Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՊՀ կապերը հնարավորություն են տալիս հաղթահարելու համավարակի ծանր ընթացքը առավել հաջող, քան աշխարհի շատ երկրներում. Պուտին

ԱՊՀ կապերը հնարավորություն են տալիս հաղթահարելու համավարակի ծանր ընթացքը առավել հաջող, քան աշխարհի շատ երկրներում. Պուտին
Քաղաքականություն
17:12, 28 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Սանկտ Պետերբուրգում ընթանում է ԱՊՀ անդամ պետությունների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացման խոսքում նախ շնորհավորեց անդամ պետություններին ԱՊՀ 30-ամյակի կապակցությամբ, այնուհետև շարունակեց.  «Սա ոչ սովորական հանդիպման ձևաչափ է, քանի որ մենք հիմնականում աշխատում ենք հեռավար տարբերակով, բայց քանի որ կա հանդիպման հնարավորություն, ապա պետք է այն օգտագործել: 
 
Մեզ մոտ վերջին տասնամյակում մեծածավալ փոփոխություններ են եղել՝ ինտեգրացիոն հարցերը շատ ուղղություններով խորացել են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ մեր պետությունների անվտանգության ապահովման և տնտեսական հարցերում: Դեռևս Սովետական Միությունից պահպանվող կապերը դրական դեր են խաղում: Այդ կապերից են ընդհանուր կոմունիկացիաները, ընդհանուր ձեռնարկությունները, որոնք աշխատում են որպես գործընկերներ, և այս ամենը ոչ միայն պահպանվել են, այլև ավելի նորովի են գործում»:   
 
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ այս կապերը հնարավորություն են տալիս հաղթահարելու համավարակի ծանր ընթացքը, որը ողջ աշխարհում ծանր ազդեցություն է ունենում տնտեսության վրա: «Մենք, պահպանելով անցյալից ժառանգած համագործակցային առավելությունները, առավել լավ ենք հաղթահարում համավարակով պայմանավորված դժվարությունները, քան շատ այլ երկրներ: Ռուսաստանը նպատակ ունի պահպանել այս հարաբերությունները նաև ապագայում»,- նշեց ՌԴ նախագահը:  

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ գլխավոր թեմաներից մեկը, հանուն որի հանդիպում են նախաձեռնել, համընդհանուր պայքարն է կորոնավիրուսի համավարկի դեմ. «Մեր գործընկերները համագործակցում են ամենօրյա ռեժիմով. դա վերաբերում է համատեղ գիտական գործունեությանը, դեղորայքային արտադրանքին, պրոֆիլակտիկ միջոցներին, թեստերի համակարգին և այլ միջոցներով այս համավարակի հաղթահարմանը: Եվ որպեսզի սկսենք մեր քննարկումը, ես հրավիրել եմ ՌԴ համաճարակային գլխավոր բժշկին, որը կներկայացնի իր տեսությունը, թե համավարակի ինչ փուլում ենք, ինչպիսին է մասնագետների մոտեցումը, ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել հաղթահարելու այս հիվանդությունը»: