժիմով, այն դեպքում, երբ նոր խորհրդարանի գործունեության ողջ ընթացքում խնդիր չեն ունեցել  իրենց հուզող ամենատարբեր հարցերը վարչապետին հղել բաց, բացեիբաց, ընդհուպ՝ գերբաց  ռեժիմով՝ երբեմն հատելով բացախոսության  թույլատրելի սահմաններն ու էթիկայի կանոնները։  Կառուցողական, պետական շահի սպասարկմանն ուղղված  օրակարգի բացակայությունը ստիպում է  խորհրդարանական ընդդիմությանը այդ բացը լրացնել «Կիսաբաց լուսամուտներ»-ի ոճի շոուի բեմադրմամբ,  որի ընթացքում հերթական անգամ կդիմեն  «կապիտուլյանտ», «դավաճան»,  «հողատու»  ռազմահայրենասիրական  «երրորդությանն» ու «բաց»  քննարկումը կհամարեն կայացած։ 
Մինչդեռ ավելորդ է նշելը, որ երբ  քննարկման օրակարգը վերաբերում է այնպիսի նուրբ հարցի, ինչպիսին բանակցային անցած և ընթացիկ գործընթացն է, ապա այն ենթադրում է  որոշակի խորհրդապահություն ու բանակցային դետալների գաղտնագրում՝ «մի վնասիր» սկզբունքով։ Այս նրբությունը չիմանալ չեն կարող այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ներգրավված են եղել բանակցային գործընթացում, իսկ եթե գիտեն և միտումնավոր են պահանջում  «ավելորդ  բացախոսություն», ապա քննարկման առաջարկն անողը թերևս  կաշկանդվածություն չպետք է ունենա մասնավորապես  ստացած բանակցային ժառանգության  գաղտնազերծման հարցում։
Հարկ է նշել, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը վերջերս վերահաստատել էր Փաշինյանի առաջարկը՝   խորհրդարանական մեծամասնությունը պատրաստ է ընդդիմության հետ ցանկացած ձևաչափով քննարկումների, եթե հարցերը չեն պարունակում գաղտնի տեղեկատվություն։ 

 Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը ս.թ. օգոստոսին ԱԺ նիստում խոստովանեց, որ սխալ է գործել, երբ 2018 թվականին չի հրապարակել նախորդներից ստացած ողջ ժառանգությունը՝ հիշեցնելով նախորդ բանակցողի՝ Սերժ Սարգսյանի՝ 2018 թ.  ապրիլին արտաբերած  խոսքերը, թե բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման հնարավորությունները գործնականում սպառված են, և որ գործընթացը հայտնվել է փակուղում։   

Հ.Գ.  Թե  ինչ է ամփոփված ԼՂ խնդրի կարգավորման «կազանյան փաստաթուղթ» անունով հայտնի բանակցային ժառանգությունում,  մասնավորապես՝ «իդեա ֆիքս» միջանցքի մասին, ենթադրվելիք քննարկումից  «մի ոտ շուտ» իր ֆեյսբուքյան գրառման մեջ գաղտնազերծել է  Արցախի  ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ,  քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։ Ըստ  այդմ՝ «կազանյան փաստաթղթում»  պարզ գրված է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ կունենա «ցամաքային ուղիղ և անարգել կապ»։ «Հիմա, եթե 2011թ.-ին Իլհամն այդ «պայմանագիրն ստորագրեր, Ադրբեջան-Նախիջևան կապի անունն ի՞նչ էին դնելու, ճանապա՞րհ, թե՞ միջանցք։ Մարդիկ ի՞նչ են իրենց կույսի տեղ դրել։ 2000թ.-ից ի վեր այդ հարցը ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի տարրերից մեկն է եղել, նույնիսկ քննարկվել է Մեղրիով Ադրբեջանին «սուվերեն միջանցք» տրամադրելու տարբերակը։ Բանակցային այդ ռեսուրսն ունեցող Ադրբեջանը քառասունչորսօրյա պատերազմից հետո, բնականաբար, պիտի ավելի կոշտացներ դիրքորոշումը։ Ի՞նչ կա այստեղ արտառոց։ Միայն մի բան՝ «սուվերեն միջանցք» և «ուղղակի ու անարգել ցամաքային կապ» բանակցած ուժերն այսօր տեսք են ընդունում, թե դա Նիկոլ Փաշինյանի «գաղտնի պայմանավորվածությունն է»։ Կարո՞ղ եք շտկել իրավիճակը՝ դուրս եկեք հրապարակ, փոխեք իշխանությունը և բացեք Ստեփանակերտ-Բաքու հայկական սուվերեն միջանցք։ Չե՞ք կարող՝ գոնե փաստերը մի խեղաթյուրեք»,- գրել է Աթանեսյանը։

Ի դեպ,  այս «հոյակապ» ժառանգությանը, որին սիրում է անընդհատ հղում անել Սերժ Սարգսյանը, իր իսկ խոսքով՝ վիժեցրել է  Ալիևը՝ Կազանում գրպանից թուղթ հանելով  ու 10 նոր առաջարկներ  ընթերցելով։  Նկատենք, որ մինչև այժմ ո՛չ Սերժ Սարգսյանը, ոչ էլ բանակցային պրոցեսի որևէ մասնակից չի բացահայտել, թե հատկապես  ի՞նչ 10 նոր առաջարկների մասին էր խոսքը։   

Հեղինե Մանուկյան