Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպես էր դեռ ՀՓՇ-ից ատելության խոսքով ու մեդիատեռորով խորհրդարան հասած Գեղամ Մանուկյանը լռում, երբ Սերժ Սարգսյանը նրան մեղադրում էր «գաղջ մթնոլորտ» ձեւավորելու, իսկ Քոչարյանին՝ ԶԼՄ-ներին ճնշելու մեջ

Ինչպես էր դեռ ՀՓՇ-ից ատելության խոսքով ու մեդիատեռորով խորհրդարան հասած Գեղամ Մանուկյանը լռում, երբ Սերժ Սարգսյանը նրան մեղադրում էր «գաղջ մթնոլորտ» ձեւավորելու, իսկ Քոչարյանին՝ ԶԼՄ-ներին ճնշելու մեջ
Քաղաքականություն
19:10, 24 январь 2022
Մամուլի, խոսքի ազատության, լրագրողների նկատմամբ տեռորի մասին խոսում են մարդիկ, ովքեր ժամանակին ամենաբարձր մակարդակով մեղադրվում էին երկրում «գաղջ մթնոլորտ» ձևավորելու մեջ: Այժմ էլ շարունակում են նույն ոգով՝ տիրապետելով ահռելի մեդիառեսուրսների, զբաղված են  գաղջ մթնոլորտը խորացնելով՝  այն զուգակցելով ադրբեջանական քարոզչության տիրաժավորմամբ,  ատելությամբ  գերդոզավորված խոսք սփռելով,  ինչն այլ բան, քան մեդիատեռոր անվանել հնարավոր չէ:  

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանն, օրինակ,  «Երկիր Մեդիա»-ով թողարկվող իր հեղինակային հաղորդումներից մեկով կիսվել է Ֆեյսբուքում, որին կից գրել է. «Շուշին ջրբաժան է։ Առանց նիկոլ Հայաստա՞ն, թե՞ նիկոլյան ադրբեջանացում...»: «Երկիր Մեդիա»-ի լրահոսի վերնագրերում արդեն սովորական են  դավաճան, ուրացող, հողատու, հայրենադավ, ազգադավ  բառերի համակցությամբ արտահայտությունները: «Գժի հետ չեն վիճում... Ո՞վ է ավելի ծիծաղելի հիմա։ Հողատու ալկոհոլիկը իր այսօրվա ու շարունակվող խենթություններո՞վ, թե՞ մենք, որ հիմա իրար հերթ չտալով քննարկում ենք որդու իբր գերության ուղարկելու ուղղակի նողկալի թատրոնը։ Արհամարհեք։ Իր ուզածն էլ դա է։ Հիմա անդադար հպարտանալու է որդու նոր «հերոսությունով» հանուր իր փրկության»: Այս «վայելչախոսության»  դասական օրինակն էլ Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումներից մեկն է: Հետաքրքիր է՝ եթե Գեղամ Մանուկյանը նման «զուսպ» և «կոռեկտ»  խոսքով հանդես գար Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի օրոք և նրանց հասցեին, ինչպիսի՞ տեռոր կհաջորդեր դրան: Բանը հաստատ կավարտվեր նման խոսք հնչեցնողի «էռոռ»ով:  

Հիշեցնենք, որ 2013 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսի ժամանակ «Երկիր Մեդիա»  հեռուստաընկերության քաղաքական ու լրատվական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը հարց բարձրացրեց, թե, ի վերջո, մինչև ե՞րբ է շարունակվելու աշխատաձևը՝ երբ կտրուկ հանձնարարություններ են լինում, մի քիչ դրա շուրջ ակտիվացում է լինում, հետո ամեն ինչ հանդարտվում է, ամեն ինչ գնում է նույն հունով: Նա որպես օրինակ բերեց նախագահի՝ հայտնի «ատկատների» շուրջ ելույթը, գոմեշի մսի գործը, որը մինչև վերջ բացահայտված չէ, մեկ-երկու հոգու հարց է, դեռ ավելին՝ բանտարկված մարդը նորից տենդեր է շահում ու այլ հարցեր: Սերժ Սարգսյանը ահա թե ինչպես արձագանքեց. «Կարծում եմ, ուղղակի մի քիչ գույները սևացնում եք: Ես չեմ կարծում, որ ընդհանրապես մեր երկրում փոփոխություններ չեն եղել: Եթե եղել են, ուրեմն որոշակի հանձնարարականներ կատարվել են, իսկ եթե չեն եղել, ես լավ չեմ հասկանում, այդ ինչպե՞ս է ստացվում, որ հեռուստաընկերություններից գոնե երկուսը ինչ ասես կարող են ՀՀ նախագահի, վարչապետի, բոլորի հասցեին ասել, ազատության աստիճանն այնքան մեծ է, որ դա ամենաանվտանգ զբաղմունքն է դարձել: Չգիտեմ, եթե այդ ոլորտում ոչինչ չի փոխվել, ապա ինչպե՞ս է ստացվում, որ Հանրապետության նախագահին գրպանահատ են անվանում, այս բառը հնչեցնող հեռուստաընկերության ներկայացուցիչը նստած է նախագահականում և հարց է ուղղում Հանրապետության նախագահին: Արդյո՞ք հինգ տարի առաջ, յոթ տարի առաջ, տասը տարի առաջ այդ բաները հնարավոր էին: Ես կարող եմ նաև տասնյակ այլ բաներ ասել»: 

Ավելորդ ենք համարում  Սերժ Սարգսյանի թափանցիկ ակնարկը պարզաբանելը՝ «հինգ տարի առաջ, յոթ տարի առաջ, տասը տարի առաջ»-ի մասով, քանի որ ինքը՝ նախկին նախագահն էլ քաջ գիտեր, որ Քոչարյանի օրոք երբ որևէ գործիչ, անկախ նրանից՝ քաղգործիչ էր, թե շարքային լրագրող, թթու կամ մռու խոսք էր հնչեցնում թիվ մեկ պաշտոնյայի հասցեին, ապա կա՛մ բանտ էր հրավիրվում, կամ էլ, մեծ  հավանականությամբ, ենթարկվում էր ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանի ձևակերպած «մշակմանը»՝ «դալաններում ծեծվելուն»: 

Սերժ Սարգսյանն այնուհետ, շարունակելով Գեղամ Մանուկյանին ուղղված պատասխանը, արտաբերել էր իր «կառոննի» խոսքը. «Ասածս հետևյալն է, Գեղա՛մ ջան, իրոք, որոշակի փոփոխություններ եղել են՝ ոչ այնքան արագ և ոչ այն չափերով, որ առաջին հերթին ես եմ ցանկանում, բայց, իրոք, մենք նաև դրականը պետք է տեսնենք: Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը մարդկանց մեջ չի, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը կաշառակերները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմները հանցագործները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտն է: Այդ գաղջ մթնոլորտը պետք է վերանա: Օգնեք, որպեսզի վերանա այս մթնոլորտը: Դա միայն իշխանությունների պատասխանատվության ոլորտում չի: Արտագաղթի համար առաջին պատասխանատուն իշխանությունն է, բայց միայն իշխանությունը չի… Արտագաղթի բուն պատճառը հենց այդ գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում: Ինչո՞ւ, որովհետև երկար տարիների ընթացքում առնվազն երկու հեռուստաընկերություն, տասնյակ տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներ խոսում են միայն վատ երևույթների մասին, միայն սևացնում են: ...Օգնեք, խնդրում եմ, բոլորիդ է վերաբերում, փոխենք այս մթնոլորտը»: 

Ի դեպ, երբ  Aravot.am-ը Մանուկյանից հետաքրքրվել էր՝ իրականում ՀՀ նախագահը նկատի ուներ «Երկիր մեդիա»-ի՞ն, իսկապե՞ս հեռուստաընկերության եթերում նախագահին գրպանահատ են անվանել, որից,  փաստորեն, Սարգսյանն այդպես խոցվել է, հարցի առաջին մասին Գ. Մանուկյանը պատասխանել էր՝ թող նախագահի մամուլի ծառայությունը մեկնաբանի, իսկ երկրորդ հատվածի առթիվ էլ ասել. «Երկիր մեդիա»-ի եթերում քաղաքական գործիչներից մեկը նման արտահայտություն է արել, ինչը թողնում եմ նրա բարոյական գնահատականին: «Երկիր մեդիա»-ն չի կարող ամեն հաղորդման հյուրի բերանը փակել, անգամ եթե համաձայն չլինենք նրա հայտարարությունների հետ ու դատապարտենք դրանք»: ՀՀ նախագահի ասուլիսին ընդհանուր գնահատական տալով էլ՝ Գ. Մանուկյանը, հավանաբար ազդվելով Սարգսյանի կշտամբանքից, կոռեկտության ու հեզության մաստեր կլաս էր ցույց տվել. «Անգամ եթե որոշ պատասխանների հետ համաձայն լինես կամ շատերի հետ համաձայն չլինես, նախագահը փորձեց հարցերին պատասխան տալ»: