Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունն ընդունել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամներին. Պահանջում են Փարաքարում նոր ընտրություններ անցկացնել

Կառավարությունն ընդունել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամներին. Պահանջում են Փարաքարում նոր ընտրություններ անցկացնել
Քաղաքականություն
13:05, 20 январь 2022
Կառավարությունն ընդունել է «Ապրելու երկիր» կուսակցության 5 անդամներին։ Հայտնի չէ՝ ով է նրանց ընդունելու։

«Ապրելու երկիր» կուսակցության կողմից Փարաքար համայնքի ղեկավարի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը շենքի մոտ հայտարարեց՝ իրավական առումով մանդատները վայր դրված չեն։ Տեղեկացրեց միայն, որ դիմել են վարչական դատարան՝ կառավարության անգործության հիմքով և կառավարության կողմից իր պարտականությունների կատարման պահանջով։

«Ապրելու երկիր» խմբակցությունը, հունվարի երեքին դիմել է ՀՀ կառավարությանը Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և նոր ընտրություններ նշանակելու խնդրանքով՝ հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասը։ Օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետը լրացել է 2022թ հունվարի 3-ին։

Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ նոր ընտրություններով համայնքում ցնցումներ չեն լինի, համայնքի բնակիչներին չեն տանի նոր լարվածության։

«Շատ ավելի արդար կլինի, շատ ավելի ճիշը կլինի դա»,- ասաց Գրիգորյանն ու թիմակիցների հետ մուտք գործեց Կառավարության շենք՝ հանձնելու համայնքի 6000 բնակիչների ստորագրությունները, գրությունը՝ ուղված վարչապետի աշխատակազմի ղեկավարին ու նամակը փոխանցելու են կառավարության աշխատակազմին։