Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանը չգիտեր՝ ինչ բան է Ցեղասպանությունը, բայց այն դիտարկում էր որպես սփյուռքից «փող կթելու» միջոց. Լևոն Տեր-Պետրոսյանի 2007-ի բացահայտումները՝ Քոչարյանի արտաքին քաղաքականության մասին

Քոչարյանը չգիտեր՝ ինչ բան է Ցեղասպանությունը, բայց  այն դիտարկում էր որպես սփյուռքից «փող կթելու» միջոց. Լևոն Տեր-Պետրոսյանի 2007-ի բացահայտումները՝ Քոչարյանի արտաքին քաղաքականության մասին
Քաղաքականություն
11:50, 20 январь 2022
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2007թ․ դեկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած իր ելույթում անդրադարձել էր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի՝ իրեն ուղղված մեղադրանքներին՝ «թուրքամետ», «թուրքերի հետ քիրվայություն անող»: Այդ ելույթում Տեր-Պետրոսյանը պատռել էր իր հաջորդի՝ Քոչարյանի դիմակը, որը, փաստորեն, Ցեղասպանության հարցը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքար դարձնելով, այն դիտարկում էր Սփյուռքից «փող կթելու» միջոց որպես՝ կրախի մատնելով եւ ձախողելով ՀՀ արտաքին քաղաքականությունը:  

Ընթերցողին ենք ներկայացնում ՀՀ առաջին նախագահի  ելույթից հատվածներ /ենթավերնագիր` «Հայոց ցեղասպանության վերաիմաստավորման անհրաժեշտության մասին»/:  

«...Ցեղասպանության ճանաչումը ես չեմ դրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում, դա համարելով անժամանակ ու վտանգավոր, ինչը կփորձեմ հիմնավորել քիչ հետո։ Ի տարբերություն ինձ, Հայաստանի երկրորդ նախագահը այդ հարցն անմիջապես դարձրեց հանրապետության արտաքին քաղաքականության անկյունաքարը եւ իշխանավարության առաջին իսկ օրվանից սկսեց հետեւողական քայլեր կատարել այդ ուղղությամբ։ Ո՞րն էր այս նոր քաղաքականության տրամաբանությունը։ Դա պարզաբանելու համար ես կրկին ստիպված եմ դիմելու հուշապատումի օգնությանը։ 1997 թվականին, երբ ես վարչապետ Քոչարյանին առաջարկեցի գլխավորել «Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համակարգման պետական խորհուրդը», նա հրաժարվեց՝ պատճառ բռնելով այն հանգամանքը, որ խորհրդի գործունեության ծրագրում բացակայում է Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կետը։ Երբ ես, «Հայաստան համահայկական հիմնադրամի» տնօրեն Մանուշակ Պետրոսյանի ներկայությամբ, խնդրեցի հիմնավորել իր տեսակետը, Քոչարյանն ասաց բառացիորեն հետեւյալը. «Ես չգիտեմ, թե ինչ բան է ցեղասպանությունը, բայց հաստատ գիտեմ, որ դա պետք է Սփյուռքին։ Եթե մենք մտցնենք այս կետը, ապա Սփյուռքը կոգեւորվի եւ ավելի մեծ նյութական օժանդակություն կցուցաբերի Հայաստանին։ Ավելին, եթե Հայաստանը պաշտոնապես ներկայացնի Ցեղասպանության ճանաչման պահանջը, ապա Թուրքիան տեղի կտա եւ մեկ տարուց կբացի հայ-թուրքական սահմանը։ Բացի այդ, նա ավելի անկողմնակալ դիրք կգրավի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում եւ այլեւս ջանասիրաբար չի պաշտպանի Ադրբեջանի դիրքորոշումը»։

1998 թվականի սեպտեմբերին Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրեց Ցեղասպանության ճանաչման հարցը, ինչը թեեւ պալատական ներբողագիրների կողմից գնահատվեց որպես աննախադեպ քաջագործություն, բայց այդպես էլ մնաց որպես մերկապարանոց եւ անհետեւանք հայտարարություն։ Եթե նշված ճղճիմ ու պրիմիտիվ քաղաքական հաշվարկներն էին ընկած Քոչարյանի որդեգրած դիրքորոշման հիմքում, ապա դա կարող է նշանակել միայն մեկ բան, այն է՝ տրորել, պղծել մեր ազգային մեծագույն ողբերգությունը, այն դարձնել անպարկեշտ սակարկությունների առարկա, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Հայաստանի նախագահի վերոհիշյալ կանխատեսումներից ոչ մեկը մինչեւ օրս այդպես էլ իրականություն չի դարձել։ Որ ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հնչեցումը սոսկ ներքին սպառման կարիքները բավարարելուն, այսինքն՝ հայության աչքում հերոս երեւալուն միտված տղայամտություն էր, պարզ է դառնում նրանից, որ Քոչարյանի հայտարարությանը չհետեւեց ոչ մի գործնական քայլ։ Ավելի լուրջ մտադրություններ ունենալու պարագայում՝ Քոչարյանն ու Օսկանյանը պարտավոր էին, ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված արարողակարգով, Ցեղասպանության ճանաչման նպատակով կոնկրետ գործընթաց սկսել, որի արդյունքը պիտի հանդիսանար այդ կազմակերպության կողմից ընդունված համապատասխան բանաձեւը։ Որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ, Հայաստանն ուներ այդ իրավունքը, բայց, չգիտես ինչու, չօգտվեց դրանից, բավարարվելով ընդամենը հարցի արծարծման պարզունակ իմիտացիայով։ ՄԱԿ-ը մամուլի ակումբ չէ, ուր գնում են հայտարարություններ անելու, այլ հեղինակավոր իրավա-քաղաքական ատյան, որտեղ պետությունները կոնկրետ հարցեր են լուծում։ Եւ ընդհանրապես, Հայաստանի ներկա իշխանությունները գործնական քաղաքականությունը չեն տարբերում հայտարարություններից ու հոխորտանքներից, մոռանալով, որ քաղաքականությունը ոչ թե խոսք է, այլ նախեւառաջ ու միայնումիայն՝ գործ։ Երբ ազդարարում են, որ Ղարաբաղը մերն է, նրանց թվում է, թե հարցն արդեն լուծված է։ Երբ պնդում են, որ Ղարս-Ախալքալաք երկաթուղին չպիտի կառուցվի, նրանք կարծում են, թե այդպես էլ պիտի լինի։ Երբ պահանջում են, որ ամերիկյան կոնգրեսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, համոզված են, որ այդ մարմինը պիտի կատարի իրենց պահանջը։ Երբ Թուրքիային թելադրում են բացել հայ-թուրքական սահմանը, կասկած չունեն, որ մեր հարեւանը պիտի ենթարկվի այդ թելադրանքին։ Երբ Ադրբեջանին հորդորում են զերծ մնալ միլիտարիստական ռիտորիկայից, մտածում են, որ վերջինս կանսա իրենց հորդորին։

Վերջին տասը տարում Հայաստանի արտաքին քաղաքականությունն, ահա, այսպիսի դատարկ, գավառական, անիմաստ հայտարարությունների մի շարան է։ Իշխանությունները չեն իսկ անդրադառնում, թե դրանով ինչպիսի ծիծաղելի վիճակի մեջ են դնում թե՛ իրենց, թե՛ մեր երկիրը։ Տպավորություն է ստեղծվում, թե նրանք պետությունը շփոթում են Ստեփանակերտի ԺԷԿ-ի կամ Բուրջ-Համմուդի թաղապետարանի հետ։ Երբ իրենց հայտարարությունների ձեռքը կրակն ընկած Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը հայտնվում են անհարմար վիճակներում, պատճառաբանում են, թե ճիշտ չեն հասկացվել, կամ իրենց խոսքերը սխալ են թարգմանվել։ Ո՞վ է երբեւէ, անհոդաբաշխ բարբաջանքներից ու հոխորտալից հայտարարություններից բացի, նրանց շուրթերից որեւէ կշռադատված, տրամաբանական վերլուծություն կամ ծրագրային ելույթ լսել արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների մասին։ Ե՞րբ են նրանք իրենց հստակ տեսակետը ներկայացրել արտաքին քաղաքականության այնպիսի կենսական եւ հրատապ հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են, ասենք, Ղարաբաղյան հակամարտության լուծումը, Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացման հաղթահարումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ թեկուզ Ցեղասպանության ճանաչման խնդրի հետապնդումը, որի նպատակը հայտնի չէ ո՛չ ժողովրդին, ո՛չ էլ նույնիսկ իրենց։

Ազնիվ լինելու դեպքում ներկա իշխանությունները պետք է ընդունեին, որ մեր արտաքին քաղաքականությունը վերջին տասը տարում լիակատար ձախողման կամ կրախի է մատնվել։ Ամերիկյան կոնգրեսից պահանջում էին ուժի մեջ թողնել Ադրբեջանի դեմ կիրառված պատժամիջոցներին վերաբերող 907 բանաձեւը, բայց կոնգրեսը չեղյալ հայտարարեց այն։ Նույն մարմնին պաշտոնապես կոչ էին անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ տեսանք, թե դա ինչ արդյունք ունեցավ։ Թուրքիային հորդորում էին մեզ հետ հարաբերությունները չպայմանավորել հայ-ադրբեջանական հակամարտության գործոնով ու բացել ընդհանուր սահմանը, սակայն ոչինչ չստացվեց։ Սկզբնապես Թուրքիայի առջեւ պայման էին դնում ճանաչել Ցեղասպանությունը, բայց հետո հրաժարվեցին դրանից, համաձայնելով՝ այդ երկրի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ Համաշխարհային հանրությանը թելադրում էին թույլ չտալ Ղարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը, բայց դա արդեն իրականություն է դառնում։ Ընդդիմանում էին Ախալքալաքում տեղակայված ռուսական բազայի դուրսբերմանը, սակայն այդ բազան այլեւս գոյություն չունի։ Հոխորտում էին, թե Հայաստանը դեռ 100 տարի էլ կարող է զարգանալ շրջափակման պայմաններում, բայց շարունակ բողոքում են շրջափակումներից։ Պնդում էին, որ հայերն ու ադրբեջանցիներն օրգանապես անհամատեղելի ազգեր են, բայց գիշեր-ցերեկ խոսում են հաշտությունից։ Հայտարարում էին, որ Ղարաբաղի հարցը մեզ համար արդեն լուծված է, բայց, չգիտես ինչու, չեն հրաժարվում բանակցություններից։ Փորձում էին խափանել ԵԱՀԿ գագաթնաժողովի անցկացումը Ստամբուլում, բայց գլխիկոր մասնակցեցին այդ գագաթնաժողովին, ու դեռ ավելին, ստորագրեցին նրա ընդունած հայտնի խարտիան, այդպիսով պետական մակարդակով ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մի խոսքով, դիվանագիտական խայտառակ պարտությունների մի ամբողջ շարան, որոնք խոստովանելու կամ նույնիսկ ըմբռնելու ունակությունը դուրս է Քոչարյանի եւ Օսկանյանի կարողության սահմաններից»։  

«Հայաստանի իշխանությունների՝ անմեղսունակության հասնող պահվածքն այս հարցում տարօրինակ է նաեւ մեկ այլ առումով։ Մի կողմից կեսբերան հայտարարելով, թե համաձայն են Թուրքիայի անդամակցությանը Եւրոմիությանը, մյուս կողմից նրանք, ինչպես տեսանք, անում են ամեն ինչ՝ դա վիժեցնելու համար։ Ինչո՞վ բացատրել այս երկակի խաղը։ Մի՞թե ակնհայտ չէ, որ Թուրքիայի անդամակցությունը Եւրոմիությանը՝ Հայաստանին ձեռնտու է բոլոր առումներով՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ ապահովական։ Ո՞րն է ավելի վտանգավոր՝ Եւրոմիության անդամ Թուրքիան, թե՞ Արեւմուտքից մերժված, հայացքը դեպի Արեւելք շրջած Թուրքիան։ Կամ ո՞րն է ավելի նախընտրելի՝ Արեւմուտքից մեկուսացած Հայաստանը, թե՞ Եւրոմիությանը սահմանակից Հայաստանը։ Մեր երկրի արտաքին քաղաքականությունը վաղուց պիտի պատասխանած լիներ այս պարզ հարցերին»։ 
 
«Ժամանակն է վերջապես հասկանալ, որ վերջնագրեր ներկայացնելով կամ անկյուն սեղմելով, ոչ ոք չի կարող Թուրքիային պարտադրել՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Բոլորովին չեմ կասկածում, որ Թուրքիան վաղ թե ուշ անելու է այդ բանը։ Բայց դա տեղի է ունենալու ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից առաջ, այլ մեր երկրների միջեւ բարիդրացիության, համագործակցության եւ վստահության մթնոլորտի ձեւավորումից հետո։ Հետեւաբար, զգացմունքները մի կողմ թողնելով, այդ հարաբերությունները պետք է կառուցել մեկնելով այն իրողությունից, որ 1915 թվականի իրադարձությունները Հայաստանը համարում է Ցեղասպանություն, իսկ Թուրքիան՝ ոչ։ Մեզ համար անընդունելի եւ վիրավորական է հայ եւ թուրք պատմաբանների հանձնախումբ ստեղծելու մասին արված հայտնի առաջարկը, քանի որ դա նախ՝ կասկածի տակ է դնում մեր համազգային համոզումը, եւ երկրորդ՝ բազմաթիվ երկրների խորհրդարանների կողմից Ցեղասպանության ճանաչման կայացած փաստն այլեւս ավելորդ ու ժամանակավրեպ է դարձնում նման հանձնախմբի ստեղծումը։

Այն ամենն, ինչ ասվեց Հայաստանի մասին, բոլորովին չի վերաբերում Սփյուռքին։ Ցեղասպանության ճանաչման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանն ունի իր ըմբռնումն ու օրակարգը, Սփյուռքն՝ իրենը։ Հայաստանը չի կարող եւ իրավունք չունի Սփյուռքին թելադրել իր ըմբռնումն ու օրակարգը»։