Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագահի հրաժարականի հանգամանքների ամբողջական հրապարակայնացումը համարում ենք իշխանության՝ հանրության առաջ հաշվետվության պարտավորություն. Հանուն հանրապետության կուսակցություն

Նախագահի հրաժարականի հանգամանքների ամբողջական հրապարակայնացումը համարում ենք իշխանության՝ հանրության առաջ հաշվետվության պարտավորություն. Հանուն հանրապետության կուսակցություն
Քաղաքականություն
13:51, 24 январь 2022
Երեկ հրաժարական տվեց Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Ինչպես երևում է հրաժարականի տեքստից, Նախագահն իր սահմանադրական կարգավիճակն անբավարար է համարում սեփական անձնական և քաղաքական ներուժը երկրի բարօրությանն առավելագույնս ծառայեցնելու համար։

Միևնույն ժամանակ Նախագահի հրաժարականն առաջ է բերում մի շարք չպարզաբանված հարցեր, ինչը մտահոգիչ է հատկապես Հանրապետության արտաքին քաղաքական բազմաբարդ իրավիճակի համատեքստում։

 Մասնավորապես, հստակ չէ, թե ինչո՞վ է պայմանավորված Նախագահի հրաժարականը հենց այժմ, եւ որո՞նք են եղել այն խնդիրները, որ, ի վերջո, անհնարին են դարձրել Նախագահի հետագա պաշտոնավարումը։ 

Այս և նմանաբույթ մի շարք այլ հարցերի անպատասխան մնալը կրկին անգամ ի ցույց կդնի Հայաստանի հետանկախական ողջ շրջանի քաղաքական համակարգին բնորոշ հանրային հաշվետվողականության բացակայությունը, երբ կարևորագույն որոշումներն ընդունվում են «մեկ գիշերում», իսկ հանրությունը կանգնեցվում է փաստի առաջ։ Սույնով արձանագրում ենք, որ իրավիճակը քիչ է փոխվել անգամ հեղափոխությունից հետո։

Միով բանիվ, պաշտոնավարման գրեթե չորս տարվա ընթացքում Նախագահը փորձել է անել իր սահմանադրական սահմանափակ կարգավիճակից բխող հնարավորը Հանրապետության ներքին կայունությանն ու արտաքին մրցունակությանը նպաստելու համար։ Մասնավորապես, նշանակալից է եղել Նախագահի դերակատարումը 2018թ․-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունների ժամանակ ներքաղաքական լարված իրավիճակը բռնությունից զերծ պահելու, իշխանության խաղաղ փոխանցմանը նպաստելու և արտաքին քաղաքական բարենպաստ միջավայր ձևավորելու ուղղությամբ։

Նախագահը որոշակի դերակատարում է ունեցել նաև պետական իշխանության ինստիտուտների ներդաշնակ աշխատանքը խթանելու հարցում՝ նպաստելով խորհրդարանական կառավարման համակարգին բնորոշ քաղաքական պրակտիկայի սաղմնավորմանը։
Թերևս, սա այն առավելագույնն էր, որ ներկայիս կարգավիճակում կարող էր անել Նախագահը հեղափոխական և հետհեղափոխական Հայաստանում։ 

Ուստի, ամենայն հարգանքով վերաբերվելով Նախագահի այս քայլին՝ արժանին ենք մատուցում նրան՝ երկրի համար դժվարին շրջափուլում պետությանը բերած ծառայության համար։ Նախագահի հրաժարականից հետո խիստ կարևոր է համարժեք քաղաքական վերաբերմունք դրսևորել սահմանադրական այս կարևոր ինստիտուտի նկատմամբ։

 Մասնավորապես, Նախագահի նոր թեկնածուն պետք է ունենա հանրային և քաղաքական այնպիսի հեղինակություն, որ ունակ լինի հասարակությանը և քաղաքական համակարգին տանել իրական հաշտեցման և իր նպաստը բերել այս անցումային փուլում՝ նախքան սահմանադրական փոփոխությունները, համազգային ներուժի համախմբմանը և ներքին ու արտաքին մարտահրավերների ու վտանգների, մեր ինքնիշխանությանն ուղղված ուղղակի սպառնալիքների դիմագրավմանը։

Նոր Նախագահի և քաղաքական մեծամասնության միջև հարաբերությունները պետք է լինեն հնարավորինս ներդաշնակ՝ միտված երկրի ներսում հեղափոխության օրակարգի սպասարկմանը, իսկ արտաքին ճակատում՝ պետության ինքնիշխանության և անվտանգության առավելագույն պաշտպանությանը։ Գործող խորհրդարանական կառավարման համակարգում Նախագահի գործառույթները նշյալ ուղղություններով ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է դիտարկել, նախքան համալիր սահմանադրական փոփոխություններ իրականացնելը՝ Ազգային Ժողովի կողմից Նախագահի սահմանադրական լիազորությունների շրջանակի փոփոխության հարցը, ինչը թույլ կտա Նախագահին իր սահմանադրական կարգավիճակին համազոր լիազորություններ և համարժեք պատասխանատվություն ունենալ։ 

Անկախ այլևայլ շահերից և տարաձայնություններից՝ ներքին և արտաքին բարդագույն այս իրավիճակում կոչ ենք անում պետական բոլոր ինստիտուտներին ու քաղաքական բոլոր սուբյեկտներին առաջնորդվել բացառապես պետական և հանրային գերակա շահերով` միանշանակորեն ընդունելով, որ Նախագահի ինստիտուտն այստեղ պետք է ունենա իր ուրույն դերն ու նշանակությունը։
Հրաժարականի հանգամանքների ամբողջական հրապարակայնացումը համարում ենք իշխանության՝ հանրության առաջ հաշվետվության պարտավորություն, որը բխում է ՀՀ Սահմանադրությունից, ժողովրդավարության արժեքներից եւ սկզբունքներից։ Այդ հանգամանքներն ի հայտ գալուց Կուսակցությունն իր դիրքորոշմամբ հանդես կգա առանձին հայտարարությամբ։ 

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

24.01.2022