Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հույս եմ հայտնում, որ մեր ընդդիմադիր գործընկերները հարցականի տակ չեն դնի մարտահրավերները հաղթահարելու հայ ժողովրդի ցանկությունը. Հակոբ Արշակյան

Հույս եմ հայտնում, որ մեր ընդդիմադիր գործընկերները հարցականի տակ չեն դնի մարտահրավերները հաղթահարելու հայ ժողովրդի ցանկությունը. Հակոբ Արշակյան
Քաղաքականություն
12:42, 24 декабрь 2021
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.

Այսօր տեղեկացանք, որ ընդդիմադիր «Հայաստան» և  «Պատիվ ունեմ» խմբակցությունները մերժել են Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների մասին փակ քննարկում անցկացնելու` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված առաջարկը։

Նախ ցանկանում եմ տեղեկացնել մեր քաղաքացիներին, որ նույն ընդդիմադիր պատգամավորների կողմից բազմիցս նշվել է Վարչապետի, պաշտպանության նախարարի և այլ պաշտոնյաների հետ հանդիպման անհրաժեշտությունը։ Այս նպատակով նրանց կողմից նախաձեռնվել է ԱԺ արտահերթ նիստ։

Այնուամենայնիվ, ստանալով փակ քննարկման հնարավորություն, անհասկանալի պատճառաբանությամբ մերժել են հանդիպման առաջարկը։

Պատճառաբանությունը, թե իբր բաց քննարկման անհրաժեշտություն կա` անհիմն է, հաշվի առնելով, որ ԱԺ յուրաքանչյուր նստաշրջանի ժամանակ նման քննարկում, հարց֊պատասխանի ֆորմատով, տեղի է ունենում։ Նման բաց ֆորմատով, սակայն հասկանալի պատճառով, բանակցային պրոցեսի բազմաթիվ նրբություններ չեն կարող բարձրաձայնվել։

Հանդիպումից հրաժարվելու փաստը, ինչպես նաև այն հանգամանքը, որ «Հայաստան» դաշինքը հրաժարվել է միջազգային տարբեր կառույցներում և բարեկամական խմբերում մաս կազմել Հայաստանը ներկայացնող պատվիրակություններին`  ինքնին ապացուցում է, որ մեր ընդդիմադիր գործընկերները միտված չեն տեղեկանալու Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերներին, տեղեկանալու բանակցային նախկին և ներկա իրավիճակին և մանրամասներին, ինչպես նաև միտված չեն լծվել այդ մարտահրավերները միասնական պետական օրակարգով հաղթահարելու գործին` ինչի համար բազմահազար ընտրող քաղաքացիների կողմից գործուղվել են Ազգային ժողով և աշխատավարձ են ստանում պետական բյուջեից։

Հույս եմ հայտնում, որ մեր ընդդիմադիր գործընկերները հետ կկանգնեն այս վտանգավոր գործելաոճից և հարցականի տակ չեն դնի արտաքին մարտահրավերները միավորված կերպով հաղթահարելու հայ ժողովրդի ցանկությունը և նպատակը։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյան