Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այլևս ակնհայտ է՝ ոչ ընտրական եղանակով իշխանափոխություն կարող են անել միայն «Հոկտեմբերի 27-2» սցենարով

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման իր պատկերացումները։ Ըստ ձեզ՝ ի՞նչ տողատակեր էր պարունակում Հայաստանի առաջին նախագահի հայտարարությունը․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց․ «Հայաստանի առաջին նախագահի հայտարարությունը, միանշանակ, իրավիճակային չէր, և իր արմատներն ունի նաև անցյալից։ Այստեղ ես, պարզապես, կասկած չունեմ։ Ինչ վերաբերվում է քաղաքական իրավիճակին տված նրա գնահատականին, ապա այդ գնահատականը որևէ քննադատության չի դիմանում, որովհետև այն հիմնված է այն կանխավարկածի վրա, որ Փաշինյանը կառչած է աթոռին։ Փաշինյանը կառչած չէ աթոռից։

Եթե կառչելու մասին խոսենք, ապա հանրությունն է կառչել իր այն նվաճումներին, որին նա հասել է 2018 թվականի հեղափոխությամբ։ Այ դրանից հանրությունը կառչել է։ Ըստ այդմ, ոչ թե Փաշինյանն է որոշելու, կամ Տեր-Պետրոսյանը, կամ ես, կամ դուք՝ Փաշինյանը գնալու է, թե ոչ, այլ դա որոշելու է հանրությունը, որին մեկ ձև գոյություն ունի։ Դա հերթական կամ արտահերթ համապետական ընտրություններն են, որով որոշվում է, թե ով է մնում, ով է գնում, ով է հեռանում և ով է մոտենում։ Եվ որևէ մեկին տրված չէ դրա փոխարեն ինչ-որ պնդումներ անել և վերջնական դատավճռի կարգավիճակով ինչ-որ բաներ պարտադրել հանրությանը։
Այլևս ակնհայտ է, որ ոչ ընտրական եղանակներով Հայաստանում իշխանությունը կարելի է փոխել միայն մեկ ձևով՝ «Հոկտեմբեր 27-2» իրականացնելով։ Այսինքն՝ Հայաստանում ևս մեկ ահաբեկչական ակտ իրականացնելով»։