Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Գաղջ մթնոլորտ» կամ՝ ինչպես էին լրագրողները բռնության ենթարկվում նախկին իշխանության հոգեվարքի օրերին

«Գաղջ մթնոլորտ» կամ՝ ինչպես էին լրագրողները բռնության ենթարկվում նախկին իշխանության հոգեվարքի օրերին
Հասարակություն
19:19, 21 январь 2022
Երբ Ազգային ժողովի ամբիոնից լրագրողների դեմ տեռորի մասին է խոսում դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը, այլ բան չի մնում, քան «խորհրդարան», «դաշնակցական», «լրագրող» «տեռորիստ», բառերը կոմբինացնելն ու Նաիրի Հունանյան անուն ազգանունին հանգելը: 

Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների, ազատ խոսքի նկատմամբ այլանդակ ոտնձգությունների եւ մամուլի հարուցած «գաղջ մթնոլորտի» մասին, ինչպես ասում են, կարելի է կիլոմետրերով գրել, բայց անդրադառնանք դրանցից ամենաթարմ դեպքերին, որոնք տեղի են ունեցել նախկին իշխանության հոգեվարքի օրերին՝ երբ ժողովուրդը «մերժում էր Սերժին»: Այդ օրերին, մասնավորապես  ապրիլի 20-ին,21-ին և 22-ին լրագրողների նկատմամբ բռնությունների ու մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերի մասին ահազանգել էին ու հայտարարությամբ էին հանդես եկել մի շարք ՀԿ-ներ՝ մասնավրապես արձանագրելով. «Ապրիլի 21-ի առավոտյան Երեւանի Նորքի 7-րդ զանգվածում Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների կողմից իրականացվող երթի ընթացքում ծագած հրմշտոցի արդյունքում վնասվել է Factor.TV-ի տեսախցիկը։ 

Արտաշատի մատույցներում բողոքի գործողությունները լուսաբանող «Ազատության» թղթակից Արուս Հակոբյանի վրա հարձակում գործեցին քաղաքացիական հագուստով անձինք, պատճառելով մարմնական վնասվածքներ: Միջադեպին ներկա ոստիկանները ոչինչ չարեցին՝ բռնությունը կանխելու համար:

Նույն օրը Ավան թաղամասում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առանձնատան մոտ հարձակման է ենթարկվել Սիվիլնեթի լրագրող Անի Գրիգորյանը: Քաղաքացիական հագուստով անձի դժգոհությունն էր առաջացրել լրագրողի հարցը, ինչով է պայմանավորված բողոքի ցույցերում չմասնակցող մարդկանց կուտակումը այդ վայրում: Ընդհանրապես պետք է արձանագրել, որ քաղաքացիական հագուստով մարդկանց կողմից բռնությունները ցուցարարների ու լրագրողների նկատմամբ բավականին տարածված երեւույթ են դառնում: Եւ ամենայն հավանականությամբ քաղաքապետի առանձատան մոտ հավաքվածները հենց այդպիսի խմբերից մենն էին:

Ապրիլի 21-ին Սիվիլնեթի եւս երկու լրագրող ընդհարումներ ունեցան ոստիկանների հետ: Թաթուլ Հակոբյանին ուժի կիրառմամբ խոչընդոտել են նկարահանումներ իրականացնել այն պահին, երբ ենթադրաբար փորձ էր արվել մեկուսացնել եւ բերման ենթարկել ԱԺ պատգամավոր ու «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: «Կարմիր բերետավորներից» մեկն էլ ուժեղ հարվածել է Ալինա Նիկողոսյանի մեջքին, երբ լրագրողը նկարահանում էր Մաշտոցի պողոտայի ու Ամիրյան փողոցի խաչմերուկում ցուցարարներին բերման ենթարկելը:

Նախորդ օրը Երևան-Աբովյան մայրուղու վրայից  բերման ենթարկվեց Sut.am կայքի լրագրող Տիրայր Մուրադյանը: Թեեւ նա կրում էր բեյջ եւ ներկայանում որպես լրագրող, նրան բռնի ուժով նստեցրեցին ոստիկանական մեքենա ու միայն որոշ ժամանակ անց վերադարձրեցին նույն վայր, որտեղից տարել էին ։

Նոր Նորքի խաչմերուկում ցուցարաների նկատմամբ բռնություն կիրառող քաղաքացիական հագուստով անձանցից մեկը, տեսնելով, որ lragir.am֊ի լրագրող Թեհմինե Ենոքյանը նկարահանում է իրենց գործողությունները հարվածեց նրա գլխին: Իսկ այնտեղ հայտնված կանանցից մեկը քաշեց մազերից, իսկ մյուսը`պոկեց պայուսակի քուղը: Ըստ, Թեհմինե Ենոքյանի, ականատես քաղաքացիներն ասացին, որ բռնություն կիրառողները մինչ այդ ներկայացել էին որպես թաղապետարանի աշխատակիցներ, որոնք սերտ շփվում են ավելի ուշ ժամանած ոստիկանների հետ:

Մաշտոցի պուրակի մոտակայքում, երբ ցուցարարներն Ամիրյան փողոցից շարժվել էին դեպի Մաշտոցի պողոտա, ոստիկանները փորձեցին բերման ենթարկել ցուցարաների դեմ իրենց գործողությունները լուսաբանող News.am-ի եւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներին: Թեպետ, և այս, եւ նախորդ նկարագրված դեպքերում, ըստ լրագրողների, նրանց շփոթել էին ցուցարարների հետ: Բռնությունները լրագրողների նկատմամբ շարունակվել են նաև ապրիլի 22-ին։

Գիշերը Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատության» ծրագրի թողարկիչ Անատոլի Եղիազարյանին։

«Ազատության» փոխանցմամբ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ, աշխատանքից տուն վերադարձող Եղիզարյանը փորձել է հեռախոսով նկարահանել, թե ինչպես են մոտ հինգ տասնյակ ոստիկաններ փորձում ուժ գործադրելով ցրել հրապարակը արգելափակած մեքենաների ցույցը։ Նկատելով, որ իրենց գործողությունները նկարահանվում են 6-7 ոստիկաններ հարձակվել են Եղիազարյանի վրա՝ չնայած նա կրելիս է եղել «Ազատության» ծառայողական վկայականը և այն հստակ ցուցադրել է, մի քանի անգամ զգուշացրել, որ «Ազատություն» ռադիոկայանից է։

«Ռադիոլուրի» թղթակից Լիանա Եղիազարյանը Արցախ-Էրեբունի խաչմերուկում ցուցարարների դեմ գործողությունների ընթացքում հատուկ միջոցների կիրառումից վնասվածք է ստացել։ Ըստ Armradio.am կայքի տեղեկության, նա կարողացել է հասնել հանրային ռադիոյի շենք, որտեղ և շտապօգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել՝ խորհուրդ տալով գնալ հիվանդանոց։

Այդ նույն խաչմերուկում ոստիկանների կողմից հատուկ միջոցների օգտագործման արդյունքում վնասվածքներ ստացան «ԳԱԼԱ» հեռուստաընկերության օպերատորներ Համբարծում Պապոյանը եւ Արմեն Պետրոսյանը: Վերջինի նկատմամբ ոստիկանները նաեւ բռնություններ են կիրառել: Դեպքի վայրից նրան ուշաթափ վիճակում քաղաքացիները առաջին օգնություն են ցույց տվել եւ շտապբուժօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց:

Shantnews.am-ի թղթակից Արտակ Խուլյանը, որը Էրեբունի համայնքում լուսաբանում էր բողոքի ակցիաները, հաղորդել է, որ իրեն հարվածել են քարերով, հետո էլեկտրահարել:

Երևանի Հանրապետության հրապարակում սև դիմակով ոստիկանը շպրտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նաիրա Բուլղադարյանի տեսախցիկը՝ թույլ չտալով նրան նկարահանում իրականացնել։ Ուղիղ եթերում պարզ երևում էին այն կադրերը, թե ինչպես էին ոստիկանները վազում և այդ ընթացքում լրագրողի տեսախցիկը հայտնվում է գետնին՝ կադրեր գրանցելով։ Լրագրողի հարցերին ի պատասխան Օսիպյանը ասել է․ «Ոստիկանները հատուկ գործողություն են իրականացնում, այնպիսի հատվածում եղեք, որ կամերաները չվնասվեն»։

Ոստիկանների կողմից խոչընդոտվել է նաև Media.am-ի լրագրող Գայանե Ասրյանի աշխատանքը։ Էրեբունի-Արցախ փողոցների խաչմերուկում ցուցարարների ու ոստիկանների բախման ժամանակ նա հարված է ստացել սև դիմակով ոստիկանից։

Նա ականատես է եղել նրան, որ ցուցարարների վրա ոստիկանները լուսային նռնակներ էին շպրտում, ծեծում ու հրում նրանց։
Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին, արձանագրել լրագրողների նկատմամբ բոլոր ոտնձգությունները և վերահաստատում ենք մեր պահանջը դադարեցնել բռնությոնները և պատժել մեղավորներին»։

Հայտարարության ստորագրած ՀԿ-ներն են

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺ» ՀԿ

Նախկին իշխանությունների օրոք լրագրողների նկատմամբ կիրառված բռնության այլ դեպքերի մասին՝ հաջորդիվ: