Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լևոն Տեր-Պետրոսյանը, կարծես թե, պատահմամբ, վրիպում է, թե «Հայրենիքի փրկության շարժումը» Քոչարյանն էր ստեղծել. Վիկտոր Սողոմոնյան

Լևոն Տեր-Պետրոսյանը, կարծես թե, պատահմամբ, վրիպում է, թե «Հայրենիքի փրկության շարժումը» Քոչարյանն էր ստեղծել. Վիկտոր Սողոմոնյան
Քաղաքականություն
20:33, 05 май 2021
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ադրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ այօր արված առաջարկին: Սողոմոնյանը գրել է.

«Մենք միշտ սկզբունքորեն դեմ ենք եղել ոչ հրապարակային հանդիպումների մանրամասների միակողմանի բացահայտմանը։ Կոռեկտ չէ։ Հատկապես, երբ այդպիսի մանրամասներ պատմողը խեղաթյուրում է դրանց բովանդակությունը։
Ինչեւէ։

Մարտի 25-ին տեղի ունեցած` ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումը կայացել է Տեր-Պետրոսյանի առաջարկով։ Նախագահ Քոչարյանին հանդիպման առաջարկի մասին պատմել է Բակո Սահակյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ Տեր-Պետրոսյանն արտահերթ ընտրություններին համատեղ մասնակցելու գաղափար ունի։

Նախագահ Քոչարյանը մերժել է այդ գաղափարը, ինչի մասին Բակո Սահակյանը տեղեկացրել է Տեր-Պետրոսյանին։ Վերջինս, այնուամենայնիվ, առաջարկել է, որպեսզի հանդիպումը կայանա։ Եվ այն տեղի է ունեցել։

Հանդիպման ժամանակ իրոք քննարկում չի ծավալվել, քանի որ Ռոբերտ Քոչարյանը կրկին մերժել է խնդրո առարկա առաջարկը՝ պատճառաբանելով բարոյական նկատառումով, այն է՝ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում այլ ձևաչափով մասնակցելու մտադրություն ունի։ Բացի դրանից, այդ քայլը կհարվածի «Հայրենիքի փրկության շարժմանը»։

Սա է եղելությունը։

Կարող է թվալ, թե Տեր-Պետրոսյանն ամեն բան ճիշտ է ասել, ու ես ընդամենը կրկնում եմ նրա պատմությունը։ Բայց այդպես չէ. մասնավորապես, կարծես թե պատահմամբ, նա վրիպում է, թե «Հայրենիքի փրկության շարժումը» Նախագահ Քոչարյանն էր ստեղծել։

P.S. Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին միասին գնալու առաջարկությանը, ապա մենք արդեն ընտրել ենք մասնակցության այլ ձեւաչափ, որի մասին կհայտարարենք ամենամոտ ապագայում»։