Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քչերն են Ռուսաստանի ռազմական հաղթանակին կասկածում․ ՌԴ-ի անհաջողութունը շղթայական ռեակցիայի նման կարող է տարածվել բուն ՌԴ-ի և նախկին ԽՍՀՄ տարածքում․ Վահրամ Աթանեսյան

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ Civic.am-ը զրուցել է ռուս-ուկրաինական պատերազմի, մեր տարածաշրջանում և հայ-ադրբեջանական հարաբերություններում դրա հետևանքների մասին։  

Ներկա պահին ի՞նչ ելք է տեսանելի ռուս-ուկրաինական պատերազմի համար՝ հարցին Վահրամ Աթանեսյանը պատասխանեց. «Ես երեկ տպավորություն ունեի, որ այսօր կամ վաղը ուկրաինական կողմը կընդունի Ռուսաստանի պայմանները զինադադարի մասին և կսկսեն բուն քաղաքական բանակցությունները, բայց, ըստ երևույթին, ես իմ կանխատեսման մեջ մի փոքր սխալվել եմ։ Համենայնդեպս, եթե ընդհանուր ասելու լինենք, ապա շատ քչերն են Ռուսաստանի ռազմական հաղթանակին կասկածում։ Հաջորդիվ՝ քաղաքական կարգավորումը ո՞րն է լինելու, սա խնդիր է»։

Խոսելով այն մասին, թե ռուս-ուկրաինական պատերազմն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա, Վահրամ Աթանեսյանն ասաց, որ Ռուսաստանի անհաջողութունը շղթայական ռեակցիայի նման տարածվելու է հենց բուն Ռուսաստանի և նախկին խորհրդային միության տարածքում։ 

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, Վահրամ Աթանեսյանն ասաց․ «Ալիևի այն ուղերձը, որ Մակրոնին հղել էր Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ, ժեստ է, որ Ադրբեջանը, համենայնդեպս, քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվելու ուղեգիծ ունի, որովհետև այնտեղ մի ակնարկ կա, որ Ադրբեջանն անկախ է և վարում է անկախ արտաքին քաղաքականություն։ Ալիևը Ռուսաստանից տարանջատվելու խնդիր ունի այս պահին, որ ինքը Ռուսաստանի հետ չէ, որ ինքը խաղաղության կողմնակից է, իհարկե, դա արտաքին քարոզչություն է, բայց, մենք չպետք է մինչև վերջ ասենք, որ այն ինչ որ Ադրբեջանի նախագահն է, ասում՝ մեզ համար անընդունելի է։ Ընդհակառակը, այն նյուանսները, որ կային Ֆրանսիայի նախագահին ուղղված Ադրբեջանի նախագահի ուղերձում, ընկալելի են, եթե նկատի ունենաք, որ վաղը չէ մյուս օրը ՀՀ վարչապետը պետք է Փարիզում մասնակցի Ֆրանսիայի նախագահի կազմակերպած միջոցառմանը»,- ասաց Վահրամ Աթանեսյանը։

Ի հավելումն Վահրամ Աթանեսյանն ասաց, որ ռուս-ուկրաինական պատերազմը պետք է մեզ համար դիվանագիտական ճեղքման հնարավորություն բացի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Թադևոսյան