Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դիմել ենք դատարան՝ հարցին իրավական կարգավորում տալու նպատակով, գործելու եմ միայն օրենքի սահմաններում. Դավիթ Մինասյան․ ՀԺ

Դիմել ենք դատարան՝ հարցին իրավական կարգավորում տալու նպատակով, գործելու եմ միայն օրենքի սահմաններում. Դավիթ Մինասյան․ ՀԺ
Իրավունք
14:48, 23 декабрь 2021
Դեկտեմբրի 20-ին կայացած ավագանու առաջին նիստում ավագանու 21 անդամներից 11-ի ձայնով ես ընտրվել եմ Փարաքար համայնքի ղեկավար։

Ավագանու «Ապրելու երկիր» կուսակցության խմբակցությունը օրենքի խախտմամբ իրենց թեկնածուին ինքնահռչակել էր համայնքի ղեկավար՝ ավագանում լինելով փոքրամասնություն։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փարաքար համայնքի գործող համայնքապետ, ՔՊ-ի և  «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածու Դավիթ Մինասյանը՝ շարունակելով.

«Նրանց անօրինական գործողությունների հետ կապված մենք դիմել ենք դատարան հարցին իրավական կարգավորում տալու նպատակով, որի մասին  «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամները ծանուցված են։

Այսօր ժամը 10:00-ին պետք է կայանար իմ երդմնակալության արարողությունը։

Հաշվի առնելով, «Ապրելու երկիր» կուսակցության կողմից քաղաքական շահարկումները, միջհամայնքային լարվածություն հրահրելու գործողությունները, ես նպատակահարմար համարեցի ձեռնպահ մնալ երդմնակալության արարողության անցկացումից՝ տուրք չտալու համար «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական սադրանքներին, բացառելու համար որևէ բախման հնարավորություն՝ մեր բազմաբնակավայր համայնքի շրջանակներում և խնդիրը կարգավորել դատական կարգով։

ՀՀ-ում արդարադատությունն իրականացվում է միայն դատարանի կողմից։

Վերահաստատում եմ, որ ես գործելու եմ միմիայն օրինականության սահմաններում, բացառում եմ, որ Փարաքարում համայնքային կառավարումը կդառնա քաղաքական ուժերի կողմից դիվիդենտներ վաստակելու գործիք»:

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Արմավիրի մարզի Փարաքար համայնքում լարված իրավիճակ է:

ՀՀ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ կա 7 բերման ենթարկված՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար:

Այսօրվա դեպքերին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ Փարաքարում ավագանու անդրանիկ նիստին Մանե Թանդիլյանը և Մեսրոպ Առաքելյանն ապօրինաբար են ներկա եղել: Հիմա էլ «Ապրելու երկրի» ղեկավար կազմը գնացել է համայնքապետարան և ասում է՝ իշխանազավթում եք անում։

Նկատենք, որ ՔՊ-ի և «Դավիթ Մինասյան» դաշինքի պնդմամբ՝ «Ապրելու երկիրը» ընդմիջման պահին է արել համայնքապետի ընտրությունը, իրենք ներկա չեն եղել, իսկ 10 հոգանոց ավագանու նիստով արված նիստն օրինական չէ: «Ապրելու երկիրն» էլ հակառակն է պնդում, թե ներկա են եղել, և ամեն բան օրինական է:

Հիշեցնենք, որ այստեղ ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր երեք ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը ստացել է 48,94 տոկոս ձայն, երկրորդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 27,54 տոկոս ձայնով և երրորդը՝ «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 23,51 տոկոս ձայնով: Այսպիսով՝ ուժերից ոչ մեկը չէր հատել 50+ տոկոսի շեմը:

Աղբյուր՝ armtimes.com