Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կթողնի՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիվ դրսևորումները․ Արարատ Միրզոյան. Տեսանյութ

Արդյոք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կզսպի Ադրբեջանին հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար ագրեսիա չիրականացնելու հարցում։ Civic.am-ն այսօր՝ փետրվարի 3-ին նաև այս հարցն ուղղեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Ընդհանրապես չլուծված խնդիրների լուծումը, հարաբերությունների կարգավորումը կարծում եմ դրական ազդեցություն կթողնի ողջ տարածաշրջանի վրա, բոլոր զուգահեռ ընթացող գործընթացների վրա։ Եվ որքան էլ արժի երևույթներն առանձին դիտարկել, այնուամենայնիվ, իհարկե, փոխկապակցվածություն կարող է լինել»,- պատասխանեց ՀՀ արտաքին գործերի նախարարը։ 

Ինչ վերաբերում է մեր այն հարցին՝ Դուք նշել էիք, որ Ադրբեջանը փորձում է սահմանափակել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի այցերը Լեռնային Ղարաբաղ՝ հայկական կողմն ինչ քայլեր է ձեռնարկում դրա դեմ՝ Արարատ Միրզոյանն արձագանքեց․ «Մենք շատ ինտեսնիվ քննարկումների մեջ ենք և Կարմիր խաչի, և միջազգային մյուս կազմակերպությունների հետ»։  

ՀՀ ԱԳ նախարարը անդրադառնալով լրագրողների հարցին՝ Հայաստանը առաջարկներ էր ներկայացրել Բաքվին՝ հայելային հետքաշման հետ կապված, որպեսզի իրականան սահմանազատումն ու սահմանագծումը, սակայան դրական ազդակներ չկան։ Այսինքն չի՞ իրականանալու այդ գործընթացը՝ պատասխանեց․ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հետաքրքրված ենք և շահագրգռված ենք սահմանազատման գործընթացով և եթե կհիշեք Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահը Սոչիում, ինչպես և նախկինում պայմանավորվել են և հայտարարվել է Սոչիում, որ կողմերը քայլեր կձեռնարկեն տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Եթե բառացի ասեմ՝ գործը կտանեն, կհանգեցնեն դելիմիտացիայի հանձնաժողովի ստեղծմանը։ Մենք 100 տոկոսով հավատարիմ ենք այս հայտարարությանը, այս պարտավորությանը, որը ստանձնել ենք։ Այժմ ադրբեջանական և ռուսական կողմի հետ քննարկում ենք այն անվտանգության միջոցները, որոնք մեր կարծիքով անվտանգության և կայունության մեխանիզմներ կստեղծեն սահմանագծին։ Նախկինում էլ տարբեր առաջարկներ ենք ներկայացրել՝ սովորական բանակցային գործընթաց է հիմա։ Կոնկրետ այդ առաջարկների նկատմամբ բացասական արձագանք է եղել Բաքվից, բայց սա շարունակական պրոցես է, որովհետև եղել են առաջարկներ, որոնք մեզ համար են անընդունելի եղել»։ 

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում